Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԱՐՍԱՆԻՔ ՉԱՐԺԵ՞

Օգոստոս 24,2005 00:00

Հարցազրույց
Արամ Մանուկյանի հետ – Պարոն Մանուկյան, Անկախության հռչակագրի ընդունումից
15 տարի անց մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն
է: – Անշուշտ, ոչ միայն անկախ պետություն է, այլեւ այդ գործընթացն անշրջելի
է: Անկախությունը երկու գույնով չի բնորոշվում՝ եթե սպիտակ ես՝ անկախ ես, եթե սեւ
ես՝ անկախ չես: Անկախության աստիճաններ կան, եւ դա անընդհատ գործընթաց է, որի ընթացքում
կարող ես ուժեղացնել անկախությունդ կամ՝ հակառակը: Մենք այսօր հակառակ ճանապարհին
ենք: Անկախություն կոչվածը պետության եւ քաղաքացու անկախության ցուցանիշն է: Ցավոք,
մենք կարող ենք արձանագրել կորուստներ՝ մարդու իրավունքների ոտնահարում, ընտրական
համակարգի խեղաթյուրում, դատաիրավական համակարգի կախվածություն: Սրանք լրջագույնս
վնասում են քաղաքացու անկախությանը: Դրանց պետք է ավելացնել նաեւ երկրի սեփականության՝
այլ երկրներին հանձնելու իրավունքը: Էներգետիկ համակարգի 90 տոկոսն այլ երկրի հանձնող
պետությունն իրավունք չունի անկախության մասին խոսելու: Այս եւ այլ բազում փաստերից
ելնելով է, որ ցավով արձանագրում ենք՝ այսօրվա իշխանությունները եւ նրանց վարած գործընթացները
տանում են անկախության թուլացման: Ես մի քանի օր առաջ եմ վերադարձել ՌԴ-ից.
փորձեք մտնել այդ երկիր՝ առանց անձնագրի ռուսերեն տպագրված միջուկի: Այսինքն՝ անկախության
սիմվոլ կոչված անձնագիրը, որը քո քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքն է պաշտպանում,
որը նաեւ արժանապատվության փաստաթուղթ է՝ չի գործում, եթե չունես ռուսերեն թարգմանված
եւ նոտարով հաստատված: Հայաստանի համար դա էլ բիզնես դարձավ՝ երեք հազար դրամ վճարում
ես… Ես չեմ կարողանում պատկերացնել երկիր, որն անկախ լինի եւ որով չանցնի որեւէ
միջազգային ճանապարհ՝ նավթատար, գազատար, միջազգային կոմունիկացիոն որեւէ գիծ: Այս
վերջին տարիների ընթացքում մենք մեզ զրկել ենք այդ ամենից, մնացել ենք անկլավի մեջ:
Մեր հարեւանները ուրիշ ռազմաստրատեգիական համակարգում են հայտնվել, նրանց բյուջեները
աճում են 3-4 անգամ, մենք մնացել ենք քուրսիացված վիճակում ու մեր երկիրն ենք գովաբանում:
Այս վիճակում խոսել անկախության ուժեղացման մասին՝ աբսուրդ է: Անկախությունը իշխանություն
պահելու հզորագույն միջոց է: Եթե իշխանությունը ծառայում է այդ վեհ գաղափարին՝ ժողովուրդը
նրան սիրում է: Անկախության գաղափարին ծառայելը կարող է իշխանությանը պահել եւ ուժեղացնել:
Անհեթեթություն է, բայց փաստ՝ մեր այսօրվա իշխանությունները սեփական երկրի անկախությունը
վաճառելով են պահում իրենց իշխանությունը: – Դուք խոսում եք անկախ Հայաստանի
քաղաքացի ձեւավորելու մասին. արդյոք ժամանակին Հայոց համազգային շարժում կուսակցությունը
ներդրե՞ց իր կարողությունները հանուն այդ գաղափարի: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ
հիմա, մեր երկրում խորհրդային քաղաքացին է ապրում: – Համաձայն եմ, թերություններ
շատ են եղել: Բայց օբյեկտիվ լինենք, չէին էլ կարող չլինել: Անկախության հռչակագրի
դրույթները իրականացվել են եւ իրականություն են դարձել պատերազմի տարիներին: Մեր
նորագույն պատմության ամենադժվար տարիներին մենք կարողացել ենք ամենալուսավոր եւ
ամենաարժանապատիվ քայլը կատարել: Անշուշտ, պակասում էին գովազդն ու մատուցումն այն
դժվարությունների ու արգելքների, որոնք պետք է հաղթահարեինք, եւ կրկին անգամ սիրել
տալ գաղափարը, որը կոչվում է անկախություն, սուվերենություն, արժանապատվություն:
Միգուցե շատերը մտածում էին, որ գործընթացները տեսնելով՝ ժողովուրդը հավատով կլցվի
իշխանության նկատմամբ: Եվ երկրաշարժի հետեւանքները վերացնել, եւ պատերազմ հաղթել,
եւ սեփական պաշտպանության, մաքսային համակարգեր ստեղծել՝ այդքանից հետո ժողովուրդը
չտեսնի, որ երկիրն առաջ է գնում՝ մենք դա չէինք պատկերացնում: Հավատի գործոնի վրա
աշխատանքի թերություն մենք, անշուշտ, ունեցել ենք: Բայց մերը կոչվում էր թերություն,
սրանցը՝ ընդհանրապես ոչնչով չզբաղվել: – Մի տեսակ ամոթ չէ՞, որ Անկախության
հռչակագրի ընդունման օրը մեծ շուքով չի նշվում: – Իհարկե: Ի դեպ, եւ սիմվոլիկ
առումով չի նշվում, եւ բովանդակային՝ ոչ ցուցահանդեսներ, ոչ կոնֆերանսներ, ոչ համերգներ,
ոչ հաղորդաշար, ոչ հրավառություն… Մինչդեռ նույնիսկ հարսանիքների ժամանակ են ճոխ
հրավառություններ անում: Այս իշխանությունները չեն ուզում այդ գործով զբաղվել: Իրենց
համար հարազատ բան չի սա, ոգեղեն չի այս արժեքն իրենց համար: – 15 տարի առաջ
այդ օրը հայտարարվեց միմյանց ներման, միասնության օր… – Այո, այդ օրը երեկոյան
ժողովուրդն առանց հայտարարության հավաքվել էր Օպերայի հրապարակում: Մի քանի հարյուր
հազար մարդ կար: ԳԽ-ում Վանոն ինձ ասաց, որ երեկոյան մի անգամ էլ այնտեղ պետք է Հռչակագիրն
ընթերցեմ… երանելի պահեր էին, ավելի շատ հեքիաթ էր: Վանո Սիրադեղյանը հայտարարեց,
որ ներման օր է հայտարարվում: Շատ մարգարեական եւ մարդասիրական որոշում էր, եւ հիմքը
կար, որովհետեւ ոգեւորությունը մեծ ալիք էր տվել: Այդքան համախմբվածություն, այդքան
մարդասիրություն, հավատ… իսկապես համաներման օր էր: – Թեմայից դուրս մի
հարց. ի՞նչ եք կարծում, կարդարանա՞ն ընդդիմադիրների մի հատվածի հույսերը՝ սահմանադրական
հանրաքվեն անվստահության հանրաքվեի վերածելու առումով: – Իրենց գործն է: Ես
այդ ուղղությամբ աշխատում եմ՝ ոչ թե նպատակ ունենալով իշխանափոխությունը: Այն կարող
է լինել, կարող է՝ ոչ: Վատ Սահմանադրությունը շատ ավելի մեծ վնաս կարող է բերել:
Երկքաղաքացիություն կոչված հիմարությունը նաեւ երկրի անկախությանն է վնասում: Ես
չեմ հռչակել այս երկիրը Ճապոնիայում ապրող ճապոնացու կամ մեկ ուրիշի համար, որը կարող
է անձնագիր գնել ու ինձ հետ հավասար քվեարկել: Ես, մեր կուսակցությունը սկզբունքորեն
դեմ ենք եւ պայքարելու ենք: Եթե հանրաքվեն միջոց կլինի իշխանափոխության՝ հաճույքով:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել