Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԵՆՆԱ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԸ

Մայիս 06,2005 00:00

Օրերս
Վիեննա կատարած համերգային շրջագայությունից վերադարձավ Կոմիտասի անվան պետական լարային
քառյակը: Հայտնի «Մյուզիք ֆերայն» ապակեպատ դահլիճում կայացած համերգի նախաձեռնողներից
մեկը՝ Վիեննայի մշակույթի վարչության հայաստանյան ներկայացուցիչ Ռոբերտ Միրզոյանը
սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Դուք տեխնիկայի ոլորտում ՀՀ պետական
մրցանակի դափնեկիր եք: Ինչպե՞ս եւ ե՞րբ անդամագրվեցինք Վիեննայի մշակույթի վարչությանը՝
որպես վերջինիս ներկայացուցիչ Հայաստանում: – 2000թ. Հայաստանի ֆիլհարմոնիկ
նվագախմբի համերգները վիեննական երաժշտության փառատոնում մեծ արձագանք ստացան: Համերգներից
մեկին ներկա էր Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ դոկտոր Բեռնարդ
Հենշերը: Մեր հանդիպումը դոկտորի հետ սկիզբ դրեց հետագա արդյունավետ համագործակցության:
Այս տարիներին Վիեննայի քաղաքապետարանի աջակցությամբ մի շարք հայ պրոֆեսիոնալներ
հնարավորություն են ստացել իրենց արվեստը ցուցադրել այդ երկրում: Օրինակ, 2002թ.
Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողներից կազմված դուդուկահարների խումբը, հաջորդ
տարիներին Գյումրիի արվեստների ակադեմիայից մեկ նկարիչ եւ մեկ դաշնակահարուհի հնարավորություն
ստացան մեկ ամիս մասնակցել վարպետության դասընթացների: Կազմակերպվել են ժամանակակից
գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Փորձի փոխանակման նպատակով Գյումրիի արվեստների
ակադեմիայի երաժշտական եւ գեղարվեստի բաժինների ղեկավարները այցելել են Վիեննա: 2002թ.
սեպտեմբերին Երեւան ժամանեց Վիեննայի մշակույթի հանձնախումբը: Այցը կազմակերպվեց
կառավարական մակարդակով՝ Վիեննայում ՀՀ դեսպանատան միջնորդությամբ: Հայաստան հանձնախմբի
ժամանումը պատրաստող ավստրիական կողմի ներկայացուցչի պարտականությունները վստահված
էին ինձ: Ահա այսքանը ձեր հարցին իբրեւ համառոտ պատասխան: – Գաղտնիք չէ, որ
տարիներ շարունակ, ավելի ստույգ՝ անկախություն ձեռք բերելուց հետո, արտերկիր հյուրախաղերի
են մեկնում հայ կասկածելի «արտիստներ»՝ նույնքան կասկածելի ծրագրով: Վերադարձից հետո
էլ «արտիստները» ասում են, իբր հայ համայնքը ինչ պահանջում է՝ իրենք այն են հրամցնում:
Վերացել է այդ ոլորտում այնքան կարեւոր հսկողությունը: Հետաքրքիր է, Վիեննա՞ ովքեր
են մեկնում: – Այո, ցավոտ հարց է եւ պետք է բարձրաձայնեմ, որ Հայաստանից դուրս
արդեն տարիներ շարունակ կազմակերպվում են համերգներ նման «հայ արտիստների» մասնակցությամբ:
Համերգներ, որոնք իրենց մակարդակով անչափ ցածր են եւ սխալ պատկերացում են ստեղծում
արտասահմանցիների մոտ հայ արվեստի մասին: Խոսեմ կոնկրետ Վիեննայի մշակույթի վարչության
կատարած աշխատանքների մասին: Իհարկե, մեր համագործակցությունը չի կարող չբերել լայնամասշտաբ
շփումների տեղի հայկական համայնքի հետ: Ոչ մի նման բան չկա, թե իբր դրսի հայերը,
բացի «հայկական երգերից», ուրիշ բան չեն ուզում լսել: Խնդրեմ, նրանց խնդրանքով Վիեննայում
կազմակերպվեց Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը: Ավելորդ եմ համարում նշել,
բայց ձեր հարցադրումից ելնելով պետք է շեշտեմ, որ ծրագրում հնչեցին Կոմիտասի, Էդվարդ
Միրզոյանի եւ Շուբերտի ստեղծագործություններից: Իսկ համերգին ներկա էին ոչ միայն
տեղի հայեր, այլ ավստրիացիներ եւ Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի
ներկայացուցիչներ, դեսպաններ եւ այլք: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված այս համերգի
սկզբում Ավստրիայում ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպան Ջիվան Թաբիբյանը հայերեն եւ անգլերեն
ներկայացրեց եղեռնին վերաբերող մանրամասներ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել