Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՎ

Հոկտեմբեր 01,2004 00:00

ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՎ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստում որոշվել է ուսումնասիրել տեղեկատվության ազատության սահմանափակման դեպքերը: Մանրամասնում է ՀՀ նախագահի խորհրդական ու Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար Բագրատ Եսայանը: Պաշտոնապես հայտարարված օրակարգային հարցերից բացի՝ խորհրդի սեպտեմբերի 24-ի նիստում քննարկվել են խնդիրներ, որոնց առիթը լրատվամիջոցների իրավունքների խախտումներն ու սահմանափակումներն են: «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստում հատուկ քննարկման արժանացավ մի հարց, որ առնչվում է մամուլին,- ասաց Բագրատ Եսայանը:- Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ խոչընդոտվում են զանգվածային լրատվամիջոցների եւ առանձին լրագրողների գործունեությունը՝ իրենց մասնագիտական պարտականությունը կատարելու ընթացքում: Ինչպես նաեւ՝ արձանագրվել են դեպքեր, երբ խախտվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը եւ սահմանափակվում հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը»: Խնդրեցինք որոշակիացնել՝ արդյոք որպես այդ օրենքի խախտում չի դիտարկվե՞լ այն, որ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը անգամ դատարանների միջոցով չկարողացավ հասնել նրան, որ Երեւանի քաղաքապետարանը տրամադրի որոշումները օպերայի տարածքում հողհատկացումների վերաբերյալ: «Այդ հարցի մասին արդեն կա դատարանի որոշում, ուստի չեմ մեկնաբանի,- պատասխանեց պրն Եսայանը:- Իմ համոզմամբ, այնուամենայնիվ, պետական մարմինների կողմից կան նման սահմանափակումների դեպքեր: Իսկ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրում որպես հիմնարար սկզբունք է արձանագրված հրապարակայնության եւ թափանցիկության ապահովումը: Եվ խորհուրդն այս կապակցությամբ քննության առավ արձանագրված դեպքերը եւ կայացրեց ընդհանուր որոշում՝ հանձնարարել մոնիտորինգի հանձնաժողովին կազմավորել մի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի նշված դեպքերը եւ պարբերաբար զեկույց կներկայացնի խորհրդին, թե պետական ո՛ր մարմինների կողմից է խախտվում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Ինչպես նաեւ՝ հատուկ պիտի ներկայացվեն այն դեպքերը, երբ կխախտվի «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքը»: Նշենք, որ առայժմ որոշակի չէ, թե ովքեր են մաս կազմելու այս աշխատանքային խմբին. «Հարցը քննարկվելու է մոնիտորինգի հանձնաժողովում: Առաջարկելու եմ, որ խմբում ընդգրկվեն հիմնականում հենց լրատվամիջոցների եւ լրագրողական միությունների ներկայացուցիչները, քանի որ իբրեւ «շահառուներ»՝ նրանց ավելի մոտ է այս աշխատանքի ոլորտը»: Հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնեց, թե դեռեւս որեւէ կազմակերպության առաջարկ չի ներկայացվել, քանի որ հստակ չէ սկզբունքը՝ ովքեր են ներգրավվելու այս աշխատանքային խմբում: «Կարծում եմ նաեւ, որ գործադիր իշխանության ղեկավարը՝ ՀՀ վարչապետը, հատուկ կհանձնարարի գերատեսչությունների ղեկավարներին, որ ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը»,- հույս հայտնեց պրն Եսայանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե խորհրդի կազմում ներկայացված գերատեսչությունների ներկայացուցիչներն ինչպե՞ս են արձագանքել այս նախաձեռնությանը. «Երկու կարծիք չկար, թե հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքները պետք է անշեղորեն պահպանվեն, եւ նման դեպքերն անթույլատրելի ու անընդունելի են»: Խորհրդի վերջին նիստի օրակարգում սա միակ ուշագրավ հարցը չէ՝ քննարկվել է նաեւ մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքային խմբերի խնդիրը: «Այստեղ էլ ենք կարեւորում հենց շահառուների՝ հասարակական կազմակերպությունների ներգրավումը հակակոռուպցիոն պայքարին: Սա էլ է հիմնարար սկզբունք, որ արձանագրված է մեր ռազմավարական ծրագրում,- ասաց Բագրատ Եսայանը՝ ուշադրություն հրավիրելով, որ մոնիտորինգի հանձնաժողովում արդեն իսկ ներգրավված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:- Սակայն նախատեսում ենք 8 ուղղություններով՝ ֆինանսական վերահսկողության, իրավապահ, առողջապահական, կրթության, բնապահպանական, տրանսպորտի եւ կապի, տնտեսական մրցակցության պաշտպանության, հակամենաշնորհային եւ շահերի բախման կամ կանխարգելման համակարգերում, նաեւ՝ միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունների կատարման ոլորտում ստեղծել աշխատանքային խմբեր: Սրանք այն ոլորտներն են, որտեղ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի միջոցառումների ցանկով նախատեսել ենք հստակ միջոցառումներ: Նաեւ Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության՝ մեզ արդեն իսկ ներկայացված երաշխավորությունների ցանկում կան այս ոլորտներում երաշխավորություններ, որոնք ենթակա են կատարման: Աշխատանքային խմբերը պետք է հետեւեն, թե ինչպես են իրականացվում այդ միջոցառումները, մոնիտորինգի ենթարկեն դրանց արդյունավետությունը եւ միջազգային պարտավորությունների կատարումը»: Աշխատանքային խմբերը կձեւավորվեն մեկամսյա ժամկետում: Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահն ընդգծեց. «Դրանց կազմում ընդգրկվել ցանկացող հասարակական կազմակերպությունները կամ ԶԼՄ-ները կարող են դիմել մեր գրասենյակ ու նաեւ նշել, թե որ խմբում են իրենք ցանկանում աշխատել»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել