Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՄԱՆՏԻԿ ՎԱԶԳԵՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԽՈՍ ՎԱՆՈՆ

Հունվար 21,2005 00:00

Նախորդ՝ «Քաղաքականություն եւ լեզու»
հոդվածում խոսք եղավ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Պարույր Հայրիկյանի լեզվի առթիվ, այժմ
անդրադառնանք Վազգեն Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի լեզվական վարքագրությանը: Որպեսզի
հասկանալի լինի արծարծվող խնդիրը, մեկ-երկու նախադասությամբ վերհիշենք հոդվածի հիմնական
գաղափարը: Լեզվաբանության մեջ հայտնի տեսություն կա, ըստ որի, ոչ թե իրականությունն
է որոշում լեզուն, որով նրա մասին խոսվում է, այլ ընդհակառակը, լեզուն ամեն անգամ
նորովի է լուսաբանում իրականությունը: Այլ կերպ ասած՝ իրականությունը միջնորդավորված
է լեզվով եւ մարդուն շրջապատող աշխարհը այնպիսին է, ինչպիսին լեզուն ներկայացնում
է կամ որ նույնն է՝ մարդն այն է, ինչ եւ ինչպես խոսում է: Կարելի էր զարգացնել այս
գաղափարը եւ ասել, որ մարդկանց եւ դասակարգերի միջեւ եղած անջրպետը, ի վերջո, լեզվական
է ու բավական է գտնել ընդհանուր լեզու եւ տարբերությունները կվերանան: Սակայն սա
չափազանց իդեալիստական տեսակետ կլիներ, քանի որ իրականում լեզուները բազմաթիվ են:
Իսկ հանուն ընդհանուր լեզվի՝ հարկ չկա ոչնչացնել բազմազանությունը, որովհետեւ անհատական
մակարդակում դա ինֆորմացիոն մահ կլիներ յուրաքանչյուր մարդու համար: Վազգեն
Մանուկյանը հայկական հեղափոխության, ապա նաեւ անկախության առաջին գաղափարախոսն է:
Ընդհանուր տպավորությամբ նա հակասական է եւ հաճախ այդպես էլ ընկալվում է: Իրականում,
սակայն, հակասականությունը ոչ թե գաղափարախոսական է, այլ լեզվական: Լեզուն ճիշտ չի
արտացոլում գաղափարախոսին: Նրա լեզվական գիտակցության մեջ առկա է երեք շերտ. ա) գրական,
բ) շեշտված խոսակցական հնչերանգ եւ կառուցվածք, գ) չափազանց առատ են օտարաբանությունները,
որոնք գրեթե անխուսափելի են ցանկացած հայ տեխնոկրատի լեզվում: Այս ամենը նրա լեզվում
«ինֆորմացիոն աղմուկ» է առաջացնում, հակառակ այն բանի, որ միտքը խստորեն համակարգված
է: Պարզապես կազմակերպված միտքը կազմակերպված լեզու չունի: Դա գալիս է նաեւ նրանից,
որ Վազգեն Մանուկյանի համար լեզուն ընդամենը հաղորդակցման միջոց է եւ ոչինչ ավելի:
Այդ պատճառով նրա միտքը ոչ թե դժվարանում, այլ չի ցանկանում լեզվական ճշգրիտ ձեւակերպում
գտնել. ձեւը մշտապես աղքատ է, քան բովանդակությունը, ուստի բովանդակությունը շատ
անգամ անհասկանալի է: Որքան էլ Մանուկյանը տեխնոկրատ է, պրագմատիկ չէ: Որպես
իսկական պրագմատիկի, նրան խանգարում է առաջինը լինելու բարդույթը: Նա մտքի թռիչքի,
միաժամանակ՝ լեզվական անկման լավագույն օրինակ է: Նրա երեւակայությունը կիրառելի
չէ: Այն ստեղծագործական է անգամ այն ժամանակ, երբ նախապես գիտի, թե ինչ է ուզում
ասել. միտքը լեզվից առաջ է ընկնում: Սա նրան տալիս է ռոմանտիկի հատկանիշներ, որոնք
դժվարացնում են պրագմատիկ դառնալը: Եթե անտեսենք այս ամենը եւ նրան պրագմատիկ համարենք,
ապա կարելի է ասել, որ նրա պրագմատիզմը ավելի շուտ պատմական է, քան իրական: Սրա լավագույն
օրինակը հայ ժողովրդին տված «համաշխարհային ազգ» բնորոշումն է, ձեւակերպում, որ նրան
«ազգային» դարձրեց, ինչը, բնականաբար, պետք է հակասեր նրա՝ լիբերալիզմի եւ ժողովրդավարության
մասին պատկերացումներին: Վանո Սիրադեղյանը հայաստանյան քաղաքական խաղատախտակի
ամենաինքնատիպ ֆիգուրն է: Նրա բացակայությունը շատ ավելի զգալի է, քան ներկաներից
շատ-շատերի ներկայությունը: Ավելի ճիշտ՝ նրա բացակայությամբ հայ քաղաքական դաշտը
միագույն է, եթե չասենք՝ գորշ-միագույն: Նրա ներկայությունը անհանգստացնող էր, բացակայությունը՝
նույնպես: Վանո Սիրադեղյանը ճշգրիտ բանաձեւումների վարպետ է: Լեզուն եւ քերականությունը
ստանդարտ-դասագրքային չէ, ինչպես ինքը: Հանրային գիտակցության մեջ նրա ընդունվածությունը
եւ չընդունելը համարժեք չեն, ուստի տրված գնահատականները անհամատեղելի են. եւ ընդունելն
է սուբյեկտիվ, եւ չընդունելը: Առհասարակ, ընդհանուր չափանիշներին անհամապատասխանությունը
ցանկացած մշակույթում դժվարությունների հետ է կապված, էլ չենք խոսում հայ իրականության
մասին: Սիրադեղյանի ինտելեկտը հասնում է ճշմարիտ խորության, սակայն տառացիորեն զուրկ
է խորամանկությունից: Այդ պատճառով նա եղավ իսկական պետական գործիչ, բայց երբ փորձեց
քաղաքական-կուսակցական գործիչ լինել՝ տապալվեց, բավարար եւ անհրաժեշտ խորամանկություն
չունենալու հետեւանքով: Սա, թերեւս, նրա՝ որպես անհատի, ամենամեծ ողբերգությունն
է: Վանոյի լեզուն մշտապես ստեղծագործական ելք փնտրող ինտուիցիայի լեզուն է, որ ցանկանում
է ռացիոնալացվել եւ շատ դեպքերում հաջողվում է, սակայն դա նրա վարքը ռացիոնալ չի
դարձնում, ուստի մշտապես ջղային մարդու տպավորություն է թողնում: Նրան նույնպես վերապահությամբ
կարելի է պրագմատիկ համարել, բայց, ի տարբերություն Վազգեն Մանուկյանի՝ միանգամայն
այլ պատճառաբանությամբ: Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին նրա պատկերացումները
իրական են. նա իրական Հայրենիքը նախընտրում է պատմականից: Պատմության հանդեպ նա պատրանքներ
չունի: Սա կարող էր պրագմատիզմի բավարար հիմք լինել, սակայն ոչ ստանդարտ հոգեկերտվածքը
խանգարում է: Նրա լեզուն ցայժմ եղած լավագույն ընդդիմախոսի լեզուն է, որ բոլոր առումներով
պակասում է գործող ընդդիմությանը: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել