Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ՝ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Նոյեմբեր 19,2005 00:00

Այս տարվա ապրիլ ամսից ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը օտարալեզու ցուցանակների տուգանքից շուրջ 5 միլիոն դրամ փոխանցել է բյուջե։

Այդ գումարից ոչ մի լումա տեսչությունը չի ստացել՝ աշխատակիցներին խրախուսելու եւ տեխնիկական անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը։ «Մեկ ակտ կազմելու համար տեսչությունը 5 հազար դրամ է ծախսում։ Հավելյալ գումար չեն տալիս, որ ֆոտոժապավեն գնենք (տեսուչները խախտումն արձանագրելիս նաեւ լուսանկարում են), աշխատակիցներին խրախուսենք։ Այն դեպքում, երբ կա նաեւ նրանց անվտանգության խնդիրը։ Հաճախ տնտեսավարող մարմինների ներկայացուցիչներն իրենց անպատկառ ու լկտի են պահում ստուգումների ժամանակ, եղել է դեպք, որ դուռը փակել են եւ մեր տեսուչներին ինչ ասես, որ չեն ասել։ Ստիպված ոստիկանություն ենք դիմել։ Ոմանք նույնիսկ դատարանում կոռեկտ չեն պահում իրենց։ Հիմա չգիտենք՝ քանի ճակատով պայքարենք»։

Լեզվի տեսչությունը շահագրգիռ կառույցների, մասնագետների հետ աշխատում է «Լեզվի մասին» օրենքի նոր նախագծի վրա։ Առաջիկայում նախատեսում է ուսումնասիրություններ անցկացնել բուհերում, դպրոցներում՝ լեզվի ուսուցման որակը ստուգելու նպատակով։ Բայց այս ամենին հերթ չի հասնում՝ 18 հոգանոց կոլեկտիվի պայմաններում։ Վերջին 3 ամսում 1-ին ատյանի դատարաններում արդեն 15 գործ է լսվել՝ կապված ցուցանակների օտարալեզու գրության հետ։

Ցուցանա՞կ, թե՞ գովազդային վահանակ

2002 թ. մարտի 19-ին Կառավարության կողմից ընդունվել է հատուկ որոշում, որի հիման վրա «ՀՀ-ում ցուցանակի լեզուն հայերենն է։ Ցուցանակի հայերեն տեղեկատվությունը կարող է զուգորդվել այլ լեզուներով գրված տեղեկատվությամբ»։ Տնտեսվարող մարմինը կարող է ցուցանակի վրա ապրանքանիշի օտարալեզու բառը առանց թարգամանելու գրել հայերեն տառերով։ Իսկ ապրանքանիշն իբրեւ ցուցանակ օգտագործելը, ըստ այդ որոշման, արգելվում է։

Սակայն կա մի սողանցք։ «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ գովազդի լեզուն հայերենն է։ Բայց այդ նույն կետի ենթակետում գրված է, որ ապրանքանիշերն ու մակնիշները հայերեն չեն թարգմանվում։ «Սա հենց սողանցք է թողնում գովազդատուի համար, որ ապրանքանիշի անվան տակ ինչպես ուզի՝ գրի,- ասում է Լ. Միրզոյանը։- Եվ հիմնականում մեր դատական գործերն առնչվում են այս խնդրին. մարդիկ չեն տարբերում՝ ինչ է ապրանքանիշ, ինչ է ցուցանակ, ինչ է գովազդ։ Նման խնդիրները պետք է կանոնակարգվեն։ Եթե գովազդային վահանակ է, կարող է կառչեն վերոնշյալ ենթակետից, բայց եթե խանութի վրա է փակցված, ապա ցուցանակ է»։ Տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը նույնիսկ բացառում է սողանցքի գոյությունը։ Այսպես։ «Նախ՝ «Գովազդի մասին» օրենքում ասվում է, որ գովազդի լեզուն հայերենն է, այսինքն՝ հայերեն լեզվով։ Ապրանքանիշերի պարագայում, բնականաբար, չենք պահանջի, որ բառը թարգմանեն, բայց պետք է գրվի հայերեն տառերով՝ բառային միավորը պետք է տառադարձվի։ Օրենքը թարգմանելու խնդիր չի դնում, բայց դնում է տառադարձելու խնդիր։ Պարզապես լրացուցիչ կարգով պետք է կարգավորվի, ինչպես ցուցանակների պարագայում։ Սահմանադրության 12-րդ հոդվածն ասում է, որ մեր պետական լեզուն հայերենն է։ ՀՀ քաղաքացու համար պետք է ապահովվի հայերեն տեղեկույթ ստանալու իրավունքը։ Նա պետք է հայերեն տառեր տեսնի։ Եթե ես Սիմենսը տառադարձում եմ հայերեն, դա չի նշանակում, որ ես այն թարգմանեցի, այն մեր բառապաշարի մաս չկազմեց, չդարձավ հայերեն, պարզապես ապահովեց ՀՀ քաղաքացու՝ պետական լեզվով տեղեկույթ ստանալու սահմանադրական իրավունքը։ Ինչպե՞ս է, որ, օրինակ, Դիանա օտարալեզու անունը գրում ենք հայերեն տառերով»։ (Նշենք, որ, օրինակ, ծխախոտի «Գոլուազ» եւ սպորտային «Ֆիլա» ապրանքանիշներն իրենց գովազդային վահանակներում նշում են նաեւ անվան հայերեն տարբերակները): Ինչ վերաբերում է «Ապրանքանիշերի մասին» օրենքին, ապա այստեղ էլ տարանջատված են պատկերային եւ բառային ապրանքանիշերը։ Եվ բառայինի դեպքում չտառադարձելու խնդիր դրված չէ: «Լոգո կոչվածը (որ թարգմանում ենք ապրանքանիշ) նշանակում է բառ, եւ մեզանում ֆետիշացվել է դրա իմաստը: Սահմանադրական նորմից վեր ոչինչ չկա,- ասում է տիկին Հարությունյանը։- Բացի այդ, «Ֆիրմային անվանումների մասին» օրենքում գրված է, որ ֆիրմային անունները պետք է լինեն հայերեն։ Բայց դրսի կազմակերպությունները գալիս են ու գրանցվում՝ ինչպես ուզում են։ Սիմենս ներմուծող կազմակերպությունը գրանցված է «Ինթեգրեյթիդ սերվիս»։ Ես չեմ հասկանում դա ինչ է նշանակում»։

Լ. Հարությունյանն ասում է, որ կան օտարերկրյա հիմնարկներ, որոնք սկզբունքորեն չեն փոխում իրենց օտարալեզու ցուցանակները՝ գերադասելով տուգանվել։ «Բայց մեր խնդիրը տուգանք կորզելը չէ»։ Այս առիթով տեսչության պետը հետեւյալ համեմատությունն է անում. «Երբեւէ պատկերացնո՞ւմ եք, որ մեկը գնա այլ երկիր եւ հայերեն ցուցանակ կախի։ Անմիջապես կարտաքսեն եւ կպատժեն՝ երկրի օրենքները խախտելու համար։ Իսկ մենք բոլորին սիրով ընդունում ենք, հանդուրժում՝ ոտնահարելով ազգային արժանապատվությունը։ Ամեն ցուցանակի հետեւում այնպիսի մարդիկ են, որ չես կարողանում պայքարել։ Բայց մեր խնդիրն է համառորեն պայքարել։ Անմիջապես ակտ ենք կազմում, որ համապատասխան զանգեր չլինեն։ Մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի։ Մտնում ես Վրաստան, վրացերենից բացի ոչ մի լեզու չես տեսնում։ Բագրատաշենի մաքսային կետում ինձ տվեցին փաստաթուղթ, եւ ես միայն մեքենայիս պետհամարանիշից իմացա, որ այդ փաստաթուղթը ինձ է վերաբերում»։ Պրն Միրզոյանը հատուկ անդրադարձավ «ԱրմենՏելին», որը հայերեն լոգո ունենալով հանդերձ, այն հաճախ չի էլ օգտագործում. «Թերթերում էլ «ԱրմենՏելն» անգլերեն գովազդ է տպագրում։ Թերթն իր հերթին իրավունք չունի օտարալեզու գովազդ տպագրել, դա միայն գովազդային վահանակի վրա կարելի է ինչ-որ տեղ հանդուրժել»։

Խտրական մոտեցում

Վերջերս տեսչությունն արծարծվող հարցի վերաբերյալ լուրջ խնդիր ունեցավ Երեւանի կոնյակի գործարանի հետ։ «Նրանք ասում են, որ գործարանի վրա փակցված Արարատ օտարալեզու գրությունը գովազդ է։ Մենք էլ ասում ենք՝ ցուցանակ է, եւ նախ պետք է հայերեն գրված լինի, հետո նոր՝ օտար լեզվով»,- պատմում է Լ. Միրզոյանը։

Գործն անցել է վերաքննիչ դատարանով, հետո ուղարկվել տնտեսական դատարան։ Արդյունքում գործարանը շահել է դատը։ Այն դեպքում, երբ նույնանման շատ հայցերի դեպքում շահում է լեզվի տեսչությունը։ Տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանի ներկայացմամբ՝ «Արարատի», «Մերսեդես Բենսի» եւ «Ադիդասի» դեպքում գործ ունենք առանց իրավական հիմքի վճռի հետ։ «Դատարանում ցույց տվեցինք «Արարատ» ֆիրմային խանութից վերցված օտարալեզու պիտակը, ասում են՝ պետք է տեղում ակտ կազմեիք։ Ձեւականությունների հետեւից են ընկնում։ Մյուս տարի պատրաստված, բոլոր ձեւական կողմերը պահպանելով կմտնենք ստուգման. գործարանում ամբողջությամբ օտար լեզվով է արվում գործավարությունը»։ Պրն Միրզոյանը դատարանի խտրական մոտեցմանն այսպես է արձագանքում. «Դե դա դատավորի ցանկությունն է։ Ես իմ գործն եմ կատարում, նրանք էլ՝ իրենցը»։

Տեսչության լծակները թույլ են

Մի քանի ամիս առաջ Հր. Քոչարի փողոցում գտնվող «Ազալեա» գեղեցկության սրահն իր օտարալեզու ցուցանակի համար դատարանով տուգանվել է 100 հազար դրամ, սակայն նորից վերականգնել է օտարալեզու ցուցանակը։ Տեսչության պետը ստիպված դիմել է Արաբկիրի թաղապետին, եւ խախտումը վերացվել է միայն թաղապետարանի լծակներով։ «Մենք օրենքի վրա կարող ենք հիմնվել, այլ լծակներ չունենք»,- ասում է Լ. Միրզոյանը, սակայն փաստը մնում է փաստ, որ կան նաեւ արտոնյալներ, որոնց վրա օրենքն էլ չի ազդում։

Կա նաեւ անիրազեկության խնդիրը։ Ըստ տեսչության պետի, շատ տնտեսվարող մարմիններ տեղյակ էլ չեն օրենքներին։ Սակայն գովազդի թույլտվությունը տալիս է տեղական ինքնակառավարման մարմինը, եւ այդ թույլտվությանը կարելի է պարզապես կցել կառավարության համապատասխան որոշումն ու համապատասխան օրենքների դրույթները։ «Ես անձամբ բոլոր թաղապետերին շրջաբերական եմ գրել եւ խնդրել համագործակցված աշխատել։ Առաջարկել եմ թեկուզ տնտեսվարող մարմինը մեկ րոպեով գա տեսչություն, ուրվանկարը բերի, մենք հաստատենք։ Բայց մարդիկ ոչ մեր գործին արձագանքում են, ոչ էլ»։

Տեսչությունը բազմիցս դիմել է «Բրաբիոնին»՝ Սայաթ-Նովայի փողոցի գովազդային վահանակի համար։ Վերջինիս վրա կա միանգամից 3 սխալ։ Գրված է «Այդ ուր? առանց ծաղիկ», այնինչ պետք է լինի «Այդ ո՞ւր առանց ծաղկի», իսկ ներքեւում գրված Բրաբիոնը չգիտես ինչու անգլերեն է։ «Օրենքում ամրագրված չէ, որ լեզվի պետական տեսչությունը պատասխանատվություն է կրում ուղղագրական սխալի համար, բայց ինչպես կարելի է այդպես թողնել։ Պաշտոնական գրություն եմ գրել, թաղապետարան եմ դիմել, խոստացել են փոխել, բայց չեն փոխել,- վիրավորված է պրն Միրզոյանը։- Զգուշացումից հետո հանում են, մեկ շաբաթ պահում, նորից փակցնում, ոնց որ մարդու ներվերի հետ խաղան։ Դիմել եմ նաեւ քաղաքապետին, որ միասին աշխատենք, որովհետեւ տեսչությունն այդքան ներուժ չունի, որ գնա ամեն տեղ։ Ամեն քայլափոխի լիքն են խախտումները»։ «Բրաբիոնի» գովազդային բաժնից այս կապակցությամբ մեզ հայտնեցին, որ ցուցանակի հարցը քննարկման փուլում է, շուտով Լեզվի տեսչությունից կգան ստուգումների եւ հարցին վերջնական լուծում կտրվի:

Ինչպե՞ս ազատվել թուրքական «դավթարներից»

Վերջերս Լեզվի տեսչությունը ստուգումներ է իրականացրել «Արմենիա» բժշկական կենտրոնում եւ տուգանել 100 հազար դրամով՝ ռուսերեն ձեւաթղթեր օգտագործելու համար։ Այս կենտրոնն իհարկե միակը չէ։ Հիմա բոլոր բուժհիմնարկները «կոմունիստների ժամանակների» ռուսական ձեւաթղթերով են աշխատում։ Մի հիմնարկում էլ, պարզվել է, օգտագործում են ինչ-որ կազմակերպության ներկրած ոչ հայատառ ձեւաթղթեր։ «Մաքսային ծառայություններն էլ պետք է այս հարցին միջամտեն։ Այսօր օրենք չկա, որ ես գնամ ասեմ՝ այս ներկրվող թուրքական «դավթար»-ներից հեռու պահեք մեզ։ Հայաստան ներկրվող յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա նաեւ հայերեն նշումներ։ Մենք պայմանավորվածություն ունենք առեւտրի եւ արդյունաբերության նախարարության հետ, նրանք առաջարկում են այս ամենին օրենքի ուժ տալ»։

Նշենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնն այժմ աշխատում է հայերեն ձեւաթղթերով։ Կան նաեւ այլ բարեխիղճ սուբյեկտներ՝ «Արեւիկ» շինանյութերի խանութը, «Կիտ» կահույքի սրահը եւ ուրիշներ, որոնք տեսչության զգուշացումից հետո եռօրյա ժամկետում շտկել են սխալը՝ գործը չհասցնելով անգամ տուգանքի։ Իսկ «Նուշիկյան ասոցիացիան», որ ներկրում է «Սմիռնովը», նույնիսկ վերջինիս գովազդային վահանակի տեքստն է համաձայնեցրել տեսչության հետ։ «ՎիվաՍելն» էլ իր բոլոր գրասենյակների վրա արդեն հայերեն ցուցանակներ է տեղադրել, ճիշտ է՝ 150 հազար դրամ տուգանվելուց հետո:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել