Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում

Հոկտեմբեր 07,2005 00:00

Հանդիպում իտալական արվեստի հետ Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց հայկական արմատներով իտալացի գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը: Այս ստեղծագործությունը թարգմանվել է տարբեր լեզուներով, շուտով կթարգմանվի նաեւ արեւելահայերեն: Գիրքը մի քանի ամսվա ընթացքում 8 անգամ վերահրատարակվել է՝ ստանալով գրական 10 մրցանակ: Տիկին Արսլանն ասաց, որ այս գիրքը ներկայացրել է տարբեր երկրներում, սակայն իր համար մեծ հպարտություն է, որ իր ժողովրդի պատմությունը ներկայացնում է իր հայրենիքում: Մխիթարյան միաբանության մշակութային գանձերի պահապան Հարություն վարդապետ Պզտիկյանը նշեց, որ այս վեպը անկեղծորեն պատմում է Ա. Արսլանի ընտանիքի պատմությունը՝ շեշտը դնելով հայության ողբերգության վրա: Գիրքը խորհրդանշում է նաեւ հայ-իտալական բարեկամությունը: Հեղինակը պատմում է եղեռնի մասին իր պապից հասած պատմությունը: Անտոնիա Արսլանը նշեց, որ պապը իր զավակներին եղեռնի մասին ոչինչ չէր պատմել, վախենալով, որ նրանք էլ կվերապրեն ողբերգությունը, փոխարենը ամեն ինչ ասել է թոռանը՝ 9-ամյա Անտոնիային: Ապրելով Արեւմտյան Հայաստանում, հեղինակի պապը՝ Երվանդը, 13 տարեկանում մեկնում է սովորելու Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, սիրահարվում է իտալացի կոմսի աղջկան, ամուսնանում նրա հետ եւ բնակություն հաստատում Իտալիայում: Տարիներ անց որոշում է մեկնել Արեւմտյան Հայաստան՝ տեսակցելու եղբորը՝ Սմբատին, ինչն էլ համընկնում է 1915թ. եղեռնի հետ: Սմբատին գլխատում են, իսկ նրա ընտանիքը բռնում է աքսորի ճանապարհը: Արսլանյանների ընտանիքը ստիպված է լինում փոխել ազգանունը, որպեսզի չկասկածեն իրենց: Տիկին Անտոնիան այս մասին իմանում է , երբ արդեն չափահաս էր: Ա. Արսլանին այս գիրքը գրել ստիպել են նյույորքաբնակ ընկերուհին՝ Սոնան եւ Վենետիկի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ հայր Լեւոն Զեքիյանը: Նա Ա. Արսլանին առաջարկել է. «Բավական է զբաղվես իտալական գրականությամբ: Ուշադրություն դարձրու նաեւ հայ գրականությանը»: Տիկին Արսլանը իտալերեն է թարգմանել նաեւ Դանիել Վարուժանի ստեղծագործությունները: Լ. Զեքիյանը նշեց, որ «Արտույտների ագարակը» վեպում նախնադարյան էպիկական շունչ է զգացվում. «Բանաստեղծի ոգով է նկարագրում այն հողերը, որտեղ ապրել են իր պապերը, կարծես ինքն էլ է այդտեղ ծնվել»: Լ. Զեքիյանը առանձնահատուկ անդրադարձավ գրքում տեղ գտած հայ կին հերոսների կերպարներին. «Եթե հայ ժողովուրդը ողջ է՝ շնորհիվ հարսների եւ տատիկների»: Այս վեպի հիման վրա ներկայումս իտալացի հանրահայտ ռեժիսորներ Տավիանի եղբայրները ֆիլմ են նկարահանում: Պաոլո Տավիանին ասաց, որ մինչ Անտոնիա Արսլանի գրքին ծանոթանալը, Հայոց մեծ եղեռնի մասին ավելի քիչ պատկերացում ուներ. «Անտոնիան մեր ձեռքից բռնեց եւ մեզ «ներմուծեց» հայ եւ իտալացի ընտանիքների մեջ: Այս ընտանիքների հետ մենք ներքուստ ապրեցինք նրանց ողբերգությունը: Ուշագրավ է, որ այս վեպը խոսում է ոչ միայն ողբերգության, այլ նաեւ պայքարի մասին, հատկապես կանանց պայքարի»: Նա ավելացրեց, թե լավ կլիներ, որ «Արտույտների ագարակը» վեպը կարդային ամենուր. այն ստեղծագործություն է բոլոր ազգերի համար: Տավիանի եղբայրները խոստովանեցին, որ Հայաստանից կվերադառնան ոչ միայն մշակույթով, այլեւ հայկականությամբ հարստացած: Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Տավիանիների «Սուրբ Լորենցիոյի գիշերը» ֆիլմը, որի ցուցադրությանը ներկա էին նաեւ հեղինակները: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել