Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի արխիվը ապահով չէ՞

Փետրվար 04,2006 00:00

Կադաստրի արխիվը ապահով չէ՞ Հայրական ժառանգությունը տեղ չի հասնում Հինգ տարի է՝ Ջուլիետա Սարգսյանը չի կարողանում կադաստրում գրանցել հորից ժառանգություն ստացած Խորենացի 42 հասցեում գտնվող սեփական տունը: Կադաստրում Ջ. Սարգսյանին պատճառաբանում են, որ տան սեփականատերը բոլորովին այլ մարդ է եւ ինչքան էլ կինն իրեն «կոտորում» է ու խորհրդային տարիներից պահպանված զանազան փաստաթղթերով ապացուցում իր՝ տանտեր լինելը, կադաստրում հաշվի չեն առնում՝ դրանք համարելով հին: Ավելին, տան «նոր» սեփականատերը նույնիսկ սպառնում է Ջ. Սարգսյանի բազմանդամ ընտանիքին վտարել 80 տարվա հայրական տնից: Իսկ տան նոր տերը, ինչպես պարզել են Սարգսյան ամուսինները, իրենց հորեղբոր թոռներն են՝ Արթուր եւ Արմեն Սարգսյանները, որոնք Ջ. Սարգսյանի խոսքերով, օգտվելով երկու ընտանիքների՝ նույն հասցեում բնակվելու հանգամանքից՝ ութ տարի առաջ կադաստրի արխիվից «դուրս են բերել եւ կեղծել են տան 1928 թ. առուծախի պայմանագիրը, ընդհանուր պլանից ջնջել են Ջ. Սարգսյանին պատկանող տան մասը՝ տեղում նշելով «ազատ վարելահող», իսկ սեփականատեր դարձրել իրենց պապին՝ Կարապետ Սարգսյանին, ապա նույն փաստաթղթում փոխել են նաեւ տան իսկական հասցեն՝ 36-ը գրանցելով 42»: Ջ. Սարգսյանը պատմում է, որ չնայած իր հոր՝ Գեւորգ Սարգսյանի եւ հորեղբոր՝ Կարապետ Սարգսյանի ընտանիքները դեռեւս 1939 թ. դատարանի միջոցով իրենց ընդհանուր օգտագործման սեփական տունը փաստաթղթերով երկու մասի են բաժանել, սակայն բնակվել են նույն հասցեում. «Երկու ընտանիքն էլ ստացել են տուն, բակ, հողամաս, սակայն դատավճռից մի քանի ամիս անց հորեղբորս հողամասն ամբողջությամբ վերցվել է՝ բնակելի շենք կառուցելու նպատակով: Իսկ մեր տարածքը մնացել է: Նույն բանը գրված է նաեւ պետական նոտարի հաստատած ժառանգության իրավունքի վկայականում: Ավելին՝ հայրս տան իր մասի համար 1994-ին Կենտրոնի կադաստրից ստացած սեփականության վկայական ունի, ինչը եւս հաստատում է, որ տունն ու հողամասը մերն է, այլ ոչ թե իմ հորեղբոր թոռներինը, որոնք իրենց անունով սեփականության նոր վկայական են հանել՝ ներառելով մեր տան եւ բակի զբաղեցրած տարածքը: Վկայականի կեղծ լինելու մասին հավաստում է նաեւ այն, որ նոր հատակագծով նրանց տարածքի մեջ ընդգրկվել է նաեւ հարեւան բազմաբնակարան շենքի պատշգամբների ու ճաշասենյակների տարածքի կեսը: Մինչդեռ իրական փաստաթղթերում իրենց պապի տունը հողամաս չի ունեցել: Այժմ էլ համարելով, որ վկայականն օրինական է՝ դատարանով պահանջում են տարածքն ազատել»: Սարգսյանների բողոքների հիման վրա Կենտրոնի ոստիկանությունը քրգործ է հարուցել, սակայն շտապել է կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Ես հայտարարություն եմ անում, ասում եմ՝ փաստաթղթեր են կեղծել, բայց իրավասու մարմիններին չի հետաքրքրում: Դատարանն էլ ասում է՝ դատախազության գործն է, լավ, ես ո՞ւմ դիմեմ»,- հարցնում է Ջ. Սարգսյանը: Ի դեպ, նա ներկայացրեց 1939 թ. դատարանի որոշումը, 1994-ի կադաստրի կողմից տրված տան սեփականության վկայականը, որոնք վկայում են, որ տունն իրենն է: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել