Լրահոս
Օրվա լրահոսը

Լծվելով ազգային վերածննդի գործին

Հունվար 18,2006 00:00

Լծվելով ազգային վերածննդի գործին Ըստ Էլեոնորա Մանանդյանի՝ ամեն ինչ լավ կլինի, եթե մշակվի ազգային անվտանգության հայեցակարգը «Մեզ մոտ հնարավոր է իսկական ժողովրդավարություն կառուցել, քանի որ մեր երկիրը մոնոէթնիկ երկիր է, եւ մենք պատրաստ ենք իսկական ժողովրդավարություն կառուցել ու հետո աշխարհին կսովորեցնենք, թե ինչ բան է ժողովրդավարությունը»,- նման հավակնոտ հայտարարությամբ երեկ հանդես եկավ «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը, ում ղեկավարած կազմակերպության Գաղափարական կենտրոնը որոշել է «համախմբել բոլոր ունակ մարդկանց՝ միասին լծվելու ազգային գաղափարախոսության ձեւավորմանն եւ ազգային վերածննդի գործին»: Իսկ դրան հասնելու առաջին նախապայմանը ազգային անվտանգության համընդհանուր հայեցակարգի մշակումն է, որին «ձեռնամուխ լինելու» կոչով երեկ հանդես եկավ «Նոր Հայաստանը»: Բնական է, որ «ազգային վերածննդի գործին լծվելու» կոչ անող այս կազմակերպությունը չէր կարող սերտորեն չհամագործակցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ: Կուսակցություն, որն ըստ Է. Մանանդյանի, «միակ քաղաքական ուժն է, որ կարող է եւ ունակ է դրանով զբաղվելու»: Սակայն Է. Մանանդյանը որոշել է ամեն ինչ անել, որպեսզի «համախմբի ազգային անվտանգության համար մտահոգ բոլոր ուժերին», այդ թվում՝ ՀՅԴ-ին: Եթե հավատանք «Նոր Հայաստանի» նախագահին, ապա մեր բոլոր խնդիրների պատճառը ազգային անվտանգության հայեցակարգի բացակայությունն է, հետեւաբար՝ բոլոր խնդիրների համադարմանը հայեցակարգի ընդունումը կլինի: Իսկ հայեցակարգի կատարմանը պիտի հետեւի Ազգային անվտանգության խորհուրդը, որը, ըստ Է. Մանանդյանի, պիտի լինի «ներկայացուցչական՝ այն իրական ձեւավորված մարմինը, որը կարող է հայեցակարգ եւ նորմեր մշակել, ով իրավունք կունենա դատելու մյուսներին»: Վերջին միտքը պարզեցնելու համար Է. Մանանդյանը բերեց հետեւյալ օրինակը. «Ենթադրենք փետրվարին իշխանություններն ասում են, որ ազատագրված տարածքները պիտի հանձնենք: Մենք դատապարտում ենք դա, իրենք արդարանում են: Ո՞րն է այն մարմինը, որը պիտի դատի՝ ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ»: Բայց որտեղի՞ց գտնենք այդ համադարման-հայեցակարգը մշակող ներկայացուցչական իմաստուններին: Պարզվում է՝ ողջ ժողովուրդը պետք է մշակի հայեցակարգը եւ ընտրի այդ «արեոպագը»: Իր դերը Է. Մանանդյանը համեստ է գնահատում. «Մենք հասարակական կազմակերպություն ենք եւ պետք է միայն օժանդակենք»,- ասաց «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահը, ապա նրանց համար, ովքեր կարող են կասկածել իրենց հնարավորություններին եւ ունակություններին, ճշտեց. «Մենք չենք փախնում պատասխանատվությունից, մենք խնդիր չունենք, մենք միշտ պատրաստ ենք…»: Չնայած «Նոր Հայաստանի» նախագահն ասաց, որ չի ցանկանում կանխատեսում անել, քանի որ «քաղաքական կանխատեսումները հիմա արվում են սուրճի բաժակի վրա», բայց ենթադրեց, որ 2006-ը ծանր է լինելու, քանի որ «շատ դեմքեր բացահայտվեցին, եւ ոչ միայն իշխանությունների մեջ, այլեւ՝ ընդդիմության»: Ապա խորհուրդ տվեց բոլորին, հատկապես մամուլի այն միջոցներին, որոնք «Սերժի նկարը կպցրած ման են գալիս», մի քիչ զգույշ լինել, քանի որ «ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել եւ իրենք չեն հասցնի նկարը փոխել ու վատ վիճակում կհայտնվեն»: Է. Մանանդյանը պաշտպանության նախարարի երկրպագուներին եւս մեկ անգամ անդրադարձավ՝ նկատելով, որ իր հրավիրած ասուլիսին ոչ մի հեռուստաընկերությունից չեն եկել, իսկ ահա «Սերժի նկարը կպցրած Ուրիխանյանի հրավիրած ասուլիսին, այն էլ՝ թռչնագրիպի մասին, միանգամից վազում են»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել