Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՍՏԱՏՈՒՍ – ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՆԸ

Մարտ 01,2005 00:00

1998-ի
հունվարին փորձագետները զեկույց են ներկայացրել ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության
խորհրդին Դեռ 1998-ի հունվարին` իշխանափոխությունից մոտ մեկ ամիս առաջ, ՀՀ
նախագահին կից Անվտանգության խորհրդի նիստի համար փորձագետները ԼՂ հարցին առնչվող
զեկույց էին պատրաստել, որը կոչվում էր` «Հինգ այլընտրանք հայկական կողմի համար»։
Փաստաթղթում թվարկած տարբերակների թվում քննարկվել էր նաեւ «Սառեցնել արդի իրավիճակը՝
սպասել ավելի լավ օրվա» տարբերակը: Քանի որ ՀՀ ներկայիս իշխանություններն, ըստ էության,
ընտրել են հենց այս տարբերակը, հետաքրքիր է իրականության հետ համեմատել փաստաթղթում
արված կանխատեսումները։ Ըստ այդմ, հարցի լուծումը հետաձգելու պայմաններում «Ադրբեջանը
կշարունակի եւ ինտենսիվ կդարձնի իր դիվանագիտական պատերազմը՝ միաժամանակ պատրաստվելով
ռազմական գործողությունների: Տնտեսական զարգացման հարցում Ադրբեջանն աստիճանաբար
առաջ կանցնի Հայաստանից, որի միտումներն արդեն առկա են»: Ռուսաստանը «կարող է համարել,
որ, ընդհանուր առմամբ, հակամարտության լուծումը համապատասխանում է իր շահերին», բայց
մյուս կողմից՝ «կարող է նաեւ որոշել, որ հարցի լուծման հետաձգումը ձեռնտու է իրեն,
որովհետեւ հակառակ դեպքում տարածաշրջանում կորցնում է ազդեցության լծակը», կամ` «որովհետեւ
խաղաղությունը կավելացնի Արեւմուտքի, մանավանդ` ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում»,-
1998-ի հունվարին կանխատեսում են փորձագետները: Ինչ վերաբերում է Թուրքիային
եւ Իրանին, ապա առաջինը կշարունակի փակ պահել իր սահմանները, իսկ երկրորդը «կշարունակի
առերեւույթ դատապարտել այս իրավիճակը՝ որպես Հայաստանի ագրեսիա, սակայն Իրանի համար
այս կացության շարունակվելը ձեռնտու է: Վրաստանը կշարունակի մնալ նյարդային եւ կասկածամիտ.
կշարունակի Ադրբեջանի հետ տնտեսական եւ քաղաքական համագործակցության խորացումը, որն
ինքնաբերաբար կնշանակի տարածաշրջանում Հայաստանի մեկուսացում եւ տնտեսապես հետ մնալ,
այսինքն՝ կվարի Ադրբեջանի քաղաքականությունը»: Փաստաթղթում փորձագետները կանխատեսել
էին, որ ԱՄՆ-ը ճնշումները Հայաստանի վրա կավելացնի: «Ժամանակի ընթացքում, լուծման
բացակայության եւ առաջխաղացում չլինելու պայմաններում, կսկսի նվազեցնել իր ուղղակի
օժանդակությունը, նաեւ` իր դրական վերաբերմունքը ՄՏՀ եւ ՀԲ համակարգերում Հայաստանին
տրված օժանդակության հարցում: ԱՄՆ-ը կխորացնի եւ ավելի կթեժացնի Հայաստանի միջազգային
վարկի խաթարմանն ուղղված քարոզչությունը: Ավելի հավանական է, որ ավելացնի առաջարկները՝
պարտադրելով որեւէ բան ընտրել»: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա վերջինս հստակորեն
ասել է, որ «նվազեցնելու է իր օժանդակությունը, եթե հարցը չլուծվի եւ տարածաշրջանային
զարգացման հեռանկար չլինի»,- ասված է փաստաթղթում: Իսկ ընդհանուր առմամբ,
98-ին կանխատեսվում էր, որ «ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբի ճնշումներից, ճնշումները կշարունակի
երկու ուղղությամբ: Տարեկան հանդիպումների ընթացքում ճնշումներ կկիրառի ի նպաստ տարածքային
ամբողջականության սկզբունքի ընդունման» եւ կջանա մեկուսացնել Հայաստանը: ՄԱԿ-ի Անվտանգության
խորհուրդը, ըստ այդ զեկույցի, «կարող է ԵԱՀԿ-ի կամ ուղղակի համանախագահողների առաջարկությամբ
ընդունել նոր բանաձեւ՝ Հայաստանին պարտադրելով լուծման հիմքերը: Ժամանակի հետ կավելանա
ՄԱԿ-ի ԱԽ միջամտության հավանականությունը»,- նշում են փորձագետները։ Լուծումը
հետաձգելու դրական կողմը փաստաթղթում համարվում է այն, որ մենք ժամանակ կշահենք՝
կարգի բերելու մեր տնտեսությունը, բազմապատկելու օտար ներդրումներն այնքան, որ չեզոքացնենք
Ադրբեջանի նավթից ստացված տնտեսական առավելությունը: «Որպեսզի այս տարբերակը դառնա
գործոն, պետք է կարողանանք ոչ միայն փոխարինել ուղղակի դեֆիցիտի փակմանը հատկացված
նվազող օժանդակությունը, այլեւ ծածկել պաշտպանության հավելյալ ծախսերը, սոցիալական
բնագավառում արձանագրել դրական առաջընթաց: Նույնիսկ գումարային տեսակետից եթե կարողանանք
ներդրումները հասցնել Ադրբեջանի մակարդակին կամ գերազանցել այն, նավթային ներդրումների
եւ շահերի ռազմավարական կարեւորությունը միջազգային հանրության եւ երկրների համար
կմնա գերակշռող»,- գրում են փորձագետները: Նշվում է նաեւ, որ այս տարբերակն,
անշուշտ, լավագույնն է այն իմաստով, որ հնարավորություն է տալիս ՀՀ ու ԼՂ ղեկավարներին,
չընդունելով որեւէ լուծում, չհայտարարվել դավաճաններ, զիջողներ եւ այլն: Բայց «հարցն,
ի վերջո, վաղ թե ուշ լուծվելու է՝ մեր մասնակցությամբ, թե առանց մեզ»,- գտնում են
փաստաթղթի հեղինակները: «Ժամանակի ընթացքում մեր լծակները ավելանալո՞ւ, թե՞ նվազելու
են՝ համեմատած Ադրբեջանի հետ: Կամ՝ շահագրգիռ պետությունների եւ այլ կողմերի շահերը
փոխվելո՞ւ են, թե՞ մնալու են նույնը, իսկ փոխվելու դեպքում՝ արդյոք ի նպաստ մե՞զ,
թե՞ հակառակը»,- հարցնում են փորձագետները։ Ամենակարեւորը, սակայն, փաստաթղթի համաձայն`
«տնտեսական գործոնն է, քանի որ այս տարբերակի դեպքում շրջափակումները պահպանվելու
են, ինչը նշանակում է Հայաստանը նորմալ տնտեսական զարգացման հնարավորություն չի ունենալու
եւ ահագնացող տեմպերով ետ է մնալու թե Ադրբեջանից, թե Վրաստանից»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել