Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ՝ ՀԱՍԹԻՆԳՍԻ ՇՈՒՐՋ

Նոյեմբեր 11,2005 00:00

ԵԱՀԿ
ԽՎ նախագահի հանդիպումից տպավորված են բոլորը ԵԱՀԿ Խորհրդարանական
Վեհաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը, որ նոյեմբերի 7-9-ը Երեւանում էր, հասցրել է
հանդիպել ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ղեկավարների
հետ: Հետաքրքիրն այն է, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահին այդ հանդիպումների ընթացքում ուղեկցել
է ոչ թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, այլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ջոն Էվանսը: Այդ հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բնականաբար, քննարկվել
են մասնավորապես նաեւ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցադրումներ:
Հանդիպմանը մասնակցածների տպավորություններն էլ, բնականաբար, տարբեր են, բայց
նույնն են եղել պարոն Հասթինգսի գնահատականներն այս փոփոխությունների ու ընդհանրապես՝
հանրաքվեի ու դրան «այո» ասելու դեպքում ՀՀ-ի առջեւ բացվող պայծառ հեռանկարի առնչությամբ:
«Նոյեմբերի 27-ին դուք հնարավորություն ունեք աշխարհին ցույց տալու, որ Հայաստանը
գնում է դեպի ժողովրդավարական զարգացումներ»,- մոտավորապես այսպես է ասել ԵԱՀԿ ԽՎ
նախագահը: Նրա տպավորությամբ, Սահմանադրության փոփոխությունները լավն են, ու դրանցում
գնահատելի է մասնավորապես այն, որ, ըստ Հասթինգսի, իշխանության տարանջատում կա, դատական
համակարգի, զանգվածային լրատվամիջոցների անկախացմանը ու, ի վերջո, նաեւ մարդու իրավունքների
պաշտպանությանն ուղղված դրույթներ կան: Հասարակական կազմակերպությունների
հետ հանդիպման ժամանակ, մեր աղբյուրների ասելով, ԵԱՀԿ ԽՎ նախագահը ավելի շատ խոսել
է, քան լսել՝ ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների «լավ» կողմերը: Նա մասնավորապես
ասել է, թե ԱՄՆ-ում էլ միանգամից ժողովրդավարություն չի կառուցվել, որ ժողովրդավարությանը
դանդաղ քայլերով են հասնում: «Ինքն ասում էր, բայց էնտեղ նստածներից ոչ մեկն
էլ չէր ընդդիմանում ու չէր ասում՝ դուք մեզ ձե՞ռ եք առնում»,- հանդիպման մասին մեր
հարցադրմանն ի պատասխան նկատեց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան
Միքայել Դանիելյանը: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ, իր տպավորությամբ՝ պարոն Հասթինգսը
եկել էր համոզելու, որ Սահմանադրության հանրաքվեին ճիշտ կլինի «այո» ասել: Ոմանք
այդ քարոզչությունը պայմանավորում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Էվանսի՝ որպես համոզված
«այո»-ականի ներկայությամբ՝ կարծիք հայտնելով, որ իրենց տպավորությամբ, թերեւս, հենց
դեսպանն էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին հորդորել զբաղվել «այո»-ի քարոզչությամբ։ Մ.
Դանիելյանը նկատեց, որ հանդիպման մասնակից երկու կողմերն էլ իրենց անսկզբունքայնությամբ
իրար միանգամայն արժանի էին: Ինչ վերաբերում է ընդդիմության՝ Է. Հասթինգսի
հետ ունեցած հանդիպմանը, ապա մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության նախագահ
Արամ Սարգսյանի ստացած տպավորությունը միանգամայն այլ էր: Նրա ասելով, Է. Հասթինգսը
բացարձակապես որեւէ խոսք ի պաշտպանություն սահմանադրական բարեփոխումների չի ասել
ու չի քարոզել: Ավելին, Ա. Սարգսյանի ասելով, ընդդիմադիր որոշ ներկայացուցիչներ խոսելով
սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն
էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ իշխանությունները համառորեն չեն ուզում հանրաքվեի
քարոզչության ու քվեարկության օրը դիտարկումներ անելու համար հրավիրել ԵԱՀԿ դիտորդներին:
«Եթե մարդն արդար գործ է անում, նա վախենալու ու զգուշանալու որեւէ խնդիր չպետք է
ունենա, իսկ իշխանությունները վախենում են, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կարող
է իրենց ուզածը չասի ու ցանկալի գնահատական չտա այդ պրոցեսին»,- մատնանշել էին ընդդիմադիրները:
Պարոն Հասթինգսին բացատրվել էր, որ իշխանությունների առաջարկած փոփոխություններով
ու դրանում առկա երկքաղաքացիության արգելքի վերացման արդյունքում Հայաստանն էլ ավելի
կմոտենա ոչ թե Եվրոպային ու եվրոպական ժողովրդավարական արժեքներին, այլ՝ Ռուսաստանին:
Իսկ ընդհանուր առմամբ, Ա. Սարգսյանը կարծիք հայտնեց, թե՝ է. Հասթինգսը բավականին
կարգին մարդ էր, որ նա էլ ժամանակին պայքարել է ռասիզմի դեմ, ավելին՝ նա էլ «հեղափոխական»
է եղել ու այդ մասին խոստովանել է՝ տեսնելով ընդդիմադիրներից մեկի նարնջագույն փողկապը:
Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել