Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՆՈԴԻ

Հունվար 13,2006 00:00 Share

ՍԻՆՈԴԻ ՇԵՆՔԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ Տարածքի կռիվ՝ Մայր աթոռի եւ Սախկալյանների ընտանիքի միջեւ «Մեծ հիասթափություն եւ ցավ եմ ապրում, քանի որ վտանգված են իմ եւ հանգուցյալ ամուսնուս տարիների վաստակը եւ մեր ժառանգությունը: Խնդիրն էլ ավելի ցավոտ է նրանով, որ այդ վտանգը ինձ հասցնում է ոչ թե աշխարհիկ մարդ կամ չինովնիկ, այլ մեր հոգեւոր առաջնորդը՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը»,- մեզ է գրել Էջմիածին քաղաքի 67-ամյա բնակչուհի Վերգինե Սախկալյանը: Խնդիրը վերաբերում է Էջմիածնի Արարատյան 5ա հասցեում տեղակայված Սինոդի շենքին, որը մինչեւ 1993-ը եղել է թիվ 6 գիշերօթիկ դպրոցին կից կառույցներից մեկը: 1993 թվականից սկսած, Սախկալյանների ընտանիքը, ձեռքին ունենալով ԿԳ նախարարության, Էջմիածնի քաղաքապետարանի համապատասխան որոշումները՝ վերանորոգել է շենքն ու օգտագործել «Էջմիածին» հեռուստաընկերության, «Վաղարշապատ» թերթի, «Տարոն» մանկապատանեկան երգչախմբի եւ իրենց հիմնած այլ կազմակերպությունների գործունեության համար: Ըստ մեր ստացած բողոքի, Սախկալյանները նորոգման աշխատանքների համար վաճառել են իրենց ողջ ունեցվածքը՝ բնակարաններ, ավտոմեքենաներ, հողամաս, իսկ շենքում բնակվող փախստական ընտանիքների համար գնել են հողամասեր եւ տնակներ: 1995-ից էլ Սախկալյանների ողջ ընտանիքը գրանցվել եւ բնակվում է այդ հասցեում: 1999թ. դեկտեմբերին «Էջմիածին» հեռուստաընկերության հիմնադիր Էդուարդ Սախկալյանը նոր ձեռնադրված Վեհափառի հրավերով հանդիպել է նրան: «Նորընծա կաթողիկոսը բացատրեց, որ ծրագրել է եկեղեցապատկան շինությունները Մայր աթոռին վերադարձնելու գործընթաց, խնդրեց չխոչընդոտել իր աստվածահաճո որոշմանը եւ խոստացավ, որ ամեն ինչի համար կհատուցի մինչեւ վերջին «գրոշը»: Տղաս աստվածավախ մարդ է եւ համաձայնեց մեկ այլ շենք ստանալու դիմաց հրաժարվել Սինոդի շենքից, հուշանվերների խանութից եւ փոխհատուցման համար առաջարկվող գումարից»,- ներկայացնում է Վ. Սախկալյանը: Սակայն, ըստ տիկին Վերգինեի, շենքի կամ գումարի փոխարեն ընտանիքը սկսում է մաս-մաս զրկվել իր ունեցվածքից: Նախ քանդվել է շենքին հարակից դարպասը, փակվել է «TV» ամառային սրճարանը, այնուհետեւ քանդվել է նաեւ հուշանվերների խանութը: Այդ ընթացքում Սախկալյանների ընտանիքը հույսով-հավատով սպասել է խոստացված փոխհատուցմանը, չնայած իրենց բիզնեսի կրած մեծ կորստին: Սակայն սպասածի փոխարեն, անցյալ տարվա նոյեմբերին նրանց դուռը թակում են Արմավիրի առաջին ատյանի դատարանի ներկայացուցիչները, ուր հայց էր ներկայացրել Մայր աթոռը: Պարզվել է, որ 2001 թվականի կառավարության թիվ 330 որոշմամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն է տրամադրվել Արմավիրի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Վաղարշապատի Գեւորգյան ճեմարանի եւ վիճահարույց Սինոդի շենքը, որի հասցեն, ի դեպ, նշվում է ոչ թե Արարատյան 5ա, այլ 6: Իսկ 2002-ին Մայր աթոռը իր նվերը ստանում է Էջմիածնի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով, որտեղ լրացուցիչ ավելացրած տողով նշվում է, որ «շենքում գտնվող սուբյեկտների նկատմամբ Մայր աթոռը որեւէ պարտավորություն չունի»: Նոյեմբերին կայացած դատական նիստով Սախկալյանները զրկվում են տարածքը զբաղեցնելու իրավունքից եւ դիմում վերաքննիչ դատարան: Դատը դեռ չի կայացել, իսկ վտարվողները առայժմ պայքարում են՝ նամակներ գրելով երկրի իշխանություններին, միջազգային կազմակերպություններին, պատրաստվում են բողոքել Համաշխարհային եկեղեցական խորհրդին: Ըստ Մայր աթոռից ստացած պատասխանի՝ 2004-ին Մայր աթոռը դիմել է տնտեսական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի քաղաքապետարանին՝ ազատելու Սինոդի շենքը: Հայցը բավարարվել է: Բացի այդ, 3 տարվա վարձակալության պայմանագիր ունեցել է միայն «Էջմիածին» հեռուստաընկերությունը, որն անցյալ տարի վաճառվել է վերապատվելի Լեւոն Բարդակջյանին ու փոխադրվել այլ հասցե, իսկ մնացած կազմակերպությունները տարածքը զբաղեցնելու իրավական հիմքեր չունեն (խմբագրությունում առկա է գիշերօթիկ դպրոցի եւ հեռուստակենտրոնի միջեւ 1996-2006թթ. վարձակալության պայմանագիր): Ինչ վերաբերում է Վեհափառի խոստացած փոխհատուցմանը, ապա, դարձյալ ըստ Մայր աթոռի պատասխանի, «Ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստակամ է եղել օժանդակել շենքում տեղակայվածների փոխադրությանը, սակայն վերջիններիս պահանջները եւ Մայր աթոռի հանդեպ գործողությունները անընդունելի են եղել Վեհափառի համար եւ Մայր աթոռը պարտավորված չէ խորհրդային տարիների ինչ-որ հատվածում իրեն պատկանող, այնուհետեւ կառավարությունից նվիրատվություն ստացած շենքի համար փոխհատուցում տալ: Եկեղեցին հետամուտ է լինելու, որ իրեն պատկանող պատմական շենքն ազատվի անօրինական օգտագործողներից»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել