Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆԻ ՕՐԸ ՉԸՆԿՆԵՆՔ

Փետրվար 04,2006 00:00

Հայաստանը
ամեն տարի «հաշվետու է լինելու» ՀՄԿ-ին՝ իր ժողովրդավարության աստիճանի համար Ինչպես
հայտնի է, Հազարամյակների մարտահրավերների կորպորացիան (ՀՄԿ), չնայած որոշ մտահոգություններին,
այնուամենայնիվ, որոշեց հավանություն տալ Հազարամյակների մարտահրավերների հայաստանյան
ծրագրին (ՀՄԾ): Դա նշանակում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ին տրվելու
է 235,6 մլն դոլարի չափով դրամաշնորհ, որի առաջին մասն, ամենայն հավանականությամբ,
ՀՀ-ն կստանա ապրիլ-մայիս ամիսներին: Սակայն կստանա՞ Հայաստանը ամբողջ գումարը՝ կախված
է ՀՀ իշխանություններից: Քանի որ հենց նրա՛նց, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանին ուղղված հունվարի 23-ի նամակում է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը
զգուշացնում. «Մենք շարունակելու ենք հետեւել զարգացումներին, հատկապես ուշադրության
կենտրոնում պահելով Ձեր կառավարության գործունեությունը՝ «արդարացի կառավարման» ասպարեզում:
Ինչպես Դուք գիտեք, ցուցանիշների նշանակալի շեղումը կամ ՀՀ մասնակցության իրավասության
սկզբունքներին հակասող գործողությունները կարող են հանգեցնել ծրագրի կասեցմանը կամ
դադարեցմանը, եթե անգամ ծրագիրն արդեն իրականացման փուլում է»: Չափանիշներից առաջնայինը,
որին պետք է համապատասխանի դրամաշնորհ ակնկալող երկիրը՝ «արդարացի կառավարումն» է,
որն իր մեջ ներառում է քաղաքական իրավունքները, քաղաքացիական ազատությունները եւ
օրենքի գերակայությունը: Հենց այս չափանիշին մեր երկրի համապատասխանությունն էր լուրջ
կասկածներ հարուցել Ջ. Դանիլովիչի մոտ՝ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեից հետո: Իսկ
որ ՀՄԿ-ի զգուշացումները, նույնիսկ կարելի է ասել՝ սպառնալիքները լուրջ են, անկասկած
է: Համենայնդեպս, վերջերս Եմենի Հանրապետությունը դուրս է հանվել այն երկրների ցուցակից,
որոնց ՀՄԿ-ն դրամաշնորհ էր հատկացնում: Հենց այդ՝ «արդարացի կառավարման» չափանիշին
չհամապատասխանելու պատճառով: ՀՄԾ հաստատմանը նվիրված քննարկում էր երեկ կազմակերպել
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Նշենք, որ երբ նոր
էր սկսվել ՀՄԾ քննարկումը, ամերիկյան կողմի պահանջներից էր, որ ծրագրի նախապատրաստական
աշխատանքներում ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Արդյունքում
հայաստանյան 115 հասարակական կազմակերպություններ իրենց միջից 3-ին ընտրել էին ՀՄԾ
աշխատանքային խմբում՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Այժմ, երբ նախապատրաստական
փուլն ավարտվել է եւ սկսվում է ծրագրի իրականացման փուլը, պիտի կայանան նոր ընտրություններ
եւ 5 կամ 7 հ/կ կընտրվի այս փուլի աշխատանքներին մասնակցելու համար: Սակայն Գործընկերությունը
(որում ընդգրկված են 60-ից ավելի հ/կ-ներ) գտնում է, որ կարող է ավելի լայն մասնակցություն
ունենալ այս ծրագրի իրականացման մեջ: Ավելի կոնկրետ, Գործընկերությունը ցանկանում
է իրականացնել մոնիտորինգ՝ ծրագրի կատարման ողջ ընթացքում հետեւել, վերլուծել եւ
գնահատել դրա իրականացումը: Նկատենք, որ ՀՄԾ-ով նախատեսվում է $5 մլն-ի չափ գումարի
հատկացում մոնիտորինգի համար, սակայն ծրագրի աշխատանքային խումբը վստահեցնում է,
թե ՀՄԿ-ն պնդում է, որ մոնիտորինգն իրականացնեն ծրագիրը կատարողները: Բնականաբար,
դա այնքան էլ ռացիոնալ տարբերակ չէ. Գործընկերությունը կարծես թե մտադիր է ինքնուրույն
մոնիտորինգ նախաձեռնել: Համենայնդեպս երեկ նրանց հավաքի ընթացքում այդ մասին պարբերաբար
խոսվեց: Ներկաները պնդում էին, որ հարկավոր է կոչով դիմել ՀՀ իշխանություններին եւ
պարզել, թե ինչպիսի՞ քայլեր են նրանք պատրաստվում ձեռնարկել՝ ՀՄԿ-ին չհիասթափեցնելու
համար: Իսկ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն առավել
կտրուկ էր. «Եթե մինչեւ ծրագրի իրականացումը ՀՀ իշխանությունները ոչինչ չանեն, ուրեմն
չպիտի ֆինանսավորվեն: Փողը լավ բան է, բայց նրանք պետք է պատասխան տան ոչ միայն Դանիլովիչին,
այլեւ ՀՀ քաղաքացիներին: Եվ թող բացատրեն, թե այդ ինչո՞ւ աշխատանքից ազատվեց այդ
ծրագիրը նախապատրաստող ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Այստեղ ինչ-որ բան
այն չէ»: Հավաքի մասնակիցները պահանջեցին, որ ծրագրի աշխատանքային խումբը
պատասխանի, թե ի՞նչ է պատրաստվում անել ի պատասխան Դանիլովիչի զգուշացման: ՀՄԾ աշխատանքային
խմբի ներկայացուցիչ Հովհաննես Ազիզյանը բացատրեց, որ իրենք (հ/կ-ները) ոչինչ այդ
հարցով չեն կարող անել: Իսկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը,
որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ասաց. «Այդ մենք չենք կեղծել հանրաքվեն, այդ
մեզ չի ուղղված Դանիլովիչի նամակը»: Նա Օսկանյանի պատասխան նամակը գնահատեց որպես
ջրալի, ողորմելի եւ թույլ, իսկ հանրաքվեի որակի հիմնական պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի
մոտեցումը՝ խուսափողական: «Սոցիալական քաղաքականության կենտրոնի» նախագահ
Արման Դանիելյանը բացատրեց, որ ՀՄԿ-ն յուրաքանչյուր տարվա հունվարին ի մի բերելով
կոնկրետ երկրի մասին տարբեր միջազգային վերլուծական կազմակերպությունների կարծիքները,
ինչպիսիք են՝ «Ֆրիդոմ Հաուսը», «Հուման ռայթս վոչը» եւ այլն, եզրակացություն է կազմում
եւ, ըստ այդմ, որոշում իր հաջորդ քայլը: Նա կանխատեսեց, որ 2006-ին որեւէ արտառոց
բան ՀՀ-ում չի սպասվում, եւ հետեւաբար ամեն ինչ նորմալ կլինի, իսկ ահա 2007-ի ընտրությունները
կարող են որոշիչ լինել ՀՄԾ-ի ընթացքի համար: Եթե կրկին անգամ, ավանդույթի համաձայն,
մենք խայտառակ ընտրություններ անցկացնենք, ապա դուրս կմնանք Ծրագրից. «Ամեն տարվա
սկզբին մենք կանգնելու ենք ջրբաժանի առջեւ: Եվ հինգ տարի շարունակ գտնվելու ենք կախման
վիճակում»,- նշեց պարոն Դանիելյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել