Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օր Բոլնիսում

Մայիս 05,2005 00:00

«Որքան էլ կառավարությունն օգնի, միեւնույն է՝
ոչինչ չի փոխվում: Չարչարվում են, կռվում հողի հետ եւ ապրում աղքատ»,- ասում է վրացական
Բոլնիս գյուղի գյուղապետ Մարինե Անանյանը: Բոլնիս գյուղը Ղազարոս Աղայանի
ծննդավայրն է: Հայերին այն հայտնի է Բոլնիս-Խաչեն անունով: Խաչեն՝ քանի որ 1777 թվականին
Ղարաբաղի Խաչեն գյուղից մի քանի ընտանիքներ եկել են ու հաստատվել այդտեղ: Հայաբնակ
այս գյուղում ապրում է միայն մի վրացական ընտանիք: Կողքի գյուղերում ադրբեջանցիներ
են: Գյուղացիները պատմում են, որ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բարեկամական
հարաբերություններ ունեն, նույնիսկ 1990-ականների՝ արցախյան պատերազմի ժամանակ եղել
են շատ համերաշխ: Խաչենցիները, չնայած ծանր սոցիալական պայմաններին՝ շատ բարի ու
հյուրասեր են: «Երկու քարի արանքում»,- այսպես են իրենց կարգավիճակը բնութագրում
տեղաբնակները. «Երբ Հայաստանի հետ է լավ բան լինում՝ ուրախանում ենք հայերի համար,
երբ Վրաստանի՝ իրենց համար»: Օրինակ՝ գյուղի բոլոր տներում փակցված էր Օլիմպիական
խաղերում առաջին տեղը գրաված վրացի ըմբիշի նկարը: Մեծ խնջույք են կազմակերպել հայ
գեղեցկուհու երկրորդ մրցանակին արժանանալու համար: Լավ իրադարձությունները
ներկայացնելուց հետո սկսվում է խնդիրների մի մեծ շարք: Գյուղն ունի 545 ընտանիք,
սա պաշտոնական տվյալներով, իրական թիվը ուղիղ կեսն է: Տների դռների մեծ մասը կողպված
է, բոլորն արտագաղթել են: Երիտասարդները շատ քիչ են: Մնացել են հիմնականում տարիքով
մարդիկ, որոնք հաճախ են խոսում մահվան մասին: Գյուղից քիչ հեռու «Մադնեուլ» գերմանական
ընկերությանը պատկանող ոսկու հանքն է, մարդիկ ասում են՝ Կազրեթի հանք: Հենց այդ պատճառով,
գյուղն էկոլոգիական տեսանկյունից համարվում է ռիսկային գոտի՝ օդն աղտոտված է: 50-ին
մոտ մարդկանց մեծ մասը հանկարծամահ է լինում: Մարդիկ տառապում են հիպերտոնիայով:
Օդի աղտոտվածության հետեւանքով ծնելիության ցուցանիշն ընկած է, հաճախ կանայք պտուղը
դեռ չզարգացած՝ կորցնում են: Բոլնիսում չկա մի ընտանիք, որ խաղողագործությամբ չզբաղվի:
Զարգացած է գինեգործությունը: Խաչենցիները հումորով ասում են, որ հյուրին,
սուրճի կամ ջրի փոխարեն, գինի են հյուրասիրում: Այդ հումորում կա մի տխուր փաստ՝
ծորակից հոսող ջուրը շատ քիչ է տարբերվում ցեխաջրից: Ջուրը հոսում է այն սարի մոտից,
որտեղ ոսկու հանքն է եւ հանքում կուտակված վնասակար միացությունները ջրի բաղադրիչ
մասն են կազմում: Անձրեւից հետո, ցողի փոխարեն, ցեխի կաթիլներ են ծառերի վրա: Չնայած
այս ամենին. «Ապրում էնք, էլի: Վերջին 10 օրում լույսը չի կտրվում, առաջ ընդհանրապես
չէին տալիս: Սահակաշվիլին էլ լավ տղա ա, մեզ երկու տարով ազատել ա հողի հարկերից:
1998-ից սառեցված թոշակները ստացել ենք»,- պատմում է գյուղի բնակչուհի Նախշուն Մանուչարյանը:
Նա իր հացը վաստակում է շուկայում, թթու է դնում ու վաճառում: Ի դեպ, գյուղի մեծ
մասն այդպես է դրամ վաստակում: Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի նույնիսկ
հեռավոր գյուղերը շատ մաքուր են: Մասսայական ծառահատումների եւ փոխարենը օբյեկտներ
կառուցելու հիվանդությամբ դեռ չեն տառապում: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել