Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՒԼԱՅԻՆ

Դեկտեմբեր 03,2004 00:00

ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍԽԱԼ ԷՐ «Արդարություն» խմբակցության անդամ Ստեփան Զաքարյանը չի ընդունում ղարաբաղյան խնդրի ոչ ներկայիս, ոչ էլ նախկինում առաջարկվող լուծումները: – Բաբկեն Արարքցյանը օրերս հայտարարեց, որ այս իշխանությունների յուրաքանչյուր քայլը տանում է պարտության եւ որ իշխանությունները չեն կարող լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը: Իսկ միջազգային հանրությունն այլեւս մտադիր չէ հարցը ձգձգել եւ արագ լուծման ուղիներ է պահանջում: Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանությունների ջանքերը բավարա՞ր են հարցի լուծման համար: – Այս իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը, թե երկրի ներսում, թե դրսում, ստեղծել է մի վիճակ, երբ Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային մեկուսացման մեջ: Մենք շատ հարցերում մենակ ենք, եւ այս վիճակն անմիջական կապ ունի Ղարաբաղի հետ: Այնպես որ, ի տարբերություն Բաբկեն Արարքցյանի, ես գտնում եմ, որ Ղարաբաղի հարցի բարդացումը կապված է հենց ընդհանուր արտաքին քաղաքականության հետ, ընդհանուր ապաշնորհության հետ: Սակայն չէի ասի, որ ՀՀՇ-ի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի բանաձեւը ճիշտ բանաձեւ է: Եթե մենք ասում ենք, որ մեկը ապաշնորհ է, չի նշանակում, որ մյուսը լավն է: Այնպես որ, չեմ կարծում, որ 97-ին մենք պետք է գնայինք փուլայինին: Ընդհակառակը, չպիտի գնայինք, բայց այնպիսի քաղաքականություն պիտի վարեինք, որ այսօր շահեկան վիճակում լինեինք: Այնպես որ, երբ մենք ասում ենք «իշխանափոխություն», հարցը միայն ներքին քաղաքականությանը չի վերաբերում: Կարծում եմ՝ Ղարաբաղի հարցը ավելի հեշտ կլիներ լուծել, եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական, զարգացող, ուժեղ պետություն, եթե մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ ավելի սերտ լինեին, եթե տարածաշրջանային բոլոր ծրագրերը մեզ չշրջանցեին, եթե Ռուսաստանի «վասալը» չլինեինք: Իսկ Ռուսաստանը իրար հետեւից կոպիտ սխալներ է թույլ տալիս: Նախ Հայաստանում՝ պաշտպանելով այս ռեժիմը, հետո՝ Վրաստանում, հիմա էլ՝ Ուկրաինայում: Հայաստանում Ռուսաստանին հաջողվեց պահպանել ռեժիմը: Թե ինչո՞ւ՝ երկար բացատրելիք հարց է: Բայց մի բան ակնհայտ էր՝ նախագահի թեկնածուն, որն իրականում հաղթեց Հայաստանում, չուներ հակառուսական դիրքորոշում, եւ այդ պատճառով Արեւմուտքն այնպես չմիջամտեց եւ չօգնեց, ինչպես Ուկրաինայում կամ Վրաստանում: Եվ այստեղ եւս երեւաց Ռուսաստանի ապաշնորհությունը: Նաեւ այսօրվա իշխանության բախտը բերեց, որ մենք երկրի ճակատագրով մտահոգ ուժեր էինք: Եթե մենք մտածեինք միայն իշխանության գալու մասին, մենք կգտնեինք այն միջոցները, որ այսօր կային Վրաստանում եւ Ուկրաինայում: – Որքանո՞վ եք հավանական համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: – Այս ամբողջ աղմուկը համարում եմ անլուրջ, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը հստակ չխոսի եւ իր տեսակետը չասի այդ մասին: Կարծում եմ՝ այս ամբողջ աղմուկը ավելի շատ նրա շրջապատի ցանկության արդյունքն է, քան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Չեմ կարծում, որ անձամբ ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է վերադառնալ: Այլ հարց է, որ Ղարաբաղի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջերս արտահայտած տեսակետի հետ կապված ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ այդ հարցն էր նրա՝ իշխանությունից հրաժարվելու պատճառը, այն իր համար ցավոտ հարց է, եւ նա կրկին պնդեց իր տեսակետը, եւ դա բնական է: Որովհետեւ տեսնում ենք, որ այս իշխանությունները արտաքին քաղաքականությունը լրիվ ձախողել են: Բնական է առաջին նախագահի ցանկությունը՝ ցույց տալ, որ ինքը ճիշտ էր: Սակայն ուզում եմ կրկնել, որ այս իշխանությունների այսօրվա ապաշնորհությունը չի նշանակում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր 97-ին: – «Արդարություն» խմբակցությունը հայտարարեց, որ Իրաք հայկական զորախումբ ուղարկելու մասին հարցի քննարկումների ժամանակ պատրաստ է վերադառնալ խորհրդարան, քանի որ կարեւորում է հարցը: Արդյոք սա չի՞ նշանակում, որ դուք հարմար պատրվակ եք փնտրում վերադարձի համար: – Պետական, ազգային անվտանգության հարցերում «Արդարություն» դաշինքը պարտավոր է չլռել եւ պարտավոր է ամեն ինչ անել: Իրաք զորք ուղարկելու հարցը մեր ժողովրդի անվտանգության հարցն է նաեւ: Մենք հիանալի տեսնում ենք, թե ինչ կատարվեց Իսպանիայում, իսկ մենք այդ տարածաշրջանին շատ ավելի մոտ ենք, եւ չեմ կարծում, որ միայն Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցներին է վտանգ սպառնում: Ես անմիջական մեծ վտանգ եմ տեսնում նաեւ Հայաստանի համար: Վրաստանն ու Ադրբեջանը այլ իրավիճակում են, մենք՝ բոլորովին այլ: Եվ այն ուժերը, որոնք ահաբեկչական իմաստով վտանգ են ներկայացնում, այդ երկու երկրների հետ կապված շահեր ունեն, եւ եթե այդ պետությունները կարող են իրենց թույլ տալ երկակի խաղ խաղալ, Հայաստանը այդ ռեսուրսը չունի: Ինչ վերաբերում է վերադառնալու պատրվակին, մենք դրա կարիքը չունենք, եւ եթե քննարկվեն կարեւոր հարցեր, ինչպես, օրինակ, Ղարաբաղի հարցը, իհարկե, պարտավոր ենք գալ ԱԺ: Բայց դա չի նշանակում, որ պիտի մասնակցենք բոլոր նիստերին: – Ձեր կարծիքով՝ խորհրդարանը ինչպիսի՞ լուծում կտա Իրաք զորքեր ուղարկելու հարցին: – Բոլոր սթափ մարդիկ վտանգը տեսնում են: Կարծում եմ՝ թեպետ ուշացումով, բայց այս իշխանություններն էլ հասկացել են, որ սխալվել են, եւ այս ձգձգումը դրա ապացույցն է: Հիշո՞ւմ եք, թե վարչապետը սկզբում որքան վճռական էր Իրաք զորք ուղարկելու հարցում, հետո՝ նահանջեց: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել