Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ

Հուլիս 19,2005 00:00

«ՊԵՏՔ ՉԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԼՑՆԵԼ» «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը քննադատում է «որոշ ընդդիմադիր ուժերի» – Պարոն Կարապետյան, «Արդարություն» խմբակցությունն՝ իր հերթին, «Հանրապետություն» կուսակցությունը՝ առանձին, անցած շաբաթ սահմանադրական փոփոխությունների մասով հանդես եկան հայտարարություններով։ Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու «Ազգային միաբանությունը», կունենա՞ առանձին հայտարարություն: – Պետք է սպասենք, թե ինչպե՞ս կարձագանքի Վենետիկի մասնագիտացված հանձնաժողովը իր նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից դրսեւորված անթաքույց ոչ կոռեկտ վերաբերմունքին: Կունենանք այս ամենի նկատմամբ Վենետիկի արձագանքը, կվերլուծենք այն եւ հետո միայն հրապարակավ կհայտնենք մեր դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների վարքագծի, ինչու չէ՝ նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետեւողականության մասին: Սա է «Ազգային միաբանության» մոտեցումը: Եվ մենք թույլ չենք տա այս պահին մեր հասցեին ավել-պակաս բարբաջեն: «Ազգային միաբանությունը» հասկանում է սեփական տնտեսական եւ քաղաքական շահերը հետապնդող թե իշխանամետ, թե ընդդիմադիր դաշտի որոշ ուժերի իրարանցումն ու անհանգստությունը: Սակայն իրենց այս դեպքում ոչնչով օգնել չենք կարող: Մենք ունենք մեր կայուն, ազգանպաստ քաղաքական գիծը եւ այն մշակվում, քննարկվում եւ ընդունվում է մեր կուսակցության մեջ եւ ոչ թե տարբեր երկրներում եւ զանազան միջազգային կազմակերպությունների գլխավոր գրասենյակներում: – Դուք քիչ առաջ բավականին թափանցիկ ակնարկ արեցիք, հատկապես ո՞ր ընդդիմադիր ուժերին նկատի ունեիք: – Այն ընդդիմադիր ուժերին, որոնք ժամանակին, նույն 95-ին սահմանադրության հեղինակներն են, այն ընդդիմադիր ուժերին, որոնք չեն ուզում ընդունել, որ այս երկիրը պետք է առաջ գնա, անկախ նրանից՝ այսօր նախագահը Ռոբերտ Քոչարյա՞նն է, թե՞ ուրիշ մեկը: Եթե այսօր 95-ի համեմատ սահմանադրական առաջարկվող փոփոխությունները դրական լինեն եւ ժողովրդի համար նպաստավոր, մենք պետք է գնանք դրան: Չպետք է անձնավորենք, չնայած, ցավոք, ուզում եմ նշել, որ մեր ժողովուրդն իրոք շատ է անձնավորում այդ հարցը եւ ասում է՝ այդ փոփոխությունները եթե առաջարկել է Ռոբերտ Քոչարյանը եւ «կռտած կոալիցիան», ուրեմն մենք չենք ընդունի, որովհետեւ չենք հավատում, որ նրանք կարող են ժողովրդի համար լավ բան անել: Ժողովուրդը կորցրել է հույսն ու հավատը: Բայց ես գտնում եմ՝ այն կուսակցությունները, որոնք այս իրավիճակում փորձում են օգուտներ քաղել ժողովրդի հաշվին եւ խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, դեմ կանգնելով առաջընթացին եւ օրենքների լավացմանը՝ սխալ են վարվում: – Դուք ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ «Արդարություն» դաշինքում «Հանրապետություն» կուսակցությունը վերջին շրջանում հատկապես փորձում է հակադրվել դաշինքի մոտեցումներին: – Եթե «Արդարություն» դաշինքում հիմնաքարերը սկսեն խախտվել, դա կլինի հօգուտ իշխանությունների, եւ հենց այդ պատճառով էլ եթե կան անհամաձայնություններ, պետք է լուծվեն անաղմուկ եւ դաշինքի ներսում, ոչ թե մամուլի էջերում: «Ազգային միաբանությունը» այն կարծիքին է, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը միասին դեռ անելիք ունի եւ պետք չէ իշխանությունների ջրաղացին ջուր լցնել: Այ, հենց այս հնարքն է, որ իշխանություններն այս տարիների ընթացքում կարողացել են փայլուն կատարել՝ խառնել, տարանջատել, բաժանել: Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ. Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը եւս մեկ անգամ սպառնացել է դուրս գալ «Արդարություն» դաշինքից, եթե դաշինքի մյուս կուսակցությունները չփոխեն իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել