Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն

Մարտ 08,2005 00:00

Գլխավոր
պողոտայի կառուցման մասին որոշման կատարումն ուղեկցվեց նաեւ արյունով (տես 4.03.2005թ.
«Առավոտ»): Կառավարության որոշմամբ, Փավստոս Բուզանդի 15 հասցեն (փողոցը)
եւս ընդգրկված է Գլխավոր պողոտայի հատակագծում եւ իրացման ենթակա տարածք է: Ինչպես
գրել էինք, Փ. Բուզանդի 15 հասցեի 9, 11 եւ 3 բնակարանների տերերի եւ դատական ակտերի
հարկադիր կատարողների միջեւ ծեծկռտուքի պատճառով մարդիկ մարմնական վնասվածքներ էին
ստացել: Եվ նույնիսկ արյան գնով բնակարանների սեփականատերերը չէին կարողացել հարկադիր
կատարողների շուրջ 50 հոգանոց կազմի դեմ պահպանել իրենց տան փակ դռները: Եվ այս պատմության
մեջ ամենաուշագրավն այն է, որ դատարանը դեռեւս տանտերերին բնակարանները վաճառել պարտավորեցնելու
մասին որոշում չի կայացրել: Այսինքն հարկադիր կատարողները այդպիսի «վճռական քայլերի»
են դիմել ոչ թե մարդկանց իրենց տներից վտարելու համար, այլ ընդամենը չափագրելու եւ
տները գնահատելու նպատակով: Չնայած բնակիչների դիմադրությանը, հարկադիր ծառայության
աշխատակիցները կանգ չառան ոչ մի խոչընդոտի առաջ, կատարեցին իրենց հանձնարարությունը՝
կոտրեցին դռները, իրենց փորձագետի հետ մտան ներս ու չափագրումներ անելուց հետո հեռացան:
Դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության սպաներ, որոնք, բնակիչների հավաստմամբ,
ոչ մի միջոց չեն ձեռնարկել բախումները կանխելու համար: Կռվի թեժ պահին մարմնական
վնասվածքներ են ստացել անգամ կանայք, երեխաները վախեցել են: Մյուս էական հանգամանքն
այն է, որ հարկադիր կատարողներն «ուղեկցորդներ» են ունեցել, ինչը բնակիչների փաստաբանների
մեկնաբանությամբ, անթույլատրելի է: Սահմանադրությունը մարդու սեփական տարածք, բնակարան
մուտք գործելու իրավունք տալիս է դատական ակտերի հարկադիր կատարողներին՝ այդ մասին
դատարանի որոշման առկայության պայմանով: Առավել հետաքրքրական է, որ տվյալ դեպքում
հարկադիր կատարողներին ուղեկցել են «Տոսպ» եւ «Վիսկոն» ընկերությունների ներկայացուցիչները,
որոնք շահագրգիռ կողմ են այս պատմության մեջ. փաստաբանների հայտնած տվյալներով, այս
ընկերություններին է պատկանում տարածքի իրացման իրավունքը: Բնակարանատերերը
առաջ են քաշում նաեւ այն հանգամանքը, որ իրենց «այցելուները» վնասել են իրենց՝ սեփականատիրոջ
գույքը, օրինակ, կոտրել են պատուհանի ապակիները: Եվ հետո, բնակիչներն ընդհանրապես
կասկածում են, որ այդ տարածքները Գլխավոր պողոտայի կառուցման նպատակով է իրացվում:
Փաստաբանների պատմելով. «մենք դատարանում միջնորդություններ ենք ներկայացրել, որ
քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրվեն հաստատելու համար, որ տարածքը ներառված է Գլխավոր
պողոտայի մեջ: Սակայն ոչ մի փաստաթուղթ չի տրամադրվել»: Փաստաբանների մեկնաբանությամբ,
չի կատարվել Սահմանադրական դատարանի 1998 թվականի որոշումը, համաձայն որի, Սահմանադրությանը
հակասող են ճանաչվել «Անշարժ գույքի մասին» օրենքի մի շարք դրույթներ: Այդ թվում՝
այն դրույթը, ըստ որի, «Հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի
օտարման ընթացակարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»: Ինչպես նաեւ՝ ՍԴ որոշմամբ,
«կառավարությունը չի կարող հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի
օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել, որը նրան կլիազորի նման անշարժ գույքի օտարման
իրավունք»: Ըստ փաստաբանների, կառավարությունը այս դեպքում իրեն վերապահել է հենց
նման իրավունք: Երեկ ոչ աշխատանքային օրվա պատճառով չկարողացանք դատական ակտերի
հարկադիր կատարման ծառայությունից եւ պատկան մյուս մարմիններից պարզաբանումներ ստանալ:
Իսկ բնակիչները շարունակում են իրենց իրավունքները պաշտպանել՝ դիմելով օտարերկրյա
դիվանագիտական ներկայացուցչություններին՝ առ այն, որ խախտվել է Մարդու իրավունքների
եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՎԱՐԴՈՒՀԻ
ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել