Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿՅԱՆՔԸ
ԿՐԿԻՆ Է ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ

Սեպտեմբեր 23,2004 00:00

ՀՅԴ
ղեկավարությունը անցած շաբաթ հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ ամենայնի,
այդ հանդիպումից հետո Դաշնակցության լիդերները վերանայել են «կոշտ» հայտարարություն
անելու իրենց նախնական մտադրությունը։
Երեկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցից նման տպավորություն ստացանք։ Սեպտեմբերի վերջին, ինչպես եւ խոստացել էին, ՀՅԴ ներկայացուցիչները մամուլի ասուլիս կհրավիրեն եւ կներկայացնեն իրենց առաջարկությունների փաթեթը։ Եթե նախնական տարբերակով այդ առաջարկությունները դրվելու էին նախագահի սեղանին, հիմա դրանք հնչելու են ասուլիսում։ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ՝ այս պահին ասուլիսի հիմնական նյութը դժվար է ներկայացնել. «Մեկ տարուց ավելի Հայաստանում կառավարման այս համակարգն է, եւ Դաշնակցությունն այս իմիջով առաջին անգամն է գործում։ Ճիշտ կլինի, որ ի մի բերենք անցած ընթացքը, վեր հանենք այն թերությունները, որ տեսնում ենք այս ընթացքում, եւ ներկայացնենք մեր առաջարկությունները։ Մեր հիմնական խնդիրն է իրական փոփոխություններ կատարել մեր ընթացքի մեջ։ Մենք համարում ենք, որ զարգացում կա, բայց համարում ենք նաեւ, որ դինամիկան պետք է փոխվի եւ երկրի զարգացման ընթացքն արագացվի»։ «Առավոտը» նկատեց, որ կոալիցիան ունի զարգացման իր ծրագիրը, որով արդեն մեկ տարուց ավելի գործում է. արդյոք Դաշնակցությունը պատրաստվում է սեփակա՞ն նախաձեռնությամբ փոխել կոալիցիայի ծրագիրը: Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ՝ արդեն ընդունված որոշակի ծրագրեր փոփոխելու խնդիր չի դրված, այլ այդ ծրագրերի արդյունավետությունը մեծացնելու խնդիր կա. «Անցած ներքաղաքական լարվածության փուլում կոալիցիան հանդես եկավ երկխոսության միջոցով լարվածությունը հաղթահարելու առաջարկով։ Կարծում եմ՝ չպետք է համարել, որ ամեն ինչ անցավ-գնաց եւ դրանից հետեւություններ պետք չէ անել։ Մենք հակված ենք, ընդհակառակը, հաստատել, որ այդ ժամանակահատվածում բարձրացվել են կարեւորագույն հարցեր, եւ հասարակությունը այդ ընթացքում ավելի ակտիվ փուլի մեջ մտնելով՝ նույնպես արձագանքել է տեղի ունեցող իրադարձություններին, եւ մենք այսօր անհրաժեշտություն ենք տեսնում հասարակական այդ պահանջը եւս մեկ անգամ ֆիքսել եւ դրա լուծման արդյունավետ եղանակներ առաջարկել»։ Նա նաեւ վստահ է հետեւյալում. «Իշխանությունը պարտավոր է բարձրացրած հարցերին տեր կանգնել եւ այդ հարցերը դարձնել իր ամենօրյա հոգածության եւ քննարկման խնդիր։ Այս առումով մենք մեր մոտեցումները բաժանել ենք երկու հիմնական խնդրի։ Առաջին խումբը այն խնդիրներն են, որոնք կապված կլինեն վերը նշված հարցերի հետ, նաեւ՝ օրենսդրական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին։ Հիմնականում ավելի շատ կենտրոնանալու ենք հակակոռուպցիոն փաթեթի վրա, եւ այդ առումով կարծում ենք, որ որոշակի հաստատումներ կատարելու պահն է հասել։ Որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը թիվ մեկ խնդիրն է, եւ այն կարող է էապես փոխել իրավիճակը, բեկում մտցնել եւ առաջընթացի համար լուրջ նախադրյալներ ստեղծել»։

Հարցերի երկրորդ խմբում կխոսվեն օրենքների կիրառման եւ կադրային քաղաքականության մասին։ Սակայն ի հիասթափություն ամենքիս, Դաշնակցությունը կրկին չի պատրաստվում անուններ հրապարակել։ Արմեն Ռուստամյանը նախ ներկայացրեց սկզբունքը. «Մենք այդքան հույս չունենք անհատ անձի պարկեշտության, բարոյական բարձր չափանիշների վրա։ Մտածել, որ կգա մեկը, որը կատարյալ է եւ իր տեղում իսկապես անթերի կաշխատի, այդպես չէ։ Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ եթե չկա համակարգ, որը ստիպում է նրան այդպես աշխատել, ապա մարդը չի աշխատի։ Ուրեմն՝ մեր հիմնական առաջարկությունները լինելու են կադրային քաղաքականության մեջ եղած որոշակի արատավոր դրսեւորումները հաստատել եւ դրանց լուծման որոշակի առաջարկներ ներկայացնել։ Հիմնական հարցը հետեւյալն է՝ ինչո՞վ պետք է պայմանավորված լինի կադրի աշխատանքի շարունակությունը, այսինքն՝ ինչպե՞ս պիտի որոշվի՝ կադրը լա՞վ է աշխատում, թե՞ վատ։ Այս չափանիշները մեզանում խախտված են։ Ե՞րբ պետք է հստակ ասվի, որ այսինչ ոլորտում գործերը ձախողված են։ Սովորաբար մեզանում պաշտոնանկ են անում այլ պատճառներով։ Որոշակի չափանիշներ պետք է մտցվեն։ Պետք է հստակեցվի պատասխանատվության եւ պարտավորությունների համապատասխանությունը»։ Իսկ Դաշնակցությունն արդեն գիտի՞, թե որ ոլորտներում է գործը ձախողված, եւ դրա մասին խոսք լինելո՞ւ է. «Կան ընդհանուր գնահատումներ, եւ մենք կփորձենք որոշակի կոնկրետություններ ներկայացնել»։ «Առավոտը» նկատեց, որ այդ «կոնկրետությունը» հավանաբար կվերաբերվի ՀՀԿ-ի կամ ՕԵԿ-ի պաշտոնյաներին եւ ոչ թե իրենց՝ դաշնակցականներին. «Մեր ու ձերի հարց չենք դնելու. կադրային քաղաքականություն իրականացնելը պետք է սկզբունք դառնա։ Այստեղ, կարծում եմ, շատ տարաձայնություններ չպիտի ունենանք մեր կոլեգաների հետ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։ Արմեն Ռուստամյանն ասաց, թե ամսվա վերջին սպասվելիք ասուլիսում Դաշնակցությունը խնդիր չի հետապնդում ներկայացնել, թե դաշնակցական պաշտոնյաները լավ են աշխատում, մյուսները՝ վատ. «Մենք ուզում ենք երկրի զարգացման ընթացքը համահունչ դարձնել այսօրվա միջազգային փորձին»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել