Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՀԱԲԻ» ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

Փետրվար 02,2005 00:00

Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ
եղան: Շարունակվում էր քաղաքացի Վլադիմիր Սահակյանի հայցի քննությունը իրանական
«Շահաբ» քիմմաքրում ՍՊԸ-ի նախագահ, Իրանի քաղաքացի Փարվիզ Ալամդարիի դեմ: Նախորդ
դատական նիստի ժամանակ փոխվեց հայցվորի ներկայացուցիչը եւ Ս. Չիչոյանի փոխարեն ներգրավվեց
նոր ներկայացուցիչ՝ Մհեր Շահնազարյանը: Պատասխանող Փարվիզ Ալամդարին շարունակեց տալ
իր բացատրությունը եւ պնդեց, որ հայցվորի հետ կապ չունի, նրան $25800 գումար երբեք
չի տվել եւ որ ինքը $12000 է տվել ՀՀ նախագահի իրավաբանական վարչության պետ Վրեժ
Գասպարյանին: Իրանցի գործարարի դիրքորոշումը մանրամասն ներկայացրել ենք մեր նախորդ
հրապարակման մեջ: Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց պատասխանողին, հիշեցնելով,
որ այդ ամենն արձանագրված է եւ խնդրեց նոր հանգամանքների մասին խոսել: Պատասխանողը
դռնբաց դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը դիմելու է դատախազություն՝ Վ.
Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, քանի որ ունի տեսաերիզներ,
փաստեր, որ «իրեն 4 տարվա ընթացքում ազգային անվտանգությունով, վիզաների վարչությունով
փորձել է վատություն անել»: Հայցվորի ներկայացուցիչ Մ. Շահնազարյանը հանդես
եկավ հայտարարությամբ: Նա գտնում էր, որ պատասխանող կողմը «սովորական քաղաքացիաիրավական
վեճը դարձրել է տարբեր քննարկումների առարկա եւ ցանկանում է զրպարտչական, ակնհայտ
սուտ տեղեկություններով զրպարտել մի անձի եւ հաշվի չի առնում այդ ընթացքում նաեւ,
թե ինքը ինչպիսի գործողություններ է կատարել իր ժամանակին»: Փաստաբան Մ. Շահնազարյանը
եւս սպառնաց քրեական գործ հարուցել Իրանի քաղաքացու նկատմամբ, որը «ունեցել է լայն
հնարավորություններ՝ օգտվելու վերեւների հովանավորությունից»: Հայցվորի ներկայացուցիչը
հիշեցրեց «Շահաբի» տնօրենին, թե ինչպես է նրա կողմից ղեկավարված «Կանաչ ճանապարհ»
ՍՊԸ-ն լուծարվել, հետագայում Արտաշատի «Ճանշինը» լուծարվել, թե ինչպես «Շահաբից»
հետո առաջացավ «Շահաբ» ՍՊԸ-ն: Մ. Շահնազարյանի պնդմամբ, պատասխանողի նպատակն է խուսափել
հարկային պարտավորություններից եւ «Շահաբի» մասով էլ՝ հենց այս քրեական գործով առկա
պարտքի վճարումից: Նա գտնում էր, որ հայցը ենթակա է բավարարման, որ գումարը կվերադարձնի:
Ապա հանձնելով գրավոր հայտարարությունը դատարանին եւ պատասխանող կողմին, հայցվորի
ներկայացուցիչը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել քաղգործի հետագա քննությանը:
«Վստահորդիս անունից ուզում եմ հայտնել, որ այս գործով իրավական գնահատական կստանա
այլ վարույթներում, ինչպես դատական, այնպես էլ դատականից դուրս»,- ասաց նա: «Շահաբի»
ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը, օգտվելով իր իրավունքներից, հարցրեց դատարանին,
թե նախորդ նիստում հարցում էր արվել Վ. Սահակյանի ներկայացուցչին վճարված գումարի
չափը ճշտելու, եւ պատասխան այդպես էլ չստացավ: Դատավոր Մ. Մարտիրոսյանը ասաց, որ
հնարավոր է պատասխանեն գրավոր: Հիշեցնենք, սակայն, որ Սահմանադրական դատարանը միայն
ունի գրավոր ընթացակարգով դատաքննություն անելու իրավասություն: Իրանի քաղաքացին,
որը երեկ հրաժարվել էր թարգմանչի ծառայությունից եւ վարժ խոսում էր հայերեն, սպառնաց,
թե «պիտի հերքեմ այն, ինչ ասվեց»: Դատաքննությանը ներկա էին քաղաքացիական
հագուստներով բազմաթիվ «արվեստագետներ», որոնք զինված էին բջջային հեռախոսներով,
ականջակալներով, նույնիսկ տեսախցիկով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել