Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐ ՏԵՂԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆՔ»

Նոյեմբեր 06,2004 00:00

Հուշագրին
հղում անելով՝ ասում է Արմեն Ռուստամյանը Հայտնի է, որ Հայաստանում իշխող
կոալիցիան չորս կողմ ունի՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, սակայն հայտնի
է նաեւ, որ այս ուժերից միայն Դաշնակցությունն է հայտարարություններ անում կոալիցիայից
դուրս գալու հավանականության մասին: Թե ինչո՞ւ է այդպես, Դաշնակցությունը չի մանրամասնում:
Սակայն երեկ, երբ հերթական անգամ փորձեցինք ճշտել՝ ի՞նչ նպատակով է ավանդական կուսակցությունը
նման հայտարարություններ անում, արդյո՞ք գործընկերներին «վախեցնելու» համար, պարզվեց,
որ Դաշնակցությունը չի մտածում ինչ-որ մեկին վախեցնելու մասին, մյուս կողմից՝ կոալիցիոն
գործընկերներն էլ իրենց հերթին չեն մտածում «վախենալ», ընդհակառակը՝ ջղայնանում են
նրանց՝ դաշնակցական նմանատիպ պահվածքից՝ «էհ, դուրս են գալիս՝ թող դուրս գան»,- օրերս
ձեռքը թափ տալով՝ ասաց մի հայտնի Հանրապետական: ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյանին երեկ հարցրինք՝ հիմա էլ «Ընտրական օրենսգրքի» շուրջ է փորձ արվում
օղակը սեղմել, եւ հայտարարություն է արվում, որ այն փորձաքար կարող է դառնալ. հնարավո՞ր
է այս անգամ իսկապես դուրս գալու մասին սպառնալիքն իրականություն դառնա: Արմեն Ռուստամյանն
ասաց, որ Օրենսգիրքը մասնավոր վեճ է, բայց Գերագույն ժողովը ունի որոշում՝ ոչ մի
քայլ չնահանջել կոալիցիայի Հուշագրից. «Եվ սա կարող է պատճառներից մեկը դառնալ կոալիցիայում
լինել-չլինելու հարցի քննարկման: Մենք երկու պատճառ ենք դրել, որով կարող ենք վերանայել
մեր մասնակցությունը կոալիցիոն կառավարությանը: Մեկը նպատակներից շեղվելն է, մյուսը՝
այդ նպատակների իրականացման պայմանների չկատարելը: Հուշագրում կան առաջնահերթություններ,
այդ առաջնահերթությունների թեկուզ մեկ կետից շեղումը նշանակում է շեղում ընդհանուր
նպատակներից եւ պայմաններից: Երբ հարցը հանգեց համամասնության եւ մեծամասնության
խնդրին, մենք հիշեցրինք, որ Հուշագիրը շատ հստակ սահմանում է, որ ընտրական համակարգը
պետք է բարեփոխվի կուսակցությունների դերի մեծացման ուղղությամբ: Սա արդեն որոշակի
սահման դնում է, եւ եթե դա չպահպանվի, կնշանակի մեկ կետի կոպիտ խախտում: Մենք հենց
այդպես էլ հարցը դրել ենք: Մենք այս հարցում արդեն իսկ գնացել ենք որոշակի կոմպրոմիսի,
որովհետեւ մեր կուսակցության մոտեցումը ի սկզբանե եղել է հարյուր տոկոս համամասնականի
հաստատումը: Բայց մենք հասկանում ենք, որ միայն մեր ուժերը բավարար չեն, որպեսզի
մենք կարողանանք այդ քվեարկությունն անցկացնել, եւ անտրամաբանական կլիներ չփնտրել
կոմպրոմիսային հնարավորություններ»: Արդյո՞ք կոալիցիայի ներսում լուրջ տարաձայնություններ
կան եւ Դաշնակցությունն առայժմ դուրս գալու սպառնալիքով է ուզում կոալիցիոն գործընկերներին
իր անհամաձայնությունը հայտնել: Եվ հետո, ինչո՞ւ է միայն ՀՅԴ-ն նման հայտարարություններ
անում: Արմեն Ռուստամյանը գտնում է, որ կոալիցիայից դուրս գալու մասին հարցեր ավելի
հաճախ Դաշնակցությանն են ուղղվում, եւ այդ է պատճառը, որ միայն Դաշնակցությունն է
խոսում այդ մասին. «Որովհետեւ երեւի առանձնակի հետաքրքրություն կա Դաշնակցության
տեղի, դերի եւ անելիքների առումով: Կա նաեւ երկրորդ խնդիրը. մենք չենք համարում,
որ միայն ընդդիմությանն է վերապահված իրավիճակի մասին քննադատական խոսք ասելը: Այդ
առողջ քննադատությունը առաջին հերթին հենց իշխանություններին է հարկավոր, որպեսզի
նրանք իրենց տեղում չլճանան: Լավ կինի, որ ինքնաքննադատության քաղաքական մշակույթը
ընդհանրապես որդեգրվի: Մենք դա ասում ենք ոչ թե որ սպառնանք կամ՝ ավելի շատ պաշտոններ
ձեռք բերենք: Այդպես մտածողները երեւի լավ չեն ընկալել Հուշագրի պայմանները, որոնցում
այդ տեղերը շատ հստակ սահմանված են, եւ նոր տեղեր հնարավոր չէ ձեռք բերել: Քավ լիցի,
մենք նպատակ չունենք որեւէ մեկից ինչ-որ տեղ ստանալ: Կա ավելի կարեւոր բացատրություն՝
ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ պետք է բոլոր զարգացումների դեպքում իր անելիքն
իմանա, այսինքն՝ ճշտի իր պահվածքը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել