Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՔ ՄԵՐ ՀՈՒՅՍԻՆ ՉԵՆ ՄՆԱ

Հունիս 14,2005 00:00

ՎՐԱՑԻՔ ՄԵՐ ՀՈՒՅՍԻՆ ՉԵՆ ՄՆԱ Վրաստանն արդեն Իրանի հետ քննարկում է Իրան-Ադրբեջան-Վրաստան գազամուղի կառուցման հնարավորությունը Երբ մայիսի 25-ին Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները Բաքվում հանդիսավոր կերպով մասնակցեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման արարողությանը եւ միաժամանակ համաձայնագիր ստորագրեցին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու 98 կիլոմետրանոց եւ 400-450 մլն դոլար նախնական արժեքով, նաեւ 3 մլն տոննա բեռնափոխադրման հնարավորությամբ երկաթուղագծի կառուցման մասին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, ի վերջո, նկատեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումը խախտում է ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ուստի նա կարծիք հայտնեց, թե՝ Հայաստանը պետք է գտնի այլընտրանքային ուղի տարածաշրջանային հավասարակշռությունը վերականգնելու համար: Վարչապետը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե այդպիսի այլընտրանք կարող է լինել Իրան-Հայաստան գազամուղը, որի շինարարությունը, նրա ասելով, թույլ կտա Հայաստանին գազ տեղափոխել Վրաստանով Եվրոպա: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրված համապատասխան պայմանագրի համաձայն, Իրան-Հայաստան գազամուղը կառուցվում է միայն Հայաստանի կարիքները բավարարելու համար, ուստիեւ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հակակշիռ լինել չի կարող: Բայց մի կողմ թողնելով սեփական ժողովրդին ու, թերեւս, նաեւ ինքն իրեն, մեղմ ասած, թյուրիմացության մեջ գցելու ՀՀ վարչապետի փորձերը՝ տեղեկացնենք, որ Վրաստանն Իրանի հետ արդեն քննարկում է Ադրբեջանի տարածքով Վրաստան հասնող գազատարի կառուցման խնդիրը՝ օգտագործելով նաեւ Ադրբեջանի տարածքով արդեն անցնող գազատարը՝ թերեւս հասկանալով, որ Հայաստանի հետ հույսեր կապելը նույնն է, թե ակնկալել Ռուսաստանի բարյացկամությունը Վրաստանի նկատմամբ: Հիշեցնենք, որ վրաց իշխանությունները բազմաթիվ անգամ էին հայտարարել Իրան-Հայաստան գազատարը մինչեւ Վրաստան հասցնելու իրենց շահագրգռության մասին: «Ըստ էության, կրկնվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ կապված պատմությունը: Այն ժամանակ էլ հայկական կողմը հայտարարում էր՝ թող կառուցվի, հետո կերեւա, հետո կխոսենք: Կառուցվեց ու շահագործման հանձնվեց: Նույնն ասվում էր Իրան-Հայաստան գազամուղի մասին: Երբ վրացական կողմն ուղղակիորեն ասում էր, թե իրենք շահագրգիռ են, որ իրանական գազը Վրաստան հասնի Հայաստանով, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ոչ թե ընդառաջեցին, այլ խոչընդոտեցին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ «ավելի ազնիվ կլիներ վրացիներին ուղիղ ասել, որ Ռուսաստանին հաճելի չի լինի, որ Հայաստանը դառնա գազի տարանցիկ ճանապարհ»: Վ. Խաչատրյանի ասելով, նույնիսկ եթե Հայաստանը շատ ցանկանար, չէր կարող Վրաստանի հետ այդ հարցն ինքնուրույն լուծել, որովհետեւ Ռուսաստանի «դաբրոն» չուներ: «Ցավում եմ, որ մեր իշխանությունները չկարողացան իրենց մեջ ուժ գտնել ինքնուրույն որոշում կայացնելու համար եւ փոխարենը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանն ընդամենը ֆորպոստ է Ռուսաստանի համար»,- այսպիսի եզրահանգում արեց պրն Խաչատրյանը: Նրա ասելով, Հայաստանն իրեն այնպես է պահում եւ նրա վարած արտաքին քաղաքականությունը այնքան շատ է պայմանավորված ռուսական շահերով, որ կարելի է կարծել, թե Հայաստանն ընդամենը Ռուսաստանի գավառներից մեկն է: Որ հերթական անգամ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը բախվում եւ տեղի են տալիս ռուսական մեծապետական շահերին, ըստ էության, նկատեց նաեւ ԱԺ ՄԱԿ խմբակցության ղեկավար, գործարար Գուրգեն Արսենյանը, որը նախ հիշեցրեց, որ ի սկզբանե էլ պարզ էր, որ Իրան-Հայաստան գազամուղը գործնականում տարանցիկ լինել չի կարող: Իսկ Իրան-Ադրբեջան-Վրաստան գազամուղի կառուցման հնարավորությանն անդրադառնալով՝ պարոն Արսենյանն ասաց. «Դա նշանակում է, որ Վրաստանը որպես գազի տարանցիկ ճանապարհ է ընտրել ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Դա հերթական անգամ ապացուցում է մեր իշխանությունների անհեռատես քաղաքականությունը: Ես չգիտեմ, Ռուսաստանը Հայաստանին ինչ է համարում՝ ֆորպոստ, թե այլ բան, բայց գտնում եմ, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են Հայաստանի շահերը»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը՝ ի պատասխան մեր հարցադրմանը հավելելով նաեւ, որ «դրա համար պատասխանատու է այն համակարգը, որը կոչվում է կոալիցիոն իշխանություն»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել