Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային պրեմիերա Երեւանում

Ապրիլ 07,2005 00:00

Սիրանոսյանները՝
Եղեռնի հիշատակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 8-ին Հայաստանի
պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի ֆրանսիացի կոմպոզիտոր Վենսան դը Էնդիի Իտալական
սիմֆոնիան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի եւ Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի հիշատակին:
Համերգը կղեկավարի Ռոման քաղաքի Երաժշտության ազգային դպրոցի տնօրեն, Ֆրանսիայի կառավարության
Officier des Arts et Letters շքանշանի ասպետ, դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը: Ի
դեպ, մեծ է նրա ծառայությունը Ֆրանսիայի եւ Հայաստանի մշակութային կապերի ամրապնդման
գործում: Սկսած 1977-ից, դիրիժորը մի շարք համերգներ է ղեկավարել Հայրենիքում եւ
ամուր կապեր ունի հայաստանցի կոմպոզիտորների ու կատարողների հետ, կարեւորելով հայ
կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդումը արտերկրում: «Առավոտի»
հետ զրույցի սկզբում դիրիժորը տեղեկացրեց, որ սիմֆոնիայի պրեմիերան ծրագրված էր ապրիլի
9-ին, տեղեկացնելով, որ 1916թ. այդ օրը, Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կայացել
էր համերգ՝ ի հիշատակ նահատակված հայերի, որտեղ հնչել էին, ի թիվս այլ երկերի, նաեւ
հայկական ժողովրդական եւ Կոմիտասի երգերը: Կատարվել էր նաեւ «Մայր Արաքսի ափերովը»՝
Վենսան դը Էնդիի մշակմամբ: «Ինչ-ինչ պատճառներով պրեմիերան տեղափոխվեց ապրիլի
8-ին եւ ո՞ւմ մտքով կանցներ, որ այս սիմֆոնիան, որով դը Էնդին խորհրդանշել է քրիստոնեության
հաղթանակը ընդդեմ հեթանոսության, պետք է համընկներ Հռոմի Պապին հրաժեշտի օրվան՝ առաջին
անգամ կատարվելով աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում»,- նշեց Ա.
Սիրանոսյանը: Մեր դիտարկմանը՝ ինչո՞վ բացատրել ֆրանսիացի կոմպոզիտորի հետաքրքրությունն
ու սերը հայ ժողովրդի եւ նրա երգարվեստի հանդեպ, դիրիժորն ասաց. «Դը Էնդիի մոտ ուսանել
են Կոմիտասի երկու հայ աշակերտները, որոնք էլ ծանոթացրել են կոմպոզիտորին հայկական
երաժշտությանն ու հայ երգարվեստին: Նա մեծ համակրանք ուներ հայ ժողովրդի նկատմամբ,
որը բազմիցս արտահայտվել է եղեռնի ծանր տարիներին: Ի դեպ, նրա մեծ բարեկամն է եղել
աշխարհահռչակ երգչուհի Մարի Բաբայանը, որի հրավերով էլ Կոմիտասը ժամանակին հանգրվանել
է Փարիզում»: Անդրադառնալով Երեւանում սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերային,
մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ այն համաձայնեցված է կոմպոզիտորի ծոռան՝ Քրիստոֆ
դը Էնդիի հետ եւ նա իր ընտանիքով Երեւան կժամանի՝ մշակութային այս իրադարձությանը
մասնակցելու: Կարճատեւ զրույցի ավարտին Ա. Սիրանոսյանը առանց ավելորդ համեստության
հարկ համարեց նշել, որ պրեմիերայից կես դար հետո համերգին կհնչի նաեւ անվանի կոմպոզիտոր
Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիկ պոեմը եւ իր դստեր՝ Աստղիկ Սիրանոսյանի մեկնաբանությամբ
առաջին անգամ կկատարվի կոմպոզիտորի Պոեմ թավջութակի եւ լարային նվագախմբի համար ստեղծագործությունը:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀ. Գ. Կոմպոզիտոր Էդվարդ
Միրզոյանից հետաքրքրվեցինք իր Սիմֆոնիկ պոեմի կեսդարյա լռության մասին: Նրա խոսքերով.
«1954թ. գրված այս ստեղծագործությունը մեկ անգամ հնչել է 1955-ին, դարձյալ Հայաստանի
պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Մ. Մալունցյան): Ապրիլի 8-ի կատարումը
կարելի է պրեմիերա համարել: Իհարկե, սա ֆրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի
նախաձեռնությունն է: Լռության հարցով մեղադրել որեւէ մեկին՝ չեմ կարող: Երեւի կինս
ճիշտ է ասում, որ ես ամեն ինչով զբաղվում եմ, բացի ինձնով: Օրինակ, ընդամենը երկու
օր առաջ պատահաբար հայտնաբերեցի Շոստակովիչի՝ ինձ նվիրած 12-րդ սիմֆոնիայի պարտիտուրը՝
1962թ. մարտի 30-ի իր մակագրությամբ: Սա, իհարկե, ինձ համար է իրադարձություն: Հետեւելով
կնոջս եւ ձեր խորհրդին, այսուհետեւ կզբաղվեմ ինձնով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել