Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ

Հոկտեմբեր 22,2005 00:00 Share

«Ուրախ ենք, որ մի տարի ավել կաշխատենք» Դրանով են սահմանափակվում գյուղապետերի գիտելիքները սահմանադրական փոփոխությունների մասին Էջմիածնի եւ հարակից գյուղերի 70 բնակիչների շրջանում «Առավոտի» հարցումները ցույց տվեցին, որ նրանցից միայն 12-ն են այստեղից-այնտեղից լսել, որ պատրաստվում ենք Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել: Հաշվի առնելով, որ Էջմիածինը մայրաքաղաքին շատ մոտ է, կարելի է պատկերացնել, թե որքանով են դրա մասին տեղյակ հեռավոր ու սահմանամերձ գյուղերում: «Առանձին կետերին ծանոթ չենք, չենք էլ ուզում ծանոթանալ, շատ էլ պետքներս ա, թե չէ գործող Սահմանադրությունը մեզ ի՞նչ ա տվել, որ թազեն տա: Ուղղակի քաղաքավարությունից դրդված հեռուստատեսությամբ լսում ենք՝ իբր լուրերից հետ չմնանք»,- մեր հարցումների ժամանակ Էջմիածնի «քաջատեղյակներն» այսպես մեկնաբանեցին սահմանադրական փոփոխությունները: Դրանց մասին խղճուկ տեղեկություններ ունեին նաեւ հարակից գյուղերի գյուղապետերը. նրանք միայն լսել ու հետաքրքրվել էին այն կետով, որով իրենց լիազորությունները 1 տարով պատրաստվում է երկարաձգվել: Գյուղապետերն իրենց անտեղյակությունը բացատրեցին համայնքապետի ընտրություններով: «Կետեր կան, որ ծանոթ եմ, բայց, ճիշտն ասած, ժամանակ չունեմ քննարկումներին հետեւելու: Եթե ընդունվի, մի հատ գիրք կառնեմ՝ կկարդամ: Մենակ ուրախ եմ, որ գյուղապետի պաշտոնում կլինեմ ոչ թե 3, այլ 4 տարի: Ես կողմ կլինեի նույնիսկ 10 տարի աշխատելուն, որովհետեւ 3 տարում հազիվ հասցնում ենք օրենքները սովորել ու աշխատանքին ծանոթանալ»,- ասաց Արմավիրի մարզի Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը: Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը նույնպես անկեղծորեն խոստովանեց, որ «ընդհանուր առմամբ ոչ մի հոդվածի մանրամասն ծանոթ չեմ, բայց լավ հոդվածներ կան. օրինակ՝ մեր լիազորությունները երկարաձգելը շատ ճիշտ քայլ է»: Հովտամեջի գյուղապետ Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ «դեռ ահագին ժամանակ կա ծանոթանալու, չգիտենք էլ՝ կփոխվի՞, թե՞ ոչ»: Խնդիրն այն է, որ շուրջ 2 ամիս տեւած քննարկումներից հետո Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համակարգող խորհուրդը միայն նոր է որոշել լուսավորել հասարակությանը: Ընդ որում, ըստ խորհրդի քարոզչության բաժնի ղեկավար Սպարտակ Սեյրանյանի՝ առայժմ պիտի զբաղվեն տեղեկատվական բրոշյուրներ հրատարակելով, որոնք, հարց է, կհասնե՞ն գյուղացիներին, թե՞ ոչ: Իսկ այն հարցերի պատասխանները, թե կոնկրետ այս կամ այն փոփոխությունը ի՞նչ նպատակով է արվում, ի՞նչ կտա այն հասարակությանը, ի՞նչ տարբերություններ կան նախորդի ու նոր տարբերակի միջեւ, նախատեսված է ժողովրդին բացատրել ավելի ուշ, որովհետեւ դա, ըստ խորհրդի պլանների, «քարոզչության երկրորդ փուլն է»: Մինչդեռ խորհրդի համակարգող Մհեր Շահգելդյանը օրեր առաջ ճեպազրույցում հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անեն՝ միջազգային չափանիշներով հանրաքվե անցկացնելու համար՝ կարեւորելով այն հանգամանքը, որ մոտ երկու տասնյակ քաղաքական եւ մոտ 200 հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ նախագծին արդեն հավանություն են տվել: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել