Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿԱՐ ՈՏՔԵՐԻ ԵՎ ԿԱՐՃ ՎԵՐՄԱԿԻ ՀԱՐՑ»

Նոյեմբեր 17,2004 00:00

Այս զուգահեռն արեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը 2005-ի բյուջեով նախատեսված պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման հարցերի առնչությամբ:

Ի՜նչ բողոքներ ասես, որ երեկ չհնչեցին այս քննարկման ընթացքում: «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանն, ասենք, իր խոսքում մի քանի անգամ կրկնեց «տխուր պատկեր» արտահայտությունը, որ վերաբերում էր ինչպես ԱԺ-ում օրինագծերի պատճենահանման ու գործուղման ծախսերի խնդիրներին, այնպես էլ Շիրակի մարզպետարանի շենքի վիճակին: «Խնդիր կա, իհարկե, բայց տենց տխուր չէ, էլի,- առարկեց ֆինանսների եւ էկոնոմիկայի 1-ին փոխնախարար Պավել Սաֆարյանը:- Քսերոքսը, որպես առանձին տնտեսագիտական հոդված, չկա բյուջեի մեջ: Բայց էական հարց չի՝ մեկ անգամ եւս կքննարկենք ու կլուծենք»: Նաեւ հայտնեց, որ 20 մլն դրամով ավելացվել են ԱԺ գործուղման ծախսերը՝ կազմելով 200 մլն դրամ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, սակայն, նշեց, թե անհրաժեշտ գումարը 258 մլն դրամ է: Նաեւ պատգամավորներն էին շարունակում բողոքել, թե գործուղումների ժամանակ ստիպված պատվիրակությունների կեսն է գնում, նաեւ խտրականություն է կիրառվում՝ կառավարության անդամները բիզնես-կլասով են ուղեւորվում, իսկ իրենք՝ էկոնոմ-կլասով: «Սա բյուջեի ամենակարեւոր հա՛րցը չի»,- դժգոհում էին կառավարության ներկայացուցիչները: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ի վերջո ըմբոստացավ եւ նշեց, թե կառավարության գործուղումների համար նախատեսված գումարն ավելի պակաս է՝ 150 մլն. «Սա է էս երկրի վիճակը՝ հիմա ի՞նչ կարող ենք անել: Եթե ուզում եք՝ կարող ենք ամբողջ բյուջեն դնել ԱԺ-ի գործուղումների համար՝ դուք եք որոշում»: Արձագանքելով ԱԺ-ին համակարգիչներ, ֆաքսեր կամ այլ սարքավորումներ ձեռք բերելու համար միջոցներ տրամադրելու պահանջներին՝ նախարարն ասաց. «Եթե ԱԺ-ն դեռ ինչ-որ բաներ ունի, ապա շատ նախարարություններ, մարզեր ընդհանրապես շատ վատ վիճակում են սարքավորումների հարցում: Բայց մենք մտածում ենք, թե դոնոր երկրների օգնությամբ կկարողանանք լուծել այդ հարցը, այդ թվում նաեւ՝ ԱԺ-ի համար»: ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, սակայն, նշեց, թե շատ լավ գիտի, որ որոշ հիմնարկներում համակարգիչները խաղերից բացի՝ այլ նպատակներով չեն գործածվում. «Արդյոք պետք է շարունակե՞ն որպես կահույք օգտագործել, թե՞ արժե բերել այնտեղ, որտեղ կա դրա անհրաժեշտությունը»: Ի վերջո, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց. քանի որ Կենտրոնական բանկի գույքի ձեռքբերման նախատեսված ծախսերը 258 մլն դրամ են՝ գուցե նրա՞ն դիմեն մի 100 մլն ԱԺ-ին տալու խնդրանքով. «Թե չէ ստացվում է՝ ԿԲ-ն պետք է միջազգային մակարդակի լինի, իսկ ԱԺ-ն՝ ո՞չ»:

Կառավարությունն առատաձեռն է ոչ միայն ԿԲ-ին, այլ նաեւ նախագահի աշխատակազմին արվելիք հատկացումների հարցում: Ասենք, ազդարարվեց, թե 27 մլն դրամով ավելացվել են նախագահի ներկայացուցչական ծախսերը: «Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս ավելացումը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը պատասխանեց. «Հիմնական ծախսերը կապված են արտերկիր այցելությունների եւ մեր հյուրերի հետ: Վերջին 2 տարիներին այցելություններն ավելացել են: Եվ 2005-ի համար էլ արվում են նախապատրաստական աշխատանքներ, տարվում բանակցություններ՝ ուր այցելել, ում հրավիրել եւ այլն»:

Ի դեպ, ավելացել են նաեւ ծառայողական ավտոմեքենաները. եղած 620-ին ավելացել են նոր 18 մեքենաներ: Սակայն նշվեց, թե կան վերաքննիչ դատարանի դատավորներ, որոնք չունեն սպասարկող մեքենաներ: ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից էլ հետաքրքրվեցինք, թե իրենց օրական հատկացվող 4-5 լիտր բենզինը բավարարո՞ւմ է գոնե դատավորներին տուն տանել-բերելու համար: Աշխատակազմի ղեկավարն ի պատասխան համեստորեն ասաց, որ եթե ավելացնեն՝ շնորհակալ կլինի, սակայն նաեւ մեջբերեց Վարդան Խաչատրյանի թեւավոր արտահայտությունը. «Ինչքան շատացնենք՝ այնքան քիչ կբավարարի»:

Հատկանշական է, որ բյուջետային քննարկումների ժամանակ որեւէ բողոք չներկայացրեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Թեեւ այլ առիթներով, երբ լրագրողները հետաքրքրվում են, թե ինչու հանձնաժողովը լիարժեք չի իրականացնում իր վերահսկողական գործառույթները՝ նա անմիջապես պատճառաբանում է բավարար միջոցների բացակայությունը: Նշենք նաեւ, որ այս անգամ նրան էլ չուղղվեց որեւէ հարցադրում, թեեւ նախորդ տարիներին ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները այս առիթն օգտագործելով՝ բավական կշտամբում էին ՀՌԱՀ-ին:

Եվ միակ պաշտոնյաները, որոնք երեկվա այս քննարկումների ընթացքում գոհ ու շնորհակալ էին՝ մարզպետներն էին, որոնցից գրեթե յուրաքանչյուրն իր խոսքը սկսում եւ ավարտում էր կառավարությանը երախտիքի խոսքով՝ իրենց հայտերը բավարարելու համար:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել