Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՎԻՆԸ»

Նոյեմբեր 11,2004 00:00

«ԴՎԻՆԸ» ՄԻԱԿՆ Է՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ «Դվին հոլդինգն» առաջարկում է նորից մտածել գազի դիմաց առաջացած պարտքերը պետական պարտքի վերաձեւակերպման ուղղությամբ: Ազոտական պարարտանյութերի շուկան գայթակղիչ է բիզնեսմենների համար: Դա է վկայում թեկուզեւ այն հանգամանքը, որ այդ պարարտանյութի ներկրմամբ փորձել է զբաղվել նաեւ մի քանի շուկաներում գերիշխող դիրք ունեցող, հաջողակ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը: Պատճառն ակնհայտ է. սելիտրան (ազոտական պարարտանյութը) կայուն պահանջարկ ունեցող արտադրանք է: Սակայն այսօր այդ շուկայում մենատեր է մեկ այլ հսկա՝ «Դվին հոլդինգը»՝ հայտնի որպես թուրքմենական գազի պարտքի մարման համար ստեղծված ընկերություն, որը շատ արագ ու հաջող ծավալվեց տնտեսության մի քանի ոլորտներում: Այս ընկերությունը ազոտական պարարտանյութերի շուկայում այնքան հարմար ու հիմնավոր է ծավալվել, որ առաջիկա մոտ տասը տարում, հավանաբար, մենակ կգործի շուկայում: Այս շուկայում նախկինում գործող ընկերությունների տվյալներով, «Դվին հոլդինգը» մենաշնորհ էր ձեռք բերել գյուղնախարարության նամակի շնորհիվ, որով մատակարար ընկերությանը՝ «Իտեռային» խնդրել էր պետական կարիքների համար սելիտրան Հայաստան ուղարկել բացառապես «Դվին հոլդինգի» միջոցով: Սակայն, ինչպես «Դվին» կոնցեռնի նախագահ Ռաֆիկ Սարգսյանն է ասում, շուկայում մենաշնորհ ձեռք են բերել ոչ թե պետական մարմինների աջակցությամբ, այլ հանգամանքների բերումով: Չնայած՝ գյուղնախարարությունը, իրոք, նման նամակ գրել է «Իտեռային»: Բացի այդ, դեր խաղացին պատգամավորների դժգոհությունները, թե մեր պետությանը տրված դրամաշնորհներով գնված պարարտանյութը մինչեւ գյուղացուն է հասնում՝ բավականին թանկանում է: Գյուղնախարարը «Դվինի» նախագահին նաեւ իր մոտ է հրավիրել՝ առաջարկելով պայմանագիր կնքել, համաձայն որի, պարարտանյութի գինը պետք է իջեցվեր մեծ գնման դիմաց: Գործարքը կայացել է, ինչի մասին արդեն գրել ենք: Իսկ գյուղնախարարությունն ստիպված է դիմել «Դվինին», որովհետեւ այդ պահին հայաստանյան որեւէ այլ ընկերություն չուներ պարարտանյութ, իսկ Վրաստանի գործարանը չէր աշխատում: Ամեն դեպքում, ըստ պարոն Սարգսյանի. «ճակատագրի բերումով, այս պայմանագրով («Իտեռայի» հետ կնքված) մինչեւ պարտքի մարելը ես դիստրիբյուտոր եմ, ուզում է գյուղնախարարությունը նամակ գրեր, ուզում է՝ չգրեր, ուրիշին այդ արտադրանքից չեն տա առանց իմ գրավոր թույլտվության: Իմ կրեդիտորական ձայնն իրենց պետք է»: Խնդիրն այն է, որ «Իտեռան», որը ստանձնել է սելիտրա արտադրող՝ Վրաստանի «Ազոտ» գործարանի հավատարմագրային կառավարումը (հետագայում մասնավորեցնելու պայմանով), «Դվին հոլդինգին» Հայաստանում իր արտադրանքը իրացնելու բացառիկ իրավունք է տվել: Իսկ «Դվին հոլդինգն» այս բացառիկ իրավունքին արժանացել է, որովհետեւ վրացական «Ազոտ» գործարանը գազի մատակարարման դիմաց խոշոր պարտքեր ունի «Դվինին»: Այլ կերպ ասած, «Դվինը» «Իտեռայի» վարկատուն է: Եվ ինչպես «Դվինի» նախագահն է ասում, զուր էին պարարտանյութ ձեռք բերելու՝ մյուս հայաստանյան ընկերությունների ջանքերը: Ավելին, Ռաֆիկ Սարգսյանի տվյալներով, այդ ջանքերի պատճառով այսօր սելիտրան ավելի թանկ է ներկրվում Հայաստան, քան հնարավոր էր: Գյուղնախարարության գրությունից, մի շարք ընկերությունների դիմումներից հետո, հաշվի առնելով պահանջարկն ու առաջարկվող բարձր գները (մինչեւ $124), «Իտեռան» որոշել է մեկ տոննան $105-ի փոխարեն «Դվինին» վաճառել $117-ով: Ամեն դեպքում, «Դվինի» նախագահն էլ հիացած չէ իր մենաշնորհով, եւ համարում է, որ այս իրավիճակն ստեղծվել է մի քանի պետությունների միջեւ հարցեր կարգավորելու նպատակով. «վերջիվերջո, ինչո՞ւ են ինձ խանգարում, պետական խնդիր է լուծվում»: Ըստ պարոն Սարգսյանի, իսկական ժամանակն է, որ բարձրացվի պետական պարտքի վերաձեւակերպման հարցը, հատկապես որ, ժամանակին նման հարց բարձրացվել է մի անգամ վարչապետ Վազգեն Սարգսյանի կողմից, մի անգամ՝ Անդրանիկ Մարգարյանի: Իսկ պարոն Սարգսյանը հավաստիացնում է, որ իր բացառիկ իրավունքները պատրաստ է զիջել այն ընկերությանը, որը կտա իր պարտքը: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել