Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՍԿԻԶԲԸ ՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԻ

Փետրվար 02,2006 00:00

«Առավոտը» շատ է գրել, որ սկսած 2006-ի
հունվարից, պետական բյուջեից սպորտին հատկացվող գումարներն անմիջականորեն տրվում
են մարզական ֆեդերացիաներին, որոնք այսուհետեւ իրենք են ըստ նպատակահարմարության
տնօրինելու դրանք: Մի կողմից սա շատ երկրներում ընդունված ու իրեն արդարացրած
մոտեցում է՝ վերջապես Հայաստանում էլ ֆեդերացիաները պետք է աշխատեն եւ տվյալ մարզաձեւի
վիճակի համար պատասխանատվություն կրեն: Մյուս կողմից, ինքնուրույն գործելու պարագայում,
հնարավոր է, որ պետական միջոցները նպատակային չծախսվեն եւ ավելին՝ կմսխվեն ծանոթ-
բարեկամների մեջ: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ
Միքայել Իսպիրյանի հետ: – Պարոն Իսպիրյան, արդյո՞ք պետությունը մեծ սպորտից
ձեռքերը չի լվանում: – Ամենեւին: Պարզապես, յուրաքանչյուրը պետք է զբաղվի
իր գործով: Պետության գործը սպորտում քաղաքականություն մշակելն է, զանգվածային սպորտը
զարգացնելը, մարզական շինարարություն իրականացնելը: Իսկ ֆեդերացիաները պետք է զբաղվեն
իրենց մարզաձեւերի զարգացման, բարձր ցուցանիշներ ունենալու, այդ նպատակով հանրապետության
առաջնություններ, մարզիկների ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու, հավաքականների՝
աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցումներին մասնակցությունն ապահովելու
խնդիրներով: Պետության դերը, ի դեմս Սպորտպետկոմի, աջակցելը եւ վերահսկելն է: –
Եվ կարծում եք՝ հիմա ֆեդերացիաները կաշխատե՞ն: – Ամեն բան դրա համար է արվել:
Մինչեւ ֆեդերացիաներին անմիջականորեն ֆինանսավորելուն անցնելը, որին, ցավոք, ոչ բոլորն
են պատրաստ, Սպորտպետկոմը դրանց հետ համապատասխան պայմանագիր է ստորագրել, որում
նշված են կողմերի նպատակները, խնդիրները, հանձնարարված կամ ստանձնած գործի հանդեպ
պատասխանատվության աստիճանը: Նրանք ներկայացրել են աշխատանքային ծրագրերը, որոնցում
նշված են անգամ մրցումների կամ միջոցառումների նախահաշվարկները, թե որի անցկացումը
մոտավորապես ինչ է արժենալու: Ըստ այդմ էլ հաստատվել են տարեկան ֆինանսավորման, ըստ
եռամսյակների գումարի բաշխման չափերը: Յուրաքանչյուր միջոցառման՝ հավաք, հանրապետության
առաջնություն, միջազգային մրցուղերթ, ավարտից հետո ֆեդերացիան մեկ ամսվա ընթացքում
պարտավոր է գրավոր հաշվետվություն ներկայացնել ինչպես մարզական արդյունքների, այնպես
էլ ֆինանսական ծախսերի մասին: Միայն դրանք քննարկելուց եւ ընդունելուց հետո կֆինանսավորվի
հաջորդ միջոցառումը: Սա արված է, որպեսզի գումարները ծախսվեն նպատակային ու արդյունավետ:
– Վստահություն կա՞, որ ֆինանսական փաստաթղթերում կեղծ թվեր չեն ներկայացվի
կամ էլ, ասենք, հավաքականի մարզիչը, ֆեդերացիայի այս կամ այն պաշտոնյան հավաքում,
հանրապետությունից դուրս մրցման մեկնող թիմում կընդգրկի ոչ արժանավոր մարզիկի: Այդպիսի
օրինակներ ունեցել ենք: – Անձամբ ես նման փորձերը չեմ բացառում: Մենք հիմա
ըստ էության երկար ճանապարհի սկզբին ենք: Շատ բան կախված է լինելու անձի արժանապատվությունից,
փոխադարձ հարգանքից ու վստահությունից: Ոչ բոլոր ֆեդերացիաներն են կայացած՝ մեծ մասը
ֆինանսապես կաղում է: Դա կարող է անցանկալի քայլերի առիթ հանդիսանալ: Դրա համար էլ
խիստ վերահսկողություն է իրականացվելու: Թե որքանո՞վ կհաջողվի, հիմա դժվարանում եմ
ասել: Սպորտպետկոմում բանիմաց, հեղինակավոր ու փորձառու մարդիկ են աշխատում: Նրանք
լավ գիտեն մարզիկներին եւ տիրապետում են ֆինանսական հարցերին: Մեր մասնագետները եւ
ֆեդերացիաների նախագահները պետք է միասին անեն այնպես, որպեսզի հավանական չարաշահումները
բացառվեն կամ հասցվեն նվազագույնի: Իսկ եթե ֆեդերացիայի մի որեւէ պաշտոնյա կամ մարզիչ
փորձի կեղծիքների գնալ, ֆինանսավորումը կդադարեցվի, հարցը կմտցվի ֆեդերացիայի արտահերթ
նիստ եւ գործերը կհանձնվեն համապատասխան մարմիններին: – Եկող տարվանից ֆեդերացիաների
ֆինանսավորման նոր սանդղակ է մտցվելու: Գումարի չափը որոշվելու է ըստ նախորդ տարվա
ընթացքում միջազգային ասպարեզներում նվաճած մեդալների համար սահմանված միավորների
պարզ հաշվարկի: Մարզաձեւերն անհավասար վիճակում չե՞ն հայտնվի: – Հատուկ հանձնաժողով
է ստեղծվել, որն աշխատում է հաշվարկների մի քանի տարբերակների վրա: Ձեր բարձրացրած
խնդիրը, իրոք, կա: Եթե հավասար նժարի վրա դնենք մեր, այսպես կոչված, «հենակետային»
մի քանի մարզաձեւերը (դրանք մոտ 11-12-ն են), որոնք անցած մրցաշրջանում հանրապետությանը
մեդալներ են բերել եւ, ասենք, հանդբոլը կամ վոլեյբոլը, կստացվի, որ պետբյուջեի ամբողջ
գումարը պետք է տալ այդ 11-12 մարզաձեւերին, իսկ մյուս մարզաձեւերը պարզապես փակել:
Դրա համար էլ մտադիր ենք վերջինների համար ֆինանսավորման առանձին չափորոշիչներ մշակել:
– Տարեվերջյան քննարկումների ժամանակ մեր առաջատար որոշ մարզաձեւերի ֆեդերացիաների
ծավալած գործունեությունը մրցաշրջան-2005-ում անբավարար գնահատվեց: Նույնիսկ մարզչական
խորհուրդների, հավաքականների մարզիչների կազմն ամբողջությամբ որակազրկելու առաջարկներ
հնչեցին: Բայց փոփոխություններ այդպես էլ չեղան: – Այո: Ես ինքս անչափ դժգոհ
էի ու այդ առաջարկներն անողներից մեկն էի: Սակայն մարզիչները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ
Ծառուկյանին գրավոր խոստացան ամենակարճ ժամկետներում շտկել թույլ տված սխալները եւ
արդեն այս տարի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, պաշտոնական պատասխանատու մրցումներում
մեդալների հարուստ ավար նվաճել հանրապետության համար: Նրանց տրվեց վերջին հնարավորությունը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել