Ապրիլի 6-9-ը Բեյրութում տեղի կունենա գրողների համահայկական երրորդ համաժողովը
Այս մասին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը՝ երեկ միությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Համաժողովին կմասնակցի 52 գրող Հայաստանից եւ 100 գրող Սփյուռքից: Մասնակիցներին ընտրել է Բեյրութում ձեւավորված հանձնաժողովը, որին անդամակցում են չորս գրող եւ Նարեկ Սրբազանը: Լ. Անանյանը տեղեկացրեց, որ գրողների ընտրության հարցում նախընտրությունն տրվել է այն գրողներին, ովքեր Արցախում եւ Հայաստանում կայացած նախորդ երկու համաժողովների ընթացքում ակտիվություն են ցուցաբերել: Բեյրութում կայանալիք համաժողովի ընթացքում կներկայացվի վեց զուգադիր զեկուցում՝ «Եղեռնի անդրադարձը հայ գրականության մեջ» եւ այլ թեմաներով: Զուգահեռաբար զեկուցումներով հանդես կգան Սփյուռքի եւ Հայաստանի գիտնականներ: Համաժողովի վայրի՝ Բեյրութի ընտրությունը ինքնանպատակ չէ: Այդ առաջարկն արվել է դեռեւս երկրորդ համաժողովի ժամանակ եւ արժանացել կաթողիկոս Արամ Առաջինի հավանությանը: «Ինչո՞ւ Բեյրութում. քանի որ այն մեր ավանդական գրական-մշակութային մայրաքաղաքն է: Այնտեղ ստեղծագործել են գրական վաստակ ունեցող գրողներ՝ Մուշեղ Իշխանը, Անդրանիկ Ծառուկյանը եւ այլք»,- ասաց Լեւոն Անանյանը: Նա նաեւ ավելացրեց, որ Բեյրութը եզակի գրական կենտրոն է, որտեղ կան երիտասարդ ուժեր, ինչը թույլ է տալիս տեսնել Սփյուռքի վաղվա օրը:
Երեկվա մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջեբրայիլ Ժաարան: Նա մանկավարժական կրթություն ունի, հայոց լեզվի եւ գրականության մասնագետ է, 1977-80թթ. դասավանդել է Սուրբ Մեսրոպ վարժարանում: Նա կարծում է, որ համաժողովը Բեյրութում անցկացնելը Հայաստանի եւ Լիբանանի փոխադարձ սիրո նշան է: «Որպես հուշ՝ Հայաստանից կտանեմ մի գորգ, որի վրա խաչքար կա պատկերված, մեկ ուրիշն էլ՝ այբուբենի պատկերով»: Ջեբրայիլ Ժաարան Գրողների միությանը նվիրեց գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանի գրքի թարգմանական երեք տարբերակ: Առաջիկայում այն կթարգմանվի նաեւ արեւելահայերեն: «Համաժողովը առիթ է, որը կհամախմբի Սփյուռքի եւ Հայաստանի գործիչներին ազգային խնդիրների քննարկումների շուրջ: Պետք է վերջապես թոթափել երկկենտրոն, երկկենցաղ ապրելակերպը: Համաժողովը ունի Սփյուռքի հայացման, մեկտեղման խնդիր»,- պարզաբանեց Լեւոն Անանյանը:
Բեյրութում կբացվի նաեւ ժամանակակից արեւելահայ գրքի ցուցահանդես: Առաքվել է շուրջ 250 գիրք, կազմակերպվել դրանց նախնական վաճառքը: Գրողների միությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արտասահմանյան երկրների հետ կապերի եւ համագործակցության ընկերության «Հայաստան-Լիբանան» կազմակերպությունը հանդես եկավ առաջարկով՝ Ավետիք Իսահակյանի կիսանդրին կանգնեցնել Բեյրութում, ինչպես 2005-ին գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանի կիսանդրին տեղադրվեց Հայաստանում:
Մասնակից գրողները դեսպանին առաջարկեցին մասնակցել համաժողովին, սակայն նա մեծ ափսոսանքով ասաց, որ զբաղվածության պատճառով չի կարող:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ