Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՉ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Մարտ 08,2005 00:00

ԿՈՉ՝
ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ Կանանց միջազգային (թե՞ ազգային) տոնը շատ
լավ առիթ է տղամարդկանց մասին խոսելու: Տվյալ դեպքում՝ հայ տղամարդկանց: Սակայն այդ
թեմայով խոսակցությունը, ի վերջո, դարձյալ հանգեցնում է կանանց, ավելի ստույգ՝ այդ
տղամարդկանց մայրերին: Իմ խորին համոզմամբ, հայ տղամարդկանց խնդիրների մեծ մասը գալիս
է մայրերի՝ որդիների նկատմամբ վերաբերմունքից: Մեզանում մայրն իր որդուն սովորաբար
նայում է որպես աշխարհի ութերորդ հրաշալիքի. «Իմ տղան ամենասիրունն է, ամենահանճարեղը,
ամենաազնիվը»: Այդ «կանխավարկածից» անմիջապես հետեւում է «գործողությունների ծրագիրը».
«Պիտի ինձ զոհաբերեմ, որ նրա ոտքը քարի չդիպչի»: Նման սիրո անմիջական արդյունքն այն
է, որ տղան, ապագա տղամարդը դառնում է ծայրահեղ էգոցենտրիկ, սեփական ցանկություններից
եւ ամբիցիաներից բացի՝ որեւէ այլ բան չճանաչող: Իրական կյանքը, իհարկե, ամբողջությամբ
մեղրուկարագից բաղկացած չի լինում, եւ մեր ոտքերը պարբերաբար տարբեր տեսակի քարերի
են դիպչում: Մասնավորապես, ոչ բոլոր տղաներն են օլիգարխ, հարկային տեսուչ կամ «գաիշնիկ»
դառնում. շատերի համար ճակատագիրն ավելի համեստ դեր է նախատեսում: Նման դեպքերի համար
մայրերն ունեն իրենց բացատրությունը. «Իմ խեղճ երեխեն (որն այդ պահին կարող է լինել
արդեն 40 կամ 50 տարեկան – Ա. Ա.) հեչ բախտ չունի: Էն Վարդուշի տղեն՝ բութ, տգեղ,
սեւ, էդ ո՞նց կարողացավ առաջ գնալ: Էդ սաղ նրանից ա, որ ես իմ բալային մաքուր եմ
դաստիարակել»: Սա էլ տղային կոմպլեքսավորելու եւ կյանքում հավերժական «աբիժնիկ» դարձնելու
ամենակարճ ճանապարհն է: Մոր համար մի առանձին ողբերգություն է տղայի ամուսնանալը:
Պարզ է, որ որդու հանդեպ հայկական ավանդական վերաբերմունքի դեպքում ողջ աշխարհում
չի կարող գտնվել նրան համապատասխան զույգ՝ նույնիսկ, եթե հարսը համատեղի Ջենիֆեր
Լոպեսի արտաքինը, արքայադուստր Դայանայի արյունը եւ Մարգարետ Թետչերի խելքը. «Բա
իմ երեխեն սրա՞ն էր արժանի»: Բայց սա (այսինքն՝ հարսը) նույնպես պոտենցիալ մայր է:
Ու երբ այդ կինը տղա է լույս աշխարհ բերում, նա, գիտակցաբար թե բնազդաբար, որոշում
է սկեսուրից եւ ամուսնուց կրած իր բոլոր նվաստացումները «փոխհատուցել» իր որդու միջոցով:
Չէ՞ որ իր որդին ամենագեղեցիկն է ու ամենահանճարեղը, եւ նա պիտի իր կյանքը զոհաբերի,
որպեսզի իր տղայի ոտքը քարի չդիպչի: Եվ սկսվում է նույն պատմությունը՝ արդեն հաջորդ
սերնդում: Ուտոպիստական կոչ հայ մայրերին. «Մի՛ աստվածացրեք ձեր տղաներին:
Այդ դեպքում բոլորը, նաեւ ձեր տղաները, ավելի երջանիկ կլինեն»: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել