Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 17,2005 00:00

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է Երեկ Հայոց համազգային շարժում եւ «Հանրապետություն» կուսակցությունների երիտասարդական թեւերը համատեղ քննարկում էին հրավիրել: Թեման՝ «Անկախություն»: «Եվ գաղափարական տարաձայնություն չկա, եւ մարդկային հարաբերությունների առումով երկու կուսակցությունները մոտ են, կուսակցությունների ղեկավարների մոտ անգամ ընկերական հարաբերություններ են: Մեր երկրում այսօր այնպիսի իրավիճակ է, որ քաղաքական ակտիվ գործունեությունը պարտադիր է: Ես միշտ եղել եմ այն սկզբունքին, որ այդ գործունեության ղեկը պետք է լինի այն քաղաքական ուժերի մոտ, որոնք Հայաստանի անկախության գործընթացում իրենց մեծ բաժինն ունեն՝ ոչ միայն արած-դրած գործ, այլեւ ունեն պատասխանատվության բեռ անկախության գործընթացը շարունակելու, ամրապնդելու համար»,- այսպես ողջունեց երիտասարդների համատեղ աշխատելու դրսեւորումները ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: «Առավոտի» դիտարկմանը՝ ինչո՞վ է պայմանավորված այս երկու կուսակցությունների ներկայիս ակտիվ համագործակցությունը, նա պատասխանեց, որ կուսակցությունների համագործակցությունը երկու տարվա պատմություն ունի, երբ 2003-ին համատեղ հայտարարությամբ կոչ արեցին «ոչ» ասել ներկայացված Սահմանադրության նախագծին: Այդքան պատմություն ունի նաեւ երիտասարդների համագործակցությունը, որը շարունակվում է: «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահան Բաբայանը խորհուրդ տվեց կուսակցական հանձնարարություն չփնտրել, քանի որ երիտասարդներն են ձգտում այդ համագործակցությանը: «Դրա իրավունքը մենք ունենք»,- ասաց նա: Հայաստանի նորագույն շրջանի պատմության մեջ երիտասարդ դեմոկրատներին մտահոգում էր այն, որ կոմկուսականները՝ Գագիկ Հարությունյան, Արտաշես Թումանյան, Վլադիմիր Մովսիսյան, Հրանուշ Հակոբյան եւ այլք, ժամանակին ալյանսի գնացին դեմոկրատական ՀՀՇ-ի հետ, իսկ այսօր մեծ հաջողությամբ շարունակում են վայելել ներկայիս իշխանական վայելքները: «Այս առիթով Բաբկեն Արարքցյանը շատ լավ խոսք ունի՝ նրանց տոմսն իշխանության գնացքում մշտական է»,- ասաց պարոն Մանուկյանը: Այս համատեքստում երիտասարդների համար մանրամասնելով 1990, 1998 (երբ մի քանի ժամում քայքայվեց «Հանրապետություն» խմբակցությունը եւ կտրուկ ավելացավ երկրապահների թիվը) թվականների իշխանափոխության դրվագները՝ Արամ Մանուկյանը կանխատեսեց, որ հաջորդ իշխանափոխությունն էլ է նույն սցենարով իրականանալու: «Պատահական չէր, որ երկու օր առաջ Վազգեն Մանուկյանը դիմեց Դաշնակցությանը եւ ՕԵԿ-ին՝ կոալիցիայից դուրս գալու համար: Նա ակնարկ էր անում, որ գալիս են հաջորդ իշխանությունները: Տակից որ սկսում ես քանդել իշխանական բուրգը՝ որոշ ջահելների, հեռատեսների կամ պատեհապաշտների քաշելով, քիչ-քիչ ճեղքվում է ու քանդվում: Ի դեպ, բիզնեսն էլ է այդպես՝ ֆինանսավորում է եւ գործող իշխանությանը, եւ պոտենցիալ իշխանությանը: Հաշվի առեք»,- պոտենցիալ գործիչներին խորհուրդ տվեց փորձառու գործիչը: Ի հակադրություն այն տեսակետի, որ 1990 թվականին անկախությունը Հայաստանին նվիրաբերվեց, Արամ Մանուկյանը վաստակած անվանեց այդ անկախությունը, քանի որ՝ «1990 թվականին երբ ընդունվեց Անկախության հռչակագիրը, Սովետական Միությունը դեռ գործում էր, տանկերը Հայաստանում էին եւ այլն: Ի դեպ, ամենաճիշտ քայլն այն էր, որ անկախությունը հռչակվեց ՍՍՀՄ օրենքներով: Իրավական առումով Հայաստանի անկախությունն ամենաամուրն է»: Ցրտի եւ մթի տարիների մասով՝ «Ցանկացած իշխանության հավատի պաշարը մեկից երկու տարի է: Ուկրաինան տեսա՞ք ինչ եղավ: Անգամ մի տարվա վստահության քվե չունեցավ իշխանությունը: Անկախության առաջին տարիներին մեր ղեկավարների մեջ կային խելոքները, ովքեր զգում էին, որ ամեն ինչ շատ արագ պետք է անել՝ սեփականություն, բազմակուսակցություն, մամուլի ազատություն… սխալներով, անսխալ՝ կարեւոր չէ: Ազատախոհությունը հորդաց Հայաստան, 2-3 տարում անկախության ինստիտուտները կայացան: Ժողովուրդը հավատում էր, լույս չունեին, հաց չունեին, ցուրտ էր, բայց իշխանությանը տրված էր երկիր կառուցելու դաբրոն: Ղարաբաղում օրը 100 զոհ էինք տալիս, Հայաստանում ժողովրդավարություն էինք կառուցում»: 1995 թվականից սկսած ժողովրդավարության նվազում արձանագրելով՝ Ա. Մանուկյանը փաստում է, որ այսօր ամբողջությամբ հակառակ ուղղությամբ ենք շարժվում՝ հետընթաց: «Անկախության առաջին քայլը կլինի այն, երբ մենք մեզ համոզենք, որ առանց ռուսի կարող ենք ապրել»,- Վանո Սիրադեղյանի խոսքը վերհիշեց նա եւ հավելեց. «Այն ժամանակ հաղթահարեցինք այդ հիվանդությունը: Հիմա հասանք մի հիմար փուլի, երբ ՀՀ քաղաքացին, առավել եւս՝ քաղաքական ուժը Ռուսաստանի վիրուսով վարակվեց: Ներողություն, բայց անգամ Բազեյանի նման՝ կռիվներով, փորձություններով անցած մարդը նույնպես այդ բացիլից չի ձերբազատվել: Եվ էլի շատերը: Ցավալի է»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել