Լրահոս
Օրվա լրահոսը

Պրյախինը ամփոփեց տարին

Դեկտեմբեր 15,2004 00:00

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը գտնում է, որ սափրագլուխներին դատել են իր ղեկավարած կառույցի պնդմամբ:

Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինն ամփոփեց 2004 թ. Հայաստանում ԵԱՀԿ առաքելության գործունեությունը: Նա անդրադարձավ գրասենյակի՝ քաղաքական ոլորտում, ընտրական բարեփոխումների եւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կարգի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք, նրա ասելով, տեղի են ունեցել ՀՀ օրենսդիր եւ գործադիր օղակների հետ սերտ համագործակցության պայմաններում:

Ըստ նախապես բաժանված ամփոփագրի` քանի որ ս.թ. մայիսին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ընդունված օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ուստի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը միջնորդել է իշխանություններին օրենսդրությունը բարելավելու նպատակով մի շարք դրույթներում փոփոխություններ կատարել: Ինչ վերաբերում է հանրահավաքների ընթացքում կալանավորված անձանց, գրասենյակն այս տարի մի քանի անգամ դիմել է ՀՀ իշխանություններին՝ խնդրելով ազատ արձակել նրանց, իսկ մյուսների նկատմամբ՝ ում դեմ հարուցվել են քրգործեր, արդար դատավարություն անցկացնել:

Տարեկան ամփոփագրում նշված էր նաեւ, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շարունակում է հետեւել «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների հետ կապված գործընթացներին եւ ԶԼՄ-ների մասին օրենսդրության հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում խթանում է «Հեռահաղորդակցության մասին» օրենքի փոփոխությունների մշակմանը: «Այս օրենքում կատարվելիք բարեփոխումները պետք է նպաստեն ընդհանուր իրադրության բարելավմանը՝ եւ «Ա1+»-ի, նաեւ այլ նմանատիպ խնդիրների լուծմանը»,- հույս հայտնեց դեսպանը: Նա ողջունելով Քրեական օրենսգրքում կատարված որոշակի փոփոխությունները, որով ապաքրեականացվում են վիրավորանքն ու զրպարտանքը, միաժամանակ դժգոհեց, որ դրանք դեռեւս մնում են որպես քրեական հանցանք, որ դեռեւս կան դրույթներ, որոնք ավելի շատ ապահովում են պետական պաշտոնյաների պաշտպանվածությունը, քան շարքային քաղաքացիներինը: Բացի այդ, գրասենյակը իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների մոտ բարձրացրել է մի շարք մտահոգիչ հարցեր, որոնց թվում են` «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները եւ լրագրողների վրա կատարված հարձակումները: Այս վերջինի առնչությամբ նա առանձնապես նշեց. «Լրագրողների նկատմամբ բռնություններին վերաբերող գործերի մեծ մասի առնչությամբ մեզ հաջողվեց հասնել ցանկալիին: Առաջին անգամ անկախ ՀՀ-ի պատմության մեջ քրեորեն պատժվեց լրագրողների վրա հարձակված մարդ»,- ասաց պրն Պրյախինը՝ նկատի ունենալով Ծաղկաձորում, իր բառերով ասած՝ «բազմաչարչար» Աննա Իսրայելյանի դեմ կատարվածը: Մյուս դեպքերի, այդ թվում՝ այս տարվա ապրիլի 13-ի գիշերը «Հայկական ժամանակ» թերթի լրագրողների, OPT հեռուստաընկերության օպերատորի դաժան ծեծի եւ այդ փաստերով այդպես էլ քրգործ չհարուցելու եւ անպատիժ մնացած պաշտոնյաների մասին պարոն Պրյախինը ոչինչ չասաց:

Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել