Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԶՈՒԹՈՏ ԱԿՆՈՑՈՎ ՄԻ՛ ՆԱՅԵՔ ՎԱՆԱՁՈՐԻՆ

Հուլիս 28,2005 00:00

Հորդորում
է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը – Շատ են բողոքները Վանաձորում
ապօրինի կառույցների, պուրակներում իրականացվող շինարարության վերաբերյալ: Բողոքները
հիմնավո՞ր են: – Ես շատ վատ եմ նայում այն մարդկանց, ովքեր ամեն ինչին վատ
են նայում: Նախկինում 48 հազար աշխատատեղ ունեցող Վանաձորն այսօր ունի ընդամենը 10-12
հազար աշխատատեղ, այն էլ՝ մասնավոր անձանց կողմից ստեղծված: Եվ բողոքողների խելքը
չի հասնում, որ այդ շինությունները հենց աշխատատեղեր են: Ասենք, Ազատամարտիկների
պուրակի կառույցում կաշխատի 30-35 մարդ: Իսկ երբ քաղաքապետարանի կողքին «Հայգյուղփոխօգնության»
բանկն էր շինարարություն իրականացնում, բոլորն ասում էին՝ ինչի, ինչի, ինչի… –
Մեզ էլ է նման բողոք փոխանցվել, որ քաղաքապետարանի շենքի մի մասը քանդել են, վաճառել
մի ընկերության, որն ինչ-որ օբյեկտ է կառուցում կամ գուցե՝ կազինո: – Երեւի
բողոքողի խելքը չի հասել, որ իմանա՝ կազինոները կառուցվում են քաղաքից դուրս: Եվ
քաղաքապետի ոչ իրավասությունը, ոչ էլ բարոյականությունը թույլ չի տա, որ նման կառույց
կառուցվի Վանաձորում: Մարդը, երբ շինարարության գործընթացում է՝ անընդհատ
խոսում են: Ու ոչ մեկը լավ չի խոսում: Մեկ էլ հենց շինարարությունն ավարտվում է,
բոլորը գալիս են՝ պարոն Դարբինյան, էս ի՜նչ լավ բան կառուցվեց, քանի՜~ աշխատատեղ
է… – Նման գովեստնե՞ր են հնչում նաեւ այնժամ, երբ ստորգետնյա անցումներն
են փակում՝ խանութներ կառուցելու համար: – Չեն փակվում: Ստորգետնյա անցումների
վերեւը խանութներ են դրված, բայց տերերը խոստացել են, որ աշխատեցնելուց հետո, առաջին
շահույթը ստանալու ժամանակ լրիվ վերանորոգելու են աստիճաններն ու անցումները: Ընդհակառակը՝
մինչեւ իմ այստեղ գալն էին դրանք լրիվ փակված եւ դարձել էին հանրային զուգարաններ:
Ես տարեկան 4-5 անգամ հրշեջ ծառայությանը խնդրում էի, մեքենաներ էին բերում եւ ջրի
բարձր ճնշման շնորհիվ կարողանում այդտեղ մաքրել, որ էդ հոտը չգա: Երբեմն էլ քլոր-մլոր
եմ լցնել տալիս: – Աշխատատեղերից բացի՝ խնդրի մյուս կողմն էլ կա, որ նման
շինարարությունների հետեւանքով ծառահատումներ են արվում, եւ այս ամենն անդրադառնում
է քաղաքի բնապահպանական վիճակի վրա: – Չկա մի մարդ, որ իր աշխատանքում չունենա
թերություններ: Բայց այդ բողոքողները չե՞ն նայում, որ Վանաձորը ծայրից ծայր լուսավորված
է ու կանաչապատված, յուրաքանչյուր մեկ կտրված ծառի դիմաց տնկվել է 12-15 ծառ: Այդ
մարդիկ չե՞ն հասկանում, որ նախկինում 175 հազար բնակիչ ունեցող քաղաքն այսօր ընդամենն
ունի 98 հազար բնակիչ, եւ եթե նրանց չկարողանանք ապահովել աշխատատեղերով, բիզնեսով՝
եւս 5 տարի, եւ կմնա 50 հազար բնակիչ: Ոչ մեկը չի հասկանում քաղաքապետի հոգսերը:
Չեն հասկանում, որ եթե մի շենքն ունի 36 բնակարան, եւ այսօր դրանցից ընդամենը 20-21-ն
է բնակեցված, իսկ 14-15 ընտանիք արդեն չկա՝ ինչ նշանակություն ունի աշխատատեղերի
ստեղծումը: 6 տարի է՝ քաղաքապետ եմ, եւ այդ ընթացքում 1000 դուռ եմ թակել, որ աշխատեցնեմ
Վանաձորի քիմիական, մանրաթելերի, տրիկոտաժի գործարանները: «Ավտոմատիկա» գործարանը
1800 աշխատատեղ է ունեցել (դրա տնօրեն Գագիկ Հովսեփյանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում
Սամվել Դարբինյանի հավանական մրցակիցն է.- Ա. Ի.), տվյալ անձը փակել է աշխատատեղերը
եւ այսօր եկել, ասում է, թե ինքը գործարար է: Ես նման մարդկանց գործարար չեմ համարում,
երբ գործարանը փակում են, մեջի եղածը՝ վաճառում, դարձնում իրենց համար անձնական կապիտալ
եւ հիմա էլ մեծ-մեծ խոսում: Այնպես որ՝ չի կարելի ակնոցների ապակիները միշտ
մազութոտել եւ այդ սեւ գույնի ետեւից փորձել նայել քաղաքին: – Մազութոտ ակնոցով
նայելու հետեւա՞նք է այն դիտարկումը, թե այս հատկացումների հետեւանքով հենց Ձեր բարեկամներն
են բարգավաճում եւ մասնավորապես՝ Ձեր եղբայրը, որդին, փեսան եւ այլն: – Այն
ամենը, ինչ պատկանում է ինձ, եղբորս եւ փեսայիս՝ ձեռք եմ բերել այն ժամանակ, երբ
քաղաքապետ չեմ եղել: Բայց իմ բարեկամներն ինչո՞վ են մեղավոր, որ ես քաղաքապետ եմ:
Նրանք չպիտի՞ կարողանան ինչ-որ բան անել: Քաղաքի տարածքները տրամադրում եմ այն մարդկանց,
ովքեր կարող են մի բան կառուցել եւ ստեղծել աշխատատեղեր: Ասենք, այդ նույն Գագիկ
Հովսեփյանին այս քաղաքում այնքա~ն տարածք է տրամադրված… եւ բոլորն աղբակույտերի
են վերածված, չնայած մի քանի հատ էլ նորմալ կառույցներ է կառուցել: Վանաձորի
ամբողջ բնակչությանը համարում եմ իմ բարեկամները: Ընտրվել եմ 28 հազար ձայներով.
արդյոք այդ բոլոր մարդիկ իմ բարեկամնե՞րը չեն եւ իրավունք չունե՞մ մտածել նրանց ճակատագրի
մասին: Քաղաքապետարանը 6 հազար որոշում է կայացրել, եւ, բնականաբար, հասկանում եք,
որ չունեմ 6 հազար բարեկամ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել