Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐԸ ՔԹՆԵՐԻՑ ԵԿԱՎ

Մարտ 11,2006 00:00

Մեկ
րոպեի դիմաց 2 դրամ սակագնով իր բաժանորդներին բոնուսային նվեր տալու համար «ԱրմենՏելին»
տուգանեցին «ԱրմենՏելի» «սիմ» քարտի այն բաժանորդները, որոնք չեն հասցրել
մարել այս Ամանորին ընկերության նվերը՝ 2 դրամ սակագնով րոպեներ, «թքին փայտիկին»՝
երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ նվեր-ակցիան դադարեցվեց:
Իսկ բաժանորդներին ասված էր, որ կարող են իրենց րոպեները մարել մինչեւ ապրիլ: Այս
մասին իր վերջնական որոշումը «ԱրմենՏելը» կհայտարարի առաջիկայում: Հանձնաժողովի
նիստում քննարկվում էր այդ հարցը՝ այն դիտարկելով մրցակցային դաշտում հավասար պայմաններ
ապահովելու տեսանկյունից: Ըստ «Ղ-Տելեկոմի»՝ «ԱրմենՏելը» ակցիան կազմակերպել է՝ դրա
համար օգտագործելով մենաշնորհային այլ ծառայություններից ստացված հասույթը, ինչից,
բնականաբար, իրենք զրկված են: «Ղ-Տելեկոմը» պնդում էր, որ 2 դրամ սակագինը
խախտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ամրագրված
սակագինը: Իրենք չէին կարող 2 դրամանոց նվեր անել եւ դրանով իսկ իրենց բաժանորդների
«խաթրն առնել», քանի որ «ԱրմենՏելի» հետ փոխկապակցման պայմանագրով մեկ րոպեի դիմաց
«ԱրմենՏելին» վճարում են միջինը 10 դրամ: Հանձնաժողովն ինքն էլ գտնում էր, որ փոխկապակցման
համար տրվող այդ գումարը կարող էր խանգարել «Ղ-Տելեկոմին»՝ թույլ տալ «ԱրմենՏելի»
շռայլությունը, ինչի հետեւանքով էլ ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ:
«Բայց մենք կիրառել ենք ընդամենը մեկ տարվա ընթացքում 20 տոկոս զեղչ, ինչը դուք էլ
հնարավորություն ունեիք կիրառելու, եթե ուզենայիք»,- հակադրվում էր «ԱրմենՏելի» ներկայացուցիչ
Հ. Արամազյանը. «Ավելին, հենց «Ղ-Տելեկոմի» ներկայացրած տեղեկանքի համաձայն, վիճարկելի
ժամանակահատվածում՝ հունվարից սկսած, «ՎիվաՍելլ» քարտ գնողների թիվը շոշափելի ավելացել
է, այնպես որ, մեր ակցիան ձեզ շուկայից դուրս մղելու ոչ մի դերակատարում չի ունեցել,
նաեւ՝ նպատակ չունեինք»: «Բայց այս 4 ամիսներին մարդիկ, որոնք երկու ընկերությունների
քարտերից էլ օգտվում էին՝ միայն «ԱրմենՏելից» են օգտվում, որ մարեն էժան սակագնով
րոպեները: Իսկ այդ ընթացքում «Ղ-Տելեկոմը» զրկվում է նման բաժանորդների զանգերից»,-
հենց իր անձնական օրինակի վրա դիտողություն արեց հանձնաժողովի անդամ Պավել Ղալթաղչյանը:
Հ. Արամազյանի դիտարկմամբ՝ «օրենսդրությամբ չի նախատեսված կետ, թե մինչեւ որն է սակագնի
այն նվազագույն սահմանագիծը, որից ցածր չի կարելի իջնել ակցիաների ժամանակ, բացի
այդ, ողջ աշխարհում նման ակցիաներն ընդունված են»: «Օրենսդրությամբ սահմանված կետ
կա՝ ինքնարժեքից ցածր, այսինքն՝ դեմպինգային գնի կիրառումն արգելված է: Դուք պետք
է ակցիայի մասին տեղյակ պահեիք եւ այն համաձայնեցնեիք կարգավորող մարմնի հետ: Բացի
այդ, աշխարհի ո՞ր երկրում է ընդունված 300 դոլարով քարտ վաճառել, մոռացա՞ք, էն ժամանակ
ակցիաներ անեիք, էսօր մարդասե՞ր եք դարձել»,- սա էլ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի
պատասխանն էր: Նա նաեւ հետաքրքրվեց՝ «ինչո՞ւ ուղղակի նվերի չափով գումար չեք փոխանցել
բաժանորդների հաշվեհամարին, այլ 4-ամսյա սակագին եք կիրառել»: Նկատենք, որ
էժան րոպեները բաժանորդները կարող են մեկ օրում էլ մարել, եւ դա նույնն է, ինչ՝ գումարը:
Հանձնաժողովը որոշեց «ԱրմենՏելի» գործողությունները դիտարկել որպես գերիշխող
դիրքի չարաշահում եւ ընկերությանը տուգանել բջջային կապի շուկայում նախորդ մեկ տարվա
ընթացքում ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նաեւ պարտավորեցրեց ընկերությանը՝
սահմանել այնպիսի պայմաններ, որ նպատակահարմարության դեպքում մյուս մրցակիցն էլ հնարավորություն
ունենա համանման զեղչեր կիրառել: «ԱրմենՏելի» պատասխանը հանձնաժողովին այսպիսին
էր՝ «որոշումն այս տեսքով ընդունվելու դեպքում ամբողջովին կհակասի ազատ մրցակցության
սկզբունքներին, իսկ մենք այն կդիտարկենք որպես մեր ընկերության նկատմամբ խտրականության
դրսեւորում»: Իսկ «Առավոտի» հարցին, թե կվիճարկե՞ն որոշումը, Ֆ. Արամազյանն ասաց.
«Դեռ կմտածենք, երեւի սակագները բարձրացնենք»: «Ղ-Տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ
Յիրիկյանը սահմանափակվեց «No comment»-ով: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել