Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ 18,2006 00:00

Անթիլիասում կայացած Գրողների համահայկական երրորդ համագումարի տպավորությունները լրագրողների հետ կիսելը առիթ էր, որ երեկ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը փորձի մեղմել միության շենքի շուրջ ստեղծված լարվածությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանից Լիբանան էր մեկնել 52 պատվիրակ, ընդ որում մեծամասամբ՝ գրականագետներ:

«Առավոտը» պարզեց, որ ՀԳՄ պատվիրակության կազմում են եղել մշակույթի նախկին նախարարներ Ռոլանդ Շառոյանն ու Հովիկ Հովեյանը: Գրողների համահայկական համաժողովին մասնակցել է նաեւ Արամ Կարապետյանը (խոսքը ոչ թե «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդի, այլ կառավարության ներկայացուցչի մասին է-Գ. Հ)՝ ընդամենը վարչապետի ուղերձը կարդալու համար:

«Այդ 52 հոգին մեր երկրի հայ գրողի արժանապատվությունն ու պատիվը վայելուչ
պահելու գիտակցումով էին առաջնորդվում»,- ասաց Լ. Անանյանը՝ հավաստիացնելով, որ համաժողովը փայլուն է անցել: Սակայն, մեր աղբուրի պնդմամբ, հայաստանցի բանաստեղծներ Արմեն Մարտիրոսյանն ու Բագրատ Ալեքյանը հարբել ու ծեծկռտուք են սարքել Անթիլիասում: Ընդհուպ, Արամ Ա կաթողիկոսը զայրացել է ու ափսոսել, թե ինչու են վերջիններիս բերել Լիբանան: Հայաստանի պատվիրակության կազմում Լիբանան է մեկնել նաեւ մեկը, որը ոչ ՀԳՄ անդամ է, ոչ էլ հայաստանցի: Խոսքը թբիլիսցի թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի մասին է, որը լավ հարաբերությունների մեջ է Լեւոն Անանյանի հետ: «ԲՈՀ-ի ներկայացուցիչ Լիլիթ Արզումանյանին էլ տարել են համաժողովի, որովհետեւ Լեւոն Անանյանի որդու դոկտորականի հարցը կա»,- տարակուսանք էր հայտնում գրողներից մեկը:

Հարցին, այնուամենայնիվ ինչո՞ւ երիտասարդ հայաստանցի գրողներին բախտ չվիճակվեց մասնակցել համաժողովին, երբ սփյուռքը ներկայացված էր հիմնականում երիտասարդներով, Լ. Անանյանը պատասխանեց. «Մեկ ամիս հետո Երեւանում տեղի է ունենալու երիտասարդ գրողների համահայկական ծաղկաձորյան խորհրդակցությունը: Կես տարի է՝ նրանք նախապատրաստվում են, վիթխարի կազմակերպչական աշխատանք պիտի տարվի»: Անդրադարձ եղավ նաեւ Վահան Թամարյանի մահից հետո Իսրայելյան 37 հասցեում գտնվող նրա տան վերջերս կայացած վաճառքին, որը ՀԳՄ հաշվեկշռում էր, հետեւաբար՝ բոլոր գրողների սեփականությունը: Անանյանը հայտարարեց, որ այդ գումարի մի մասով բնակարան են գնել Թամարյանի կնոջ՝ Շիրակուհու համար, իսկ մնացածը փոխանցել են համահայկական գրական հիմնադրամին:

Իսկ ՀԳՄ աշխատակազմի աշխատավարձերը, ըստ Անանյանի, բարձրացվել է ոչ թե Թամարյանի տան վաճառքի, այլ ՀԳՄ աշխատակազմը կրճատելու հաշվին: Մեր տեղեկություններով, Վ. Թամարյանի տան փաստացի տերն է ԱԺ դաշնակցական պատգամավոր, գրող Ռուբեն Հովսեփյանը: Լ. Անանյանն այս առիթով «Առավոտին» սկզբում ասաց, որ իբր չի հիշում գնորդի անունը, հետո էլ «մտաբերեց», որ փաստաթղթերում կարդացել է ոմն Սիլվայի անուն: Նա նաեւ նշեց, որ 2005-ին ՀԳՄ նախագահ վերընտրվելուց հետո ինքը ստացել է ՀԳՄ 14-րդ համագումարի հավանությունը՝ բարելավել Գրողների միության շենքը. «Համագումարը հասկացավ, որ մենք էս տարածքում չենք տեղավորվում, հնարավոր չէ ոչ տպարան ստեղծել, ոչ հրատարակչություն: Ախր գոնե մի գրախանութ պիտի ունենանք էս քաղաքում, որտեղ խառն ապրանքների հետ գրքեր չեն վաճառի»:

Կրկին անդրադարձ եղավ ՀԳՄ նախագահության անդամ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանի քրոջորդու՝ Արմեն Ստեփանյանի ծրագրին, որով նախատեսվում էր 11 հարկանի շինություն կառուցել ու 4 հարկը անհատույց հատկացնել Գրողների միությանը. «Ներդրողն ասաց, որ լավ կլինի, որ բազմահարկի մեջ ներառվի նաեւ Գրողների միության շենքը, բայց մենք վարչությամբ քննարկեցինք եւ մերժեցինք առաջարկը»: Վերոնշյալ առաջարկի դեպքում, Գրողների միությունը մի քանի տարով պետք է այլ տարածք տեղափոխվեր, ինչը նախագահի կարծիքով կկազմալուծեր իրենց աշխատանքը: Բացի այդ, «Ոչ մի առաջարկ, որը կապված կլինի Գրողների տան քանդման հետ, չհավատաք, որ իրականություն կդառնա, որովհետեւ նույն օրը ես հրաժարական կտամ»:

Նա դժգոհեց լրագրողներից, որ շենքի չեղած վաճառքի մասին այդպիսի աղմուկ են բարձրացրել, «իսկ երբ պետությունը որոշեց եռակի բարձրացնել ստեղծագործական միությունների շենքերի կադաստրային արժեքն ու գույքահարկը, ոչ ոք այդ մասին չմտահոգվեց»: «Առավոտի» հարցին, ի վերջո, երբ է վաչության նիստում քննարկվելու Գրողների միության շենքի հարցը եւ հնարավոր առաջարկները, որոնք, ի դեպ, մշուշոտ ներկայացվեցին, Անանյանը պատասխանեց. «Մենք քննարկում ենք, երբ ժամանակ ենք ունենում, իսկ վարչության նիստ գումարվում է եռամսյակը մեկ»:

Գրողների տան բարելավման եւս 2 առաջարկ կա, դրանցից մեկը, Անանյանի ասելով, ներկայացրել են ամերիկահայեր՝ «մտավորական ներկայացուցիչներ, ովքեր ուզում են Գրողների միության հոգսը թեթեւացնել»: Մյուսը պարսկահայ է, բայց «պարսկահայերին ոչ ճանաչում ենք, ոչ էլ»: Առայժմ ամեն ինչ, ըստ Անանյանի, սաղմնային փուլում է, սակայն Գրողների միությունում ոմանք հակված են մտածել, որ, ի վերջո, ամեն ինչ հօգուտ էդոյանի բարեկամի կլուծվի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել