Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱՎԱՐԻ

Փետրվար 04,2005 00:00

«ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ՄԵՐԺՈՒՄ» Այսպես բնութագրեց «Արդարություն» խմբակցության քարտուղարն այն պատասխանը, որ կոալիցիան իր հայտարարությամբ տվեց սահմանադրական քննարկումներին ընդդիմության մասնակցության շուրջ առաջարկներին: Հանդիպման վայրը փոխել չի լինի Թեեւ վաղօրոք արված հավաստիացումներին, որ ԱԺ նախագահի մոտ երեկ հրավիրված քննարկումներին չեն մասնակցելու ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացուցիչները՝ նշանակված ժամին Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակի մոտ հայտնվեցին բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի «Արդարությունից»: Վերջինիս խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նախապես հայտնեց լրագրողներին. «Մենք առաջարկել էինք, որ սահմանադրական բարեփոխումների սկզբունքների վերաբերյալ կոալիցիան արտահայտի իր տեսակետները: Չենք մասնակցելու այդ քննարկումներին, քանի որ չունենք գրավոր պատասխան: Մեր գործընկերները 10-օրյա ժամկետ են ունեցել, եւ ցանկալի կլիներ, որ նրանք գոնե 2 օր առաջ այդ փաստաթուղթը ներկայացնեին մեզ»: ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վաղօրոք նշել էր, թե աննպատակահարմար են գտնում «մասնակցել մի քննարկման, որի օրակարգը մեզ համար անընդունելի է», եւ ՀՀԿ-ի համար բացարձակապես միեւնույն է՝ արդյոք ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկմանը՝ այսուհանդերձ ինքը մասնակցեց ԱԺ նախագահի մոտ հրավիրված հանդիպմանը: «Մեր հայտարարության մեջ հստակ ամրագրված է ՀՀԿ-ի տեսակետը ընդդիմության հետ հարաբերությունների եւ առաջարկների նկատմամբ,- նշեց պրն Թորոսյանը:- Իսկ հանդիպումը նպատակ ուներ հայտարարությունը ներկայացնել ընդդիմության մեր գործընկերներին: Եվ անտրամաբանական կլիներ չմասնակցելը մեր ստորագրած հայտարարությունը փոխանցելու արարողությանը»: Կոալիցիան լղոզում է հետքերը Մինչ հայտարարության հրապարակումը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ավելի բաց տեքստով էր խոսում: «Մենք դեմ ենք, որ Սահմանադրության խնդիրը որեւէ քաղաքական ուժի կողմից սպասարկի մեկ այլ, օրինակ՝ իշխանափոխության խնդիր,- ասում էր նա:- Սահմանադրական գործընթացը քաղաքական նկատառումներով օգտագործելու ցանկացած փորձ մեր կողմից հակազդվելու է»: Իսկ կոալիցիայի հայտարարությունը շատ ավելի դիվանագիտական լեզվով է. «Հավատարիմ մնալով խորհրդարանական համագործակցության ոգուն, ափսոսանք հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման փուլում համաձայնության սկզբունքով համատեղ աշխատելու կոալիցիայի առաջարկը դրական արձագանք չունեցավ ընդդիմության կողմից, կարեւորելով ընդդիմության կառուցողական դերակատարությունը եւ մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին, կարեւորելով սահմանադրական փոփոխությունների մշակման եւ ընդունման գործընթացում առավել լայն համաձայնության ապահովման անհրաժեշտությունը եւ վերահաստատելով կոալիցիայի պատրաստակամությունը՝ այդ գործընթացում լայն համագործակցության համար, ողջունելով «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ցանկությունը՝ սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ, արժեւորելով համատեղ աշխատանքը նախագծի փոփոխությունների առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշումների ձեւավորման համար, համարելով երկու խմբակցությունների ներկայացրած առաջարկությունները հանգամանալից քննարկման արժանի, ընդգծելով, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների, ինչպես նաեւ այլ առաջարկությունների նկատմամբ դիրքորոշումների հստակեցման համար կարեւոր նշանակություն ունեն ինչպես հասարակական-քաղաքական քննարկումները, այնպես էլ խորհրդարանական աշխատանքը ԱԺ գլխադասային հանձնաժողովում եւ լիագումար նիստում, կոչ ենք անում առաջարկությունների հեղինակներին՝ մասնակցել այդ գործընթացին, որի ընթացքում կձեւավորվեն վերջնական դիրքորոշումները»: Հետհանդիպումային մեկնաբանություններ «Ազգային միաբանություն» խմբակցությունը հայտարարել էր, որ եթե այս հանդիպման ընթացքում ստանան գրավոր պատասխան՝ թե իրենց առաջարկներն ընդունելի են կոալիցիայի համար, «ուրեմն՝ իմաստ կունենա մասնակցել քննարկումներին: Իսկ եթե՝ ոչ, չենք մասնակցի: Մենք չենք ուզում նպաստել ընդդիմության հետ աշխատանքի իմիտացիայի փորձ ստեղծելու կոալիցիայի ծրագրին»: Կոալիցիայի այս հայտարարությունից հետո «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը վրդովված էր. «Որոշակի սահման կա շողոքորթության, կեղծարարության եւ անբարոյականության: Բայց երեւում է՝ այդ սահմանը շատ ավելի մեծ է: Ջուր ծեծելու գործընթաց է ընթանում՝ հավաքվեք, խոսենք, թե ինչ կստացվի՝ վերջում ցույց կտա քվեարկությունը: Մի անգամ եւս համոզվեցինք, որ մեր բոլոր խոսակցությունները պիտի վարենք հանրապետության առաջին դեմքի հետ՝ նա՛ է որոշում, իսկ մնացածն ուղղակի «դամքաշներ» են»: «Արդարություն» խմբակցությունը նույնպես չէր թաքցնում հիասթափությունը՝ որ չէր սպասում նման լղոզված հայտարարության: «Կոալիցիան անհեռանկարայնորեն ենթարկվեց Ռոբերտ Քոչարյանի ճնշմանը եւ ամեն ինչ արեց, որ սպասվելիք սահմանադրական հանրաքվեն դառնա իշխանությունների անվստահության հանրաքվե»,- նշեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին հիշեցրինք եվրոպական կառույցների բազմիցս արված հայտարարությունները, որոնցով Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը կոչ է արվում վերսկսել երկխոսությունը եւ ապահովել փոխհամաձայնություն, նաեւ ընդգծվում է կարեւորությունը, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվեն քաղաքական ուժերի հետ իրական խորհրդատվություններից հետո: Արդյոք կոալիցիայի այս հայտարարությունը երկխոսության քողարկված մերժո՞ւմ չէր: «Չեմ կարծում, թե քողարկված ձեւով մերժում է, եւ առավել եւս՝ չեմ կարծում, թե սա հակասում է այն մոտեցմանը, որ միշտ ներկայացնում են միջազգային կազմակերպությունները,- ասաց պրն Թորոսյանը:- Ի վերջո՝ միջազգային կազմակերպությունները չեն ասել, չէ՞, որ ընդդիմության հայտարարության մեջ եթե ինչ-ինչ լուծումներ են առաջարկվում՝ հենց հայտարարությամբ էլ պիտի լուծվեն հարցերը»: Նաեւ նշեց, թե ճիշտ չի համարում գործընկերների մոտեցումը՝ որ եթե ընդունվեն իրենց սկզբունքները՝ կմասնակցեն սահմանադրական քննարկումներին, այլապես չեն մասնակցի: Նկատեցինք, թե ընդդիմությունը գերազանցապես այլ լուծումներ չի էլ նշել, քան առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը: Իսկ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների դիտարկման հանձնախումբն արդեն որպես պարտադիր դրույթ է նշում, թե այս անգամ հանրաքվեի պիտի ներկայացվի այն նախագիծը, որը կարժանանա Վենետիկի հանձնաժողովի հավանությանը եւ ոչ թե՝ ինչպես 2003-ին էր, մեկ այլ տեքստ: Տիգրան Թորոսյանը խոստացավ, թե հանձնաժողովի բոլոր մոտեցումները անպայման մանրակրկիտ քննարկվելու են եւ ճշտվելու է, թե որն է ընդունվում կամ ոչ. «Նրանք երբեք չեն ասում, թե ինչ ասում ենք՝ պիտի հենց այդպես էլ ընդունեք: Բայց իրենց հետ երկար տարիների աշխատանքի փորձը վկայում է՝ եթե նրանք առաջարկում են մի լուծում, բայց դու առաջարկում ես լիարժեք մեկ այլ լուծում, իրենք դա եւս ընդունում են»: Մտավախություն չունի՞, որ եթե այս հայտարարությունից հետո ընդդիմությունը հրաժարվի մասնակցել սահմանադրական գործընթացին, կստացվի, թե կոալիցիան եւս մի հնարավորություն ձախողեց անցկացնելու երկխոսություն, որն այդքան կարեւորվում է ե՛ւ մեր ներքաղաքական կյանքում, ե՛ւ միջազգային ասպարեզում: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Համոզված եմ՝ ո՛չ, քանի որ երկխոսության կոչերը չեն նշանակում վերջնագրեր ներկայացնել, որն, ըստ էության, հնչում էր ընդդիմության այդ հայտարարության մեջ: Մենք էլ կարող էինք հայտարարության մեջ գրել, որ եթե չգան ու չմասնակցեն հանձնաժողովի եւ ԱԺ նիստերին, ապա… Չեմ կարծում, թե դա լավագույն ձեւն է միմյանց հետ աշխատելու կամ աշխատանքի տեղ թողնելու համար»: Սակայն ընդդիմությանը որոշակի երաշխիքներ էին պետք, որ եթե մասնակցեն՝ իրենց ձայնը հաշվի է առնվելու, իսկ կոալիցիան այս անգամ փաստորեն հրաժարվեց տրամադրել նման երաշխիքներ: «Երաշխիքները տրվում էին այն ժամանակ, երբ մշակում էինք նախագիծը,- հիշեցրեց Տիգրան Թորոսյանը:- Իսկ հիմա պետք է ոչ թե իրար երաշխիքներ տանք, այլ ընդդիմությունը պիտի կատարի իր դերը՝ մասնակցի քննարկումներին, ներկայացնի առաջարկներ: Կարծում եմ՝ կընդունվեն բոլոր ողջամիտ առաջարկները: Իսկ եթե չընդունվեն՝ չընդունող կողմը կհայտնվի շատ անհեթեթ իրավիճակում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել