
համաժողովից առաջ եւ հետո Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ)
նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանն ու ՀԵԱԽ փոխնախագահ, Հայաստանի երիտասարդ
մարդկանց քրիստոնեական ընկերակցության (YMCA) նախագահ Արթուր Ղազարյանը մասնակցել
են նոյեմբերի 11-13-ը Մադրիդում կայացած Եվրոպայի երիտասարդական ֆորումի գլխավոր
համաժողովին (ԵԵՖ): Երեկ հրավիրված ասուլիսում նրանք ավետեցին, որ ՀԵԱԽ-ն
այլեւս ֆորումի լիիրավ անդամ է: Նաեւ տեղեկացրին, որ իր մեջ ԵԽ անդամ 43 պետությունների
ազգային խորհուրդներ միավորող ԵԵՖ-ը համարվում է ՄԱԿ-ի խորհրդատուն՝ երիտասարդության
հարցերով, ԵՄ գործընկերը՝ հասարակական կազմակերպությունների գծով: Վ. Խաչիկյանին
հատկապես ոգեւորել էր այն, որ փակ գաղտնի քվեարկությամբ ՀԵԱԽ-ը թեկնածու անդամից
լիիրավ անդամ է դարձել՝ չստանալով ոչ մի «դեմ» ձայն: Ի տարբերություն հայերի, թուրքերը
չունեն Երիտասարդության ազգային խորհուրդ: Այ, եթե Խաչիկյանի նման մեկը թուրք երիտասարդներին
համախմբեր, նրանք էլ հավանաբար իրենց «Բազե» հավաքները կունենային, ավելին՝ մեզ պես
աչքի կընկնեին Եվրոպայի երիտասարդության ֆորումում: «Առավոտին» հետաքրքրում
էր՝ որքա՞ն անդամավճար է մուծելու ԵԵՖ-ի լիիրավ անդամ դարձած ՀԵԱԽ-ը: Պարզվում է՝
ՀԵԱԽ-ի թեկնածու անդամ լինելը Հայաստանին արժեցել է տարեկան 800 եվրո, իսկ այսուհետեւ՝
լիիրավ անդամի դեպքում՝ 1200-1300 եվրո, որը հաշվարկվում է ամեն երկրի ՀՆԱ-ի չափով:
Բայց հոգ չէ, պրն Խաչիկյանը մխիթարել գիտե. խեղճ Գերմանիան ի՞նչ անի, որ տարեկան
35000 եվրո է վճարում: Անդրադարձ եղավ նաեւ անդամությունից բխող պարտավորություններին:
«Կան ընդհանուր բնույթի պարտավորություններ, ընդունենք՝ ժողովրդավարության պահպանումը:
Մենք թեկնածուականից լիիրավ անդամ չէինք դառնում մի պարզ պատճառով, որ մեր նախագահությունում
աղջիկ չկար եւ գենդերային հավասարակշռությունը պահպանված չէր: Նախագահությունում
պահպանել ենք քաղաքական հավասարակշռությունը, այսինքն՝ ազգային խորհուրդը լիիրավ
անդամ դառնալուց հետո չպետք է կախում ունենա որեւէ քաղաքական ուժից, իշխանությունից
եւ այլն»: Փաստորեն, ըստ Խաչիկյանի՝ ՀԵԱԽ-ում հավասարաչափ ներկայացված են իշխանության
եւ ընդդիմության երիտասարդական թեւերը, մինչդեռ իրականում ՀԵԱԽ նախագահության 4 կուսակցական
անդամներից 3-ը հանրապետական են, 1-ը՝ ՀՀՇ-ական: Վ. Խաչիկյանը տեղեկացրեց,
որ 2005թ. ապրիլի 22-23-ը Բրյուսելում կկայանա ԵԵՖ-ի հերթական գլխավոր ասամբլեան,
եւ ՀԵԱԽ-ը գուցե փորձի իրեն աջակցող կազմակերպությունների միջոցով հեղինակավոր երիտասարդական
կազմակերպության շրջանակներում ճանաչել տալ եւ դատապարտող բանաձեւ ընդունել Հայոց
ցեղասպանության մասին: ՀԵԱԽ փոխնախագահ, Հայաստանի YMCA նախագահ Արթուր Ղազարյանն
էլ տեղեկացրեց, որ YMCA-ի շրջանակներում արդեն ունեն Հայոց ցեղասպանությունը ճանաչել
տալու նախադեպ, հետեւաբար նույնն ուզում են անել նաեւ ԵԵՖ-ում: Ըստ Ա. Ղազարյանի՝
2005թ. ապրիլին նաեւ Ստամբուլում կկայանա երիտասարդական հանդիպում, որտեղ հունական,
հրեական, հայկական, թուրքական երիտասարդական կազմակերպությունների հետ տեղի կունենան
ցեղասպանության մասին քննարկումներ: «Ստամբուլում եւս կբարձրացնենք Հայոց ցեղասպանությունը
դատապարտելու հարցը»,- հուսով է նա: Մադրիդյան ֆորումից վերադարձած հայ պատվիրակները
տեղեկացրին, որ ԵԵՖ-ում արծարծվել են այլ խնդիրներ եւս, օրինակ՝ երիտասարդության
ազատ տեղաշարժի ու վիզաների տրամադրման, նրանց զբաղվածության, անգամ ծնելիության
բարձրացման մասին հարցեր: Հետաքրքիրն այն է, որ երիտասարդների անարգել տեղաշարժի
համար պայքարող Խաչիկյանի գլխավորած պատվիրակությունը խնդիրներ է ունեցել Հայաստանում
Իտալիայի դեսպանատանը, եւ 7 հոգուց Իսպանիա մեկնելու թույլտվություն է ստացել միայն
3-ը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ


















































