Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ

Հունիս 04,2005 00:00

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Սխալ հայտարարությունը պատճառ չէ՞, որ աճուրդը կրկնվի 2004 թ. հուլիսի 31-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրվել է Ավան համայնքում հողի վաճառքի մասին աճուրդի հայտարարություն, բայց իրականում այդ հողը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում: «Ավանի հողերի ցանկում ընդգրկելը պարզապես թյուրիմացություն է, այդտեղ ոչ մի միտում չի եղել, ընդամենը վրիպակ է: Շատ անգամ մեր աշխատակիցներն աճուրդի արդեն պատրաստ հայտարարության տեքստի վրա մեկ այլ աճուրդի տեքստ են պատրաստում եւ պատահում է, որ հասցեն սխալ է գնում»,- արդարացավ Երեւանի քաղաքապետարանի ՃՔ վարչության պետի տեղակալ Ա. Լալայանցը: Սակայն «տեխնիկական վրիպակով» այս հայտարարությունը թյուրիմացության մեջ է գցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 151/ 4 շենքի բնակիչ Սուրեն Եղյանին եւ եւս չորս ընտանիքների, որոնք չեն ենթադրել, որ հայտարարությունն իրենց հողամասերին է առնչվում: Այս ընտանիքները մոտ մեկ տարի է պայքարում են Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող իրենց խնամած արդեն 17 տարվա պտղատու այգիները փրկելու համար: Բնակիչների ստեղծած այգիները քաղաքապետարանը աճուրդով վաճառել է «Տիգրան» ՍՊԸ-ին՝ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով՝ 3500 քմ: Բնակիչների խոսքերով՝ բացի այն, որ աճուրդը կայացել է վրիպակով հայտարարության արդյունքում, եւ այգու տերերին նախապատվություն չի տրվել, այգին աճուրդի է հանվել որպես բանջարանոցային տարածք. «15-17 տարեկան մոտ 500 պտղատու ծառեր կան մեր տարածքում»,- բողոքում են այգիները ստեղծողները: Մեր հարցին, թե աճուրդի հայտարարությունում այգու փոխարեն «բանջարանոց» բառը կիրառե՞լն էլ «տեխնիկական վրիպակ» է, Ա. Լալայանցը պատասխանեց. «Տնտեսական նպատակներով օգտագործվող ցանկացած ցանկապատված տարածք համարվում է բանջարանոցային, անկախ նրանից՝ այդտեղ պոմիդոր է աճում, թե՝ ծառ: Գյուղատնտեսությունը քաղաքին հարիր չէ: Քաղաքը բանջարանոց կամ պտղատու այգիներ ստեղծելու համար չէ, այլ` քաղաքաշինության: Նշյալ տարածքը պետական սեփականություն հանդիսացող հողամաս է: Այն չեն կարող օգտագործել որպես այգի, այլ պետք է աճուրդի հանել միայն կառուցապատման նպատակով: Այս դեպքում նախապատվության իրավունքը չի գործում, քանի որ այդ տարածքը կառուցապատումից հետո նույն տեսքը չի ունենալու: Դա կնշանակի, որ այն արդեն ուրիշ տարածք է: Իսկ կառուցապատման նպատակով օգտագործելու համար մենք պարբերաբար աճուրդներ ենք հայտարարում: Իրենք բոլոր ՀՀ քաղաքացիների նման կարող են տեղեկանալ աճուրդի մասին, գալ ու մասնակցել. ոչ մի սահմանափակում չկա»: Անհասկանալի է, բնակիչներն ինչպե՞ս պետք է ենթադրեն կամ գուշակեն, թե որ հասցեի աճուրդի մասին է հայտարարությունը, եթե դրանք տպագրվում են «տեխնիկական թերություններով»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆwww.hetq.amՀետաքրքիր է, ինչո՞ւ Ավանի համայնքում հող գնելու նպատակով աճուրդին մասնակցած «Տիգրան» ՍՊԸ-ն անակնկալի չի եկել եւ նույն պատրաստակամությամբ «մրցել» է Քանաքեռ-Զեյթունի հողի համար, ուրեմն «թյուրիմացությունը» կանխամտածված դիտավորությո՞ւն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել