Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանն այսքան մոտ ու հեռու

Մարտ 03,2005 00:00

Չարենցավանցիների
համար մայրաքաղաք հասնելը հեշտ չէ – Ավտոբուսի գինը չի՞ լինի մի քիչ իջեցնեք,
ընկեր Մկրտչյան,- հարցնում է ուսանողներից մեկի ծնողը: – Չեմ կարող, ես մրցույթը
երկու հարյուր հիսուն դրամով եմ շահել,- պատասխանում է Չարենցավանի «Բեռնաուղեւորատարային»
պետական ՓԲԸ-ի տնօրեն Մելս Մկրտչյանը: – Հնարավո՞ր է ավտոբուսներ ավելացնել,-
հարցնում եմ ես: – Չեմ կարող, ես մրցույթում ինը ավտոբուս եմ շահել, որից
երկուսը պահուստում պետք է մնան,- ասում է տնօրենը եւ ցույց տալիս համապատասխան փաստաթուղթը:
Սա զրույցից մի հատված է, որը տեղի ունեցավ օրերս տնօրեն Մելս Մկրտչյանի սենյակում:
Նախկինում Չարենցավանի ուսանողների եւ մյուս ուղեւորների համար տարբեր գներ
էին սահմանված. ուսանողները վճարում էին հարյուր հիսուն դրամ, մյուսները՝ երկու հարյուր
հիսուն: 2002թ. սեպտեմբերից տոմսը բոլորի համար դարձավ երկու հարյուր դրամ: 2005-ի
հունվարից Չարենցավանի կայարանի տոմսարկղի մոտ փակցվեց հայտարարություն, որում հայտնվում
էր, որ սույն թվականի հունվարի 1-ից ուղեվարձը սահմանված է երկու հարյուր հիսուն
դրամ: «Ուղեվարձի բարձրացումը հիմնականում կապված է վառելիքի թանկացման հետ»,- գրված
է հայտարարության մեջ: Բացի գրավոր այս հայտարարությունից, վարորդները բանավոր հայտարարեցին,
որ այսուհետեւ յոթն անց կեսին եւ ութին շարժվող ավտոբուսները կանգառից՝ Աբովյան պուրակից
ներքեւ չեն իջնի: Սկզբում վարորդները պատճառաբանել էին, որ իրենց թույլատրված չէ
ուսանողներին մինչեւ համապատասխան բուհ հասցնել, բայց հետո նրանցից մեկը «խոստովանել»
էր՝ պարզապես զայրացած են ուսանողների վրա, որոնք տունդարձին օգտվում են «Գազել»-ներից:
Սակայն ճիշտ չէր լինի մեղքը բարդել բոլորի վրա, շատերը Չարենցավան վերադառնում են
ավտոբուսներով: Մյուսներն էլ ասում են, որ երկու հարյուր հիսուն դրամ ավտոբուսին
վճարելու փոխարեն հարյուր դրամ կավելացնեն եւ ավելի հանգիստ՝ «Գազել»-ով կգնան: Նշենք
միայն մի պայման՝ եթե հնարավոր լինի ներս սպրդել: Պետք է ասել, որ կեսօրին հնարավոր
է հանգիստ վերադառնալ Չարենցավան: Վիճակը բարդանում է երեկոյան, երբ ժամը հինգին
գնում է վերջին ավտոբուսը: Երկրորդ հերթ սովորող ուսանողները եւ մյուս ուղեւորները
աշխատում են որքան հնարավոր է հարմար կանգնել, որպեսզի «Գազել»-ի դուռը բացվելուն
պես ներս մտնեն: Որոշ ժամանակ գործում էր ավտոբուս՝ նաեւ ժամը յոթին: Այն հարցին,
թե ինչու այժմ չի աշխատում այդ ավտոբուսը, ընկերությունում պատասխանեցին. «Մենք ուսումնասիրել
ենք, ուշ ժամի ուսանող չկա»: Մեկ անգամ երեկոյան լինելով կանգառում՝ դժվար կլինի
հավատալ այդ ուսումնասիրությանը: Շատ ծանրաբեռնված են լինում նաեւ առավոտյան ավտոբուսները:
Թեեւ «Լազ» տիպի երեսուներկու տեղանոց ավտոբուսներին թույլատրված է տեղափոխել վաթսուներկու
մարդ, բայց ուսանողներն ասում են, որ իրենց հաշվարկներով երբեմն ութսուն-իննսուն
մարդ է լինում: «People in need» հասարակական կազմակերպությունը 2004թ. դեկտեմբերին
ստորագրահավաք էր կազմակերպել՝ ավտոբուսները ավելացնելու նպատակով: Կազմակերպության
կոորդինատոր Ռուզան Վարդանյանն ասում է, որ իրենք հավաքել էին մոտ հազար ստորագրություն,
որի հիման վրա էլ նամակ էին գրել պարոն Մկրտչյանին, սակայն մինչեւ օրս պատասխան չեն
ստացել: Այդուհանդերձ, կազմակերպության անդամները մտադիր չեն պայքարը թուլացնել,
նամակ կգրեն նախագահին: Տարբեր տարիների նմանատիպ բողոք-դիմումների համար
ուսանողները ստորագրել են մի քանի անգամ: Ուսանողական խորհրդի նախագահ Հարություն
Ծատուրյանն ասում է, որ անցյալ տարի իրենք դիմեցին անգամ տրանսպորտի նախարարություն
եւ համառ պայքարից հետո ժամը ինին եւ յոթին ավտոբուսներ ավելացրին: ԱՆԱՀԻՏ
ՓԻԼՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել