Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիկումը» լավ է, բայց զգուշությունը՝ ավելի լավ

Մարտ 26,2005 00:00

Չնայած
ՁԻԱՀ-ի դեմ առողջապահների մղած պայքարին, Հայաստանում միայն 2004-ի ընթացքում արձանագրվել
է ՄԻԱՎ վարակի 53 դեպք, ինչն ամենաբարձրն է նախորդ բոլոր տարիների համեմատ: Աճի
մեծ ցուցանիշ են արձանագրել վարակակիր կանայք (13 դեպք): Ասենք, որ կանանց վարակի
աճը բնորոշ է ողջ աշխարհին: Մեր հարցին, թե այդ բարձր ցուցանիշը կարելի՞ է կապել
թրաֆիքինգի տարածման հետ, կենտրոնի մասնագետները բացասական պատասխանեցին: Հաշվի առնելով,
որ շատ հայ տղամարդիկ աշխատանքի եւ ժամանակավոր բնակության նպատակով ավելի հաճախ
մեկնում են Ռուսաստան եւ Ուկրաինա, որտեղ վարակակիրների թիվը մեր տարածաշրջանում
ամենաբարձրն է, պետք է ենթադրել, որ հենց «խոպանչիներն են» հանդիսանում «վարակի աղբյուր»,
որովհետեւ մեր կանայք առայժմ վարակվել են միայն սեռական ճանապարհով եւ արյան միջոցով,
ոչ թե թմրանյութերի ներարկիչներով: Ամբողջ աշխարհում վարակվածության ցուցանիշը
բարձր է կալանավայրերում, որտեղ բանտարկյալները հաճախ են թմրամիջոցներ օգտագործում:
Որպես կանոն, նրանք փոխանակում են ներարկիչները, քանի որ բանտում մաքուր ներարկիչ
հայթայթելը շատ դժվար է: Հաճախ նաեւ ներարկման համար օգտագործում են ինքնաշեն հարմարանքներ՝
պատրաստված գնդիկավոր գրիչների միջուկներից: Բացի այդ, բանտերում նաեւ տարածված երեւույթ
է դաջվածքներ անելը, որոնց գործիքները չեն ախտազերծվում: Իսկ չախտազերծված ներարկիչներն
ու ասեղները վիրուսի փոխանցման հիմնական ուղիներից են: Վտանգն առկա է նաեւ բանտի
աշխատակիցների համար: Նրանք կարող են վարակվել բանտախցերում խուզարկություն կատարելու
ընթացքում, ներարկիչի ասեղի պատահական ծակոցի կամ այլ հետեւանքներով: Թեեւ ներկայումս
արձանագրված չէ սպորտով զբաղվելու ընթացքում մարզիկների ՄԻԱՎ-ով վարակման որեւէ դեպք,
բայց տեսականորեն վարակվելու վտանգը կա այն սպորտաձեւերում, որտեղ պայքարի ընթացքում
հնարավոր է առաջանան արյունահոսող վերքեր: Վերջերս լուրեր են պտտվում, թե
արձանագրվել է ՄԻԱՎ-ի այնպիսի դեպք, երբ վարակը գործում է կայծակնային արագությամբ՝
8-9 ամսվա ընթացքում մարդուն հասցնելով մահվան: Մինչդեռ մեզ հայտնի վիրուսը ի հայտ
է գալիս վարակվելուց 7-15 տարի անց: Սեմինարի կազմակերպիչներն այս առնչությամբ հայտնեցին,
որ լուրերի հեղինակը «Նյու Յորք թայմս» թերթն է, ըստ որի՝ արդեն հայտնաբերվել է 4
նման դեպք. «Բայց դրանք դեռ ուսումնասիրված չեն ու մեզ հայտնի չէ՝ նո՞ր վիրուս է,
թե՞ ՄԻԱՎ-ի տեսակ: Հնարավոր է նաեւ լինեն վարակի արագ տարածման այլ պատճառներ, օրինակ,
վարակակիրների իմունային համակարգն այնքան քայքայված լինի, որ հիվանդը միանգամից
հանձնվի»: Մասնագետների հավաստմամբ, դեռեւս ՄԻԱՎ վարակի արդյունավետ բուժում գոյություն
չունի: Բուժական միջամտություններն ուղղված են սոսկ հիվանդների կյանքի երկարացմանն
ու դիմադրողականության բարձրացմանը: Հարցին, թե «Արմենիկումն» արդյոք չի՞ բուժում
հիվանդությունը, կենտրոնի մասնագետները պատասխանեցին. «Դեռեւս դա ուսումնասիրված
չէ, դժվար է վստահ ասել՝ իսպառ վերացնու՞մ է հիվանդությունը, թե՞ պարզապես բարելավում
է հիվանդի վիճակը: Բայց այն, որ այդ դեղամիջոցի օգտագործումը բավական լավ ազդեցություն
է ունենում հիվանդի վրա, միանշանակ է»: Անշուշտ, «Արմենիկում» դեղամիջոցը շատ թանկ
է, բայց, կառավարության որոշմամբ, առողջապահության նախարարությունը ՀՀ քաղաքացիների
համար բուժումն իրականացնում է պետպատվերի շրջանակներում: Ինչպես արդեն նշեցինք,
վիրուսը մարդու օրգանիզմում կարող է ի հայտ գալ 7-15 տարի անց եւ հնարավոր է, որ
վարակակիրն ինքն էլ չզգա իր հիվանդությունը: Վարակի առաջին ախտանշանները՝ ընդհանուր
թուլություն, գլխացավ, տենդ, հազ, հաճախ սխալմամբ ընկալվում է որպես գրիպ կամ մրսածություն:
Այնպես որ, նման ախտանշանների դեպքում մարդիկ կարող են դիմել բժշկական հետազոտման՝
վստահ լինելով, որ բուժման կամ ախտորոշման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը
ապահովված է: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել