Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ՝
ԻՐ ԵԶՐԵՐՈՎ

Նոյեմբեր 06,2004 00:00

1990 թվականի ընտրություններից
առաջ արդեն իր հասակակիցների շրջանում կարգին հարգանք ունեցող բանաստեղծուհի էր համարվում:
Մի երկու անգամ փորձեց հայրենասիրական տողեր գրել, բայց չստացվեց: Ավելի ճիշտ՝ թույլ
գործեր ստացվեցին: Ինքը գիտեր, որ իրենն իր ապրածն է, իր սերը կամ սերերը: Բայց սեր
ու սերեր էլ դեռ չկային, ու բանաստեղծություններն, ավելի շուտ սիրահարվածության,
քան սիրո ներշնչանքից էին: Բայց անկեղծ: Դրա համար էլ շատերն էին հավանում: Միայն
ընկերուհիներից մեկն էր դիտողություններ անում, ասելով. «Դու կյանքը դեռ չգիտես»:
Հինգ տարի շարունակ բանասիրական դիմած ու ի վերջո ընդունված էդ ընկերուհին էր, որ
մի օր զարմացավ. «…Ուզում ես ասել, մինչեւ հիմա կո՞ւյս ես, հա՞: Աղջի դու հո խելառ
չե՞ս: Դրա համար էլ բանաստեղծություններումդ մի բան պակասում է»: Քաղաքականությունը
չէր ձգում, թեպետ ցույցերի ակտիվիստ էր համարվում. դե տունը մոտ էր ու ազատ ժամանակ
Թատերական հրապարակում էր: Հետո, երբ Բոհեմը նորից մի քիչ աշխուժացավ, ինքն էլ գնում
էր՝ սրճարաններից մեկում նստում՝ սկզբում ընկերուհիների հետ, իսկ հետո նաեւ տեղի
տղամարդ հասարակությանը ծանոթացավ: Ուրիշներից հետ չմնալու համար սկսեց ծխել, մեկ-մեկ
խմել նաեւ: Ու էդ ժամանակ էր, որ դարձավ Անո: Անահիտը շատ էր երկար, Անո-ն լավ էր
հնչում: Հեղափոխությունից հետո կյանքը դժվարացավ: Եռանկյունին էլ կամաց-կամաց դատարկվում
էր: Բոհեմականներից ոմանք զենք էին վերցրել՝ կռվել էր պետք, ոմանք քաշվել էին իրենց
տները. փող չկար, որ քաղաք դուրս գային, ոմանք պաշտոն էին ստացել՝ պալատներում ու
կաբինետներում էին: Էն օրը, երբ Վազգենը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ու զորահավաք
հայտարարեց, Անոն «Պապլավոկում» հանդիպեց էն պոետին, որ ասել էր «Ահա մատաղ մի աղջիկ…»:
Թե սրա ձեռքը որտեղից էր էդ օրը փող ընկել, հայտնի չէր: Խմեցին միասին, հետո պոետը
հրավիրեց իր վարձով միսենյականոցը: Անոն հիշեցրեց ավարտական երեկոյի գիշերը: Պոետն,
իհարկե, չէր հիշում ոչինչ, ոչ էլ անգամ իր հանճարեղ տողերը՝ «…Մատաղ կանեն…»:
«Մատաղ արա…»,- ասաց Անոն՝ հրամայելու պես ու տրվեց գինուց գլուխ բարձրացրած կրքին:
«Պաժալստա»,- ուրախ ասաց պոետը: Մինչ այդ Անոն զանգեց տուն ու կյանքում առաջին անգամ
ստեց, թե ընկերուհու տանն է, միասին պարապում են: Իբրեւ կուսության զոհասեղան ծառայեց
հին թախտը: Պոետը սիրում էր մերձեցումների ժամանակ հայհոյախառն խոսքեր ասել: Ու Անոյին
էդ պահին էդ բառերը դուր էին գալիս: Առավոտյան, հենց պոետի սենյակում գրեց բանաստեղծությունների
մի շարք ու ինքն էլ զգաց, որ դրանք արդեն ուրիշ են, հասուն, կյանքով լի ու անկեղծ:
Շարքի երկու բանաստեղծություններում, դեռեւս մի քիչ ամաչելով, օգտագործեց մերձեցման
թունդ պահերին պոետից լսած էն մի քանի բառերից ամենամեղմերը: Ու տպագրեց: Էդ բանաստեղծությունները
ձեռքից ձեռք էին անցնում: Բայց կապն էդ պոետի հետ կարճ տեւեց: Անոյին նոր ներշնչանք
էր պետք: Ու նա անընդհատ փնտրում էր էդ ներշնչանքները՝ պոետների ու նկարիչների, գրողների
ու մանավանդ նոր լույս ընկած երգիչների մեջ: Երգիչներն իրեն թունդ էին սիրում, որովհետեւ
նրանց երգերի համար բառեր էր գրում, որ հետո իբրեւ հեղինակային երգ էին կատարում:
Մի ջահել արձակագրի հետ նույնիսկ համարյա մի տարի ապրեց ոչ պաշտոնական ամուսնությամբ:
Ու էդ մի տարին հավատարիմ էր: Հաստատ: Ուրիշ ոչ մեկի հետ չէր լինում: Բայց համարյա
ընտանեկանի վերածվող միապաղաղ կյանքն իրենը չէր: Բաժանվեցին բարեկամաբար: Հիմա էլի
մեկ-մեկ հանդիպում են, բայց արդեն միայն խմելու համար: 1998 թվականի իշխանափոխության
օրերին առաջին ժողովածուն համարյա պատրաստ էր: Ինքն ուրիշների նման չէր, որ մի երկու
ոտանավոր տպելուց հետո գիրք հրատարակեր: Ինքն ընտրում էր, երկար մտմտում, շարքերն
ամբողջացնում: Ու մի տարուց ավելի տեւեց, մինչեւ գիրքն իր ուզածի պես խելքի բերեց
եւ տպագրեց: Պետպատվերով հերթի կանգնել չէր ուզում: Տպագրեց 88-ին օպերայի հրապարակում
ծանոթացած պոլիտեխնիկավարտ էն տղայի, հիմա՝ հաջողակ բիզնեսմենի հովանավորությամբ:
Պատահաբար էին հանդիպել, «Պապլավոկում»: Ու էդ տղան, որ հեռվից միշտ հետեւել էր Անոյի
ստեղծագործությանը, առաջարկեց իր օգնությունը: Բայց մինչ տպվելը երեք օրով Ծաղկաձոր
հրավիրեց: Իր կյանքի ամենատխուր գիշերներն էդ երեքն էին: Էդ տղան երեւակայություն
չուներ, ամեն ինչ միօրինակ էր: Անոն ինքն իրեն պոռնիկ էր զգում, մարմնավաճառ, որ
հանուն շահի տղամարդ է կապել ու ամենապրոֆեսիոնալ մարմնավաճառից անգամ լավ էր հաճույք
ձեւացնում: «Քո սիրելուց հետո հաճելի թմբիր է իջնում վրաս, քնել եմ ուզում ու խոնջանալ»,-ստում
էր, որ քնի, իսկ մտքում մի բան էր՝ առավոտյան շուտ զարթնել ու շարունակել խմբագրել
ու վերջնական տեսքի բերել գիրքը: Պայման էր դրել, որ ցերեկները տղամարդն իրեն չպիտի
խանգարի ու էդպես էլ չիմացավ, այսինքն՝ չէր էլ հետաքրքրում, թե վերջինս ցերեկներն
ինչով է զբաղվում: Ինքը մինչեւ ճաշ գրում-խմբագրում էր ինքնամոռաց, ճաշից հետո մի
ժամ քնում, հետո մինչեւ ընթրիք նորից գրքի հետ էր: Այդ ժամանակ էր, որ հղիացավ: Թե
երբ անզգույշ եղավ՝ ինքն էլ չիմացավ: Գուցե էն միակ ցերեկն էր, երբ հետճաշյա քունն
էր վայելում, իսկ տղամարդը, խոստումը դրժելով, կողքը մտավ. ինքն առանց ձայն հանելու,
որովհետեւ մտքին միայն քունն առնելն էր, թույլ տվեց: Մի խոսքով, անզգույշ եղավ, սակայն
չէր ուզում անսեր ու անկիրք մերձեցումներից զավակ ունենալ, եւ անցուցք արեց: Հետո
բանաստեղծություն գրեց, թաքուն, ոչ մեկին ցույց չտված բանաստեղծություն՝ իր պիղծ
մանկասպանության մասին: Գիրքը տպվելուց հետո էդ կապերը խզեց, բայց երբ բիզնեսմենին
հանդիպեց, որ գիրքը նվիրի, դե մարդ էր համենայն դեպս փող էր ծախսել, ասաց նաեւ, թե
հղիացել էր, բայց անցուցք արել: Բիզնեսմենը մի քիչ ախուվիշ արեց, բա՝ «մեղք չէ՞ր
մեր երեխան, մեր զավակը…», բայց Անոն գիտեր, որ հիմա էլ սա է կեղծում ու մտքում լավ
էլ ուրախ է, որ զավակ չի ծնվել: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի առավոտյան գնաց հրատարակչություն
ու բերեց գրքի ազդօրինակները: Հետո, իր իսկ արտահայտությամբ՝ «տանը վեր ընկած էր»,
ոչ մի բան անելու ցանկություն չուներ: Փող չկար, սեքսի հավես՝ նույնպես, ոչ մեկին
էլ չէր ուզում տեսնել, այլ միայն կանխավայելում էր իր գրքի փառքը, ընթերցում ու վերընթերցում:
Երեկոյան կողմ լուսամուտից դուրս նայեց՝ քաղաքն իրեն արտասովոր թվաց: Ինչ-որ իրարանցում
էր, մեքենաներ էին սլանում՝ էլ ոստիկանության, էլ հրշեջ, էլ շտապ օգնության: Չուզեց
քաղաք դուրս գալ: Որոշեց լուրեր լսել՝ իմանալ ինչ է կատարվում: Միացրեց հեռուստացույցը,
բայց ոչ «Հայլուր», որովհետեւ թեպետ հազվադեպ էր նայում, բայց զզվում էր այդ ծրագրի
հաղորդավարուհու ցինիկ ժպիտից: «Ա1+» -ով լսեց կատարվածն ու հեռուստացույցն այլեւս
չանջատեց ողջ գիշեր: Երեւի վերջին տարիներին առաջին անգամ էդպես ցնցված էր: Էնքան
ցնցված, որ հետո յոթ օր տանից դուրս չեկավ: Անգամ թաղումներին չմասնակցեց: Ու ոչ
մի տող չգրեց: Համարյա նույն ցնցումն ապրեց նաեւ «Պապլավոկի» սպանությունից հետո:
Էդ օրից Բոհեմի այդ հատվածն իր համար այլեւս գոյություն չուներ: Եռանկյունու մի անկյունն
իր համար վերացել էր: Շրջանցում էր: Չէր մտնում: Այդ օրերին էր, որ գրեց. «Բոզի տղերքը
թրքոտ ոտքերով Տրորում են փողոցներդ, Քաղաք իմ, Տրեխի ու Սապոգի ալյանսն է այսօր
Իշխում իմ երկրում…»: 2003 թվականի ապրիլի էն օրը, երբ ընտրված կամ չընտրվածը (իսկ
իր համար՝ Բոհեմի ամենալավ անկյունն արյունոտածը) երդում էր ուտում՝ փաստորեն հավաստիացնելով,
թե բոլորին հավասարապես լավ աչքով կնայի, իրենց դասարանի Արտուրիկը ժպտում էր բոլոր
ալիքներով, իսկ ոստիկանները նոր հեղափոխության ելածներին էին մահակներով ծեծում,
Անոն խմում էր վերջին ներշնչանքի հետ, հետո տրվում կրքին, հետո մարմնական հաճույքներից
ծնված նորանոր անկեղծ տողեր գրում: Էդ տողերը հետո քննարկվում էին ամենագրական շրջանակներում,
ու ոմանք գովում էին, ոմանք՝ փնովում: Արդյունքում Դասարանի «Գյուրզան»,
ով այդ մականուն էր ստացել քինախնդրության ու թունավոր հայացքի պատճառով, դեմք է:
Դասարանի «Չորսաչքանին», ով վիրահատվել ու երկաչքանի է դարձել՝ դեմք է: Դասարանի
մյուս «Չորսաչքանին», որ անընդհատ սկանդալների մեջ էր ընկնում, ոչ միայն դեմք է,
այլեւ՝ մեծ պրոպագանդիստ: Դասարանի Արտուրիկը, ում մերը թեւը բռնած կաբինետից կաբինետ
անցկացնելով իրավաբանականը մի կերպ ավարտացրեց, համ դոկտոր է, համ՝ դեմք: Դասարանի
մեծագլուխը, ում հենց էդ պատճառով «Թթվի քար» էին ասում, երբեմն նաեւ «Տավար», դեմք
է: Դասարանի «Դեգենեռատը», ով հայտնի դարձավ էշերի հետ հարցազրույց վարելով,
եւ ում ավելի ուշ «Տելեպուզիկ» սկսեցին կոչել՝ դեմք է: Դասարանի «Խաբարբզիկը», որ
դիրեկտորի աչքն ու ականջն էր, հետո՝ ուսանող տարիներից՝ ԿաԳէԲէ-ի «ստուկաչ», իսկ
հեղափոխության ու հետհեղափոխական շրջանում նույն ԿաԳէԲէ-ի կողմից ներդրվում էր տարբեր
կուսակցություններում, դեմք է ու նաեւ հպարտանում է, որ ԿաԳէԲէ-ի «ստուկաչ» է եղել:
Իսկ Հեղափոխության առաջին դեմքերից միայն Վազգենն է (Մանուկյան) ասպարեզում:
Իսկ Լեւոնը՝ լուռ թոռ է մեծացնում: Վանոն՝ արտասահմանում է կամ ընդհատակում:
Բաբիկը՝ դեպքից-դեպք է միայն ինչ-որ բան ասում: Սամսոնը՝ չի երեւում: Ալեքսանը՝
փաստորեն չեղած մարզի մարզպետ է: Դավիթը՝ այլեւս նախարար չէ եւ, ասում են, նրան
խաղատներում տեսնող է եղել: Սամվելը՝ ընդհանրապես ասպարեզում չէ: Ծերուկ
Ռաֆայելը՝ մեկ-մեկ հայտնվում է միտինգներում: Աշոտը՝ երեւում է, երբ հերթական
«դվիժենիի» կարիքը կա: Իսկ Հաղթանակի Արծիվ Վազգենը՝ սպանված է: Իսկ Համբարձումի
գերեզմանին գրված է. «Հեղափոխությունը նախապատրաստում են հանճարները, իրականացնում
են նվիրյալները, արդյունքներից օգտվում են՝ սրիկաները»: Եվ ստորագրված է՝ «Մի խելոք
մարդ»: Հիշատակարան Իսկ մենք՝ այս ամենը գրեցինք 2003 – 2004 թվականներին:
Եվ քանզի հարկ է, որ հին պատմիչներին հետեւելով նաեւ հիշատակարան թողնենք, ուստի
Արմեն Շեկոյանի ու նույն պատմիչների հանգույն գրում ենք, որ դա մոտավորապես այն ժամանակներն
էին, երբ. Ա) «Չորրորդ իշխանություն» լրագիրը «Ժառանգություն» խորագրով շարունակաբար
տպագրում էր Մեծն Հրանտ Մաթեւոսյանի գործերը: Եվ սա ստուգապես հայտնի է մեզ, զի ինքներս
լրագրի ինտերնետային տարբերակում կարդում էինք դրանք: Բ) Խեչոյան տոհմից Լեւոն
անունով այրը՝ երկու հրաշալի վեպերի ու բազմաթիվ հրաշալի պատմվածքների հեղինակ, լույս
ընծայեց հատընտիրը՝ պատմվածքներով ու «Արշակ արքա Դրաստամատ ներքինի» վեպով, եւ սա
էլ ստուգապես հայտնի է, զի մենք էլ այդ գրքից նվեր ստացանք: Լեւոնի նոր վեպին սպասում
ենք, քանզի հաստատապես գիտենք եւ մեր աչոք Ծաղկաձորում տեսել ենք, որ գրում է: Գ)
Մորիկյան կայսերական զարմից Այդին անունով այրը, որ առաջուց ճապոնական պոեզիա էր
թարգմանել ու Զահրատի ժողովածուն կազմել, կազմեց, խմբագրեց եւ հրատարակեց երջանկահիշատակ
Վազգենի երկու ժողովածուները՝ մեկը պատմվածքներով, վիպակով, ելույթներով ու հոդվածներով,
մյուսը՝ Վազգենի մասին: Կազմեց ու հրատարակեց Զահրատի եւս մի ժողովածու ու նաեւ՝
Կոմիտասի բանաստեղծությունները: Եվ սրանք էլ ստուգապես հայտնի են, զի այդ գրքերից
մենք եւս նվեր ստացանք: Դ) Շեկոյան տոհմից Արմեն անունով պոետ այրը, որ նախապես
հաշվել ու հաշվառել էր ողջ Երեւանը, դրանից էլ առաջ հայ պատմիչների հանգույն միջին
դասարանների փոխադրության տեքստերով նոր ժամանակները տարեգրել, թարգեց բանաստեղծություն
գրելը եւ սկսեց պատմվածքներ գրել, եւ սա եւս ստուգապես հայտնի է, զի այդ պատմվածքները
կարդացինք «Հայկական ժամանակ» լրագրի շաբաթօրյա համարներում: Այնուհետեւ նա այդ պատմվածքները,
խոսում են, հրատարակեց «Մետաքսի ճանապարհ» գրքում, եւ սա հաստատապես չենք կարող պնդել,
զի այդ գրքից նվեր չենք ստացել: Ե) Թամրազյան մտավորական տոհմից Հրաչ անունով
այրը, որ հրաշալի բանաստեղծ է ու գրականագետ, հրապարակեց «Հարասություններ» ժողովածուն:
Բայց սա էլ հաստատապես չենք պնդում, զի գիրքը դեռ չի ուղարկել մեզ: Զ) Ղազարյան
տոհմից Արտաշես անունով այրը, բանաստեղծություններին զուգահեռ, սկսեց կոլաժներ վրձնել,
եւ սա ստուգապես հայտնի է, զի այդ կոլաժներից մեկը, որ կոչվի «Ո, տայր ինձ զծուխ
ծխանի», մենք նվեր ստացանք: Է) Մարտիրոսյան տոհմից Վահրամը, որ առաջուց բանաստեղծություններ
էր գրում, ապա եւ՝ վեպեր (սա ստուգապես հայտնի է, զի եւ «Սողանք», եւ «Հանուն խաչի
ծպտվածները» վեպերը մենք նվեր ստացանք), «Առավոտ» լրագրի շաբաթօրյա համարներում,
ինչպես եւ արել էր նախկինում՝ «Հանուն խաչի ծպտվածները» վեպի պարագայում, շարունակաբար
հրապարակեց «Հիմար մարդը» վիպակը: Եվ սա էլ ստուգապես հայտնի է. չհավատացողները կարող
են լրագրի համապատասխան համարները բացել եւ համոզվել: Հետո նաեւ թարգմանեց ու հրատարակեց
Պոլ Ռիգերի «Փախուստ Ավետյաց երկրից» վիպակը, թեպետ այդպես էլ չհասկացվեց՝ ի՞նչն
էր թարգմանել եւ ինչը՝ հեղինակել անձամբ: Եվ այս գիրքն էլ մենք ստացանք, բայց պատվիրատուից՝
«Ինտերնյուսից»: Ը) Աբրահամյան տոհմից Արամ անունով այրը, որ արդեն ինը տարի
խմբագրում է մեր արդեն հիշատակած «Առավոտ» լրագիրը, մի կարճ պահ նաեւ հեռուստատեսության
տնօրեն նշանակվեց, բայց զզվելով «գեղի դուքանչիների» «գեղական ու գողական մենեջմենթից»,
հրաժարվեց դրանից եւ իր լրագրով, վկա ենք, շարունակում է այս ժամանակներն անաչառորեն
տարեգրել, նաեւ՝ մեկնաբանել ու հաճախ նաեւ այնպիսի բաներ հրապարակել, որոնք, հիրավի,
մնայուն արժեքներ են: Եվ սա էլ հաստատապես հայտնի է: Թ) Ճաղարյան տոհմից Լիզան,
ում գրածները միշտ էլ հաճույքով ենք կարդացել, «Հայկական ժամանակ» լրագրում (առաջ
ավելի հաճախ, իսկ վերջերս ավելի հազվադեպ) հոդվածներ էր հրապարակում, որ մենք էլի
նույն հաճույքով կարդում էինք եւ ափսոսում, որ դրանք չի հավաքում ու հրատարակում
գրքով: Ժ) Մելիքյան տոհմից Աշոտ անունով այրը խոստացավ թոշակի անցնելուց հետո
աշխարհի ամենալավ պատմվածքները գրել, եւ սա (խոստումը), ստուգապես հայտնի է, զի լսել
ենք մեր ականջներով: Խոստացավ նաեւ նվաստիս պատմվածքները երբեւէ ռուսերեն թարգմանել,
թեպետ այս պնդմանը վստահ չենք, որովհետեւ մի քիչ գինով ժամանակ ենք լսել: ԺԱ)
Վերջապես, մենք՝ Հարությունյան զարմից Մեսրոպ անունով մի այր, վերը հիշատակվածների
համեմատ նվաստ մի գրիչ, որ դեռ 1998-ին հրատարակել էինք «Բացարձակ սեւ մարմին» կոչվող
առաջին մեր գրքույկը, 2003-ին հրատարակեցինք «Եռանկյան չորրորդ անկյունը» գիրքը,
որ բարեկամների կողմից լավ գնահատվեց, իսկ մամուլը նույնիսկ չնկատեց էլ՝ գրախոսականներ
չեղան: Անգամ մեր շատ հարգելի դասախոս ու գրականագետ տիկին Ժենյան՝ Քալանթարյան տոհմից,
ով տարվա գրական անցուդարձն է միշտ վերլուծում, չնկատեց մեր գիրքը: Եվ պատճառը երեւի
այն էր, որ մենք գիրքը չնվիրեցինք իրեն, եւ որ մենք անդամ չենք գրողների միության:
*** Եվ եթե եղան էլի արժանավորներ, որոնց չհիշատակեցինք մեր նվազ հիշողության
կամ գուցե անփութության պատճառով, խնդրում ենք, ներող լինեն: *** Այդ երկու
տարում մեր աշխարհում էլի մարդիկ եղան՝ ոմանց համար ընտրված, ոմանց համար՝ չընտրված
նախագահ, վարչապետ, նախարարներ, մի դատախազ ու դատախազիկներ, որ հմուտ էին գործ սարքելում
եւ մի խումբ ծախու դատավորներ, որ նույն դատախազի ու գուցե նաեւ նրանից էլ վերեւ
կանգնածների թելադրանքով անմեղ մարդիկ էին դատապարտում, ու նաեւ՝ ընդդիմադիր կոչվող
գործիչներ ու կուսակցություններ եղան: Սակայն սրանց բոլորի արածներն այնքան ճղճիմ
էին ու նվաստ, որ նրանք՝ ոչ իրենց անուններով, ոչ իրենց գործերով արժանի չեն այստեղ
հիշատակվելու: Եղան նաեւ հեռուստաալիքից-հեռուստաալիք քոչող մտավորական կոչվող
անձեր, ովքեր դեմքի խելոք արտահայտությամբ միեւնույն բառերն էին անընդհատ աղում:
Եղավ նաեւ իրեն պոետ հորջորջող մեկը, որ Հուդային արձակուրդ ուղարկելով, ինքը ստանձնեց
վերջինիս գործը եւ, հաստատապես, լավ կատարում է Հուդայի պարտականությունները, ու
հենց այդ պատճառով նրա անունն էլ արժանի չենք համարում հիշատակել: Վերջում չմոռանանք
ասել, որ սույն հիշատակարանը բաց է լրացման համար, եւ յուրաքանչյուր ոք իր արժանի
համարած անձանց ու գործերը կարող է ավելացնել այստեղ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել