Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԲ

Մայիս 06,2005 00:00

«ԵՐԲ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍԵՌԻ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ԵՆ» «Միասեռությունը»՝ քաղաքապետի պաշտոնի լույսի ներքո Խորհրդարանը երեկ շարունակեց երկրի գլխավոր օրենքի փոփոխությունների նախագծերի քննարկումը: 131 պատգամավորից դահլիճում ներկա էին, տարբեր պահերի՝ 20-30 պատգամավոր: Մյուսներին Սահմանադրությունն այնքան էր հետաքրքրում, որքան նորածնին՝ հեծանիվը: Կոալիցիայի տարբերակը ներկայացնող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը իր խոսքն սկսեց մամուլին դիտողություններ անելով, մասնավորապես՝ մեր թերթին (առանց անունը տալու), որը կասկած էր հայտնել, թե նախորդ օրը պրն Պետրոսյանի կողմից ընթերցված տեքստը գրվել էր նախագահականում: Հերքելով սա՝ պարոն Պետրոսյանն ասաց, որ նախագահականում չէին էլ կարող այդպիսի տեքստ գրել։ Հերքվեց նաեւ այն, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկները չեն ընդգրկված կոալիցիայի տարբերակում. «100 տոկոսով պնդում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների 90 տոկոսը ընդունվել է»,- ասաց գլխավոր բանախոսը: Այս պնդմանը ընդդիմացավ Արշակ Սադոյանը, որի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների նույնիսկ 5-6 տոկոսը չի ընդունվել: ՀՅԴ խմբակցության անդամ Ոստանիկ Մարուխյանը ավելի ուշ նկատեց, որ Սադոյանի նախագիծն ընդհանրապես ոչ մի դրական կարծիք չի ստացել նույն Վենետիկի հանձնաժողովից: Բանավեճը հիմնականում ծավալվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնելու շուրջ: Մանուկ Գասպարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ չեն համաձայնվում Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձնել ընտրովի. «Եթե ընտրովի լինի՝ ես պատրաստվում եմ իմ թեկնածությունը դնել եւ հաղթել»,- ասաց պատգամավորը: Նրա գործընկերներից մի քանիսը հետո նկատեցին՝ գուցե հենց այդ պատճառով էլ ընտրովի չի դարձվում: Ռաֆիկ Պետրոսյանը հարցերին պատասխանելով՝ հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները շոշափում են բոլորի շահերը եւ բոլորն են շահագրգռված, որ իրենց լիազորությունները մեծացվեն. «Այո, որովհետեւ Սահմանադրությունը միայն ԱԺ-ի համար չի փոփոխվում, այլ դրանով շահագրգռված են թաղապետերից սկսած, կառավարությունով, նաեւ ՀՀ նախագահով: Բոլորը իհարկե շահագրգռված են, որ իրենց իրավունքներն ավելի լավը լինեն, քան մյուսներինը, որ իրենց ազդեցությունը ավելի մեծ լինի, քան իրենց վրա հակազդեցությունը: Եվ այս պայմաններում ես դեմ չեմ, իհարկե՝ ճնշում կա, այդ ճնշումը, բնական է, պետք է լինի, մեր գործն էլ այն է, որ կարողանանք հավասարակշռությունը պահել: Իմ կարծիքով՝ այդ բանն արվել է այս նախագծում, եւ հակակշիռների ու զսպումների մեխանիզմը առաջ է գնացել: Ընդհակառակը, մենք ենք ճնշել իշխանություններին, որպեսզի այս արդյունքին կարողանաք հասնել»: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնը դառնա ընտրովի, երկիրը երկու նախագահ կունենա, քանի որ Երեւանում է երկրի բնակչության մեծամասնությունը: «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով մարզպետ-համայնքապետ հարաբերությանը, հարցրեց՝ կա՞ աշխարհում մի երկիր, որտեղ ընտրովի պաշտոն զբաղեցնողներին գլխավորում է նշանակովի պաշտոնյան: Այդպիսի երկրորդ երկրի անուն չգտնվեց: Նույն՝ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վլադիմիր Բադալյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները եվրոպական կառույցների այլ առաջարկներ, մասնավորապես՝ համասեռամոլների եւ այլնի մասին, վազելով ընդունում են եւ դարձնում օրինական նորմ, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնը չեն ուզում ընտրովի դարձնել, որը նույն կառույցների պահանջն է: Կոալիցիայի նախագիծը ներկայացնող պարոն Պետրոսյանը չհամաձայնեց եւ ասաց, որ մենք երբեք չենք կարող ընդունել համասեռամոլներին. «Մեր ժողովուրդը նման բաները երբեք չի ընդունել, ընդհակառակը, երբ ԵԽ-ի առջեւ պարտավորություններ էինք ստանձնում, մենք առարկություններ արեցինք, եւ երբ հայտարարություն եղավ Արմեն Ավետիսյանի կողմից, առաջին մարդը ես էի, որ գնացի եթեր եւ ասացի, որ նման բաներ հայտարարել պետք չէ: Եթե կան բաներ, որ մեր օրենքների մեջ չեն տեղավորվում, պետք է գաղտնի հայտնել համապատասխան մարմիններին, որ նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ իրականացվեն: Եվ երբեք կոալիցիան չի ընդունել ձեր ասած համասեռամոլության, երկսեռության հարցերը, դա մեր ժողովրդի մտածելակերպին անհարիր է»: Պրն Պետրոսյանի այս փիլիսոփայական խոհերը պատգամավորները ընդունում էին բուռն ծիծաղով, ոմանք էլ խնդրեցին բացատրել, թե միասեռամոլությունն ի՞նչ է նշանակում: Պետրոսյանն էլ բացատրում էր՝ «Միասեռությունն այն է, երբ միեւնույն սեռի մարդիկ իրար հետ ամուսնանում են»: Այսպիսի «բազմակողմանի» քննարկումներով էլ երեկ ավարտվեց կոալիցիայի նախագծի ներկայացումը: Ի դեպ, դարձյալ չներկայացվեցին Սահմանադրության անցումային դրույթները: Երեկ Արշակ Սադոյանը սկսեց իր նախագծի ներկայացումը եւ առաջին նախադասությունը, որ նա ասաց՝ հետեւյալն էր. «Շատ անհրաժեշտ է, որ մեր բոլոր հայրենակիցները հասկանան հարցի կարեւորությունը: Ես ուզում եմ հարց տալ բոլոր այն սկեպտիկներին, որոնք հաճախ ասում են՝ տո լավ, ի՞նչ սահմանադրական փոփոխություններ, մեկ է, ինչ ուզում՝ անում են, ոնց ուզում՝ անում են: Ես ուզում եմ հարցնել. հարգելիներս, եթե ձեր աչքի առաջ ճնշում է գործադրվում հենց ԱԺ պատգամավորների վրա, եթե այսպիսի չարչարանքով, իրենց կարծիքին իսկ դեմ գնալով կոալիցիայի ներկայացուցիչները փորձում են լրացուցիչ իրավունքներ տալ ՀՀ նախագահին, ուրեմն սա իսկապես նրան պետք է»: Պարոն Սադոյանի ձայնը երեկ բոլորովին էլ մեղեդային չէր, թեպետ դարձյալ անընդհատ էր հնչում: Այդպես մոնոտոն էլ նա ասաց. «Եթե կա գերլիազորություններով եւ գերանպատասխանատվությամբ նախագահական աթոռ, նրա համար կռիվն անընդհատ շարունակվելու է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել