Լրահոս
Օրվա լրահոսը

1 ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔ, 1 ԼՎԱՑԱՐԱՆ ԵՎ 0,5 ՄԻԶԱՐԱՆ՝ 30 ՏՂԱՅԻ ՀԱՄԱՐ

Մայիս 05,2006 00:00

Այդպիսին
է դպրոցներում սանիտարական նորմը, որը ոչ ոք չի պահպանում Շուրջ մեկ ամիս
է, ինչ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային բաժանմունքները ստուգումներ
են սկսել դպրոցներում: Նման ստուգումներն անցկացվում են առողջապահության նախարարի
2002 թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի եւ պահպանման
սանիտարական կանոնների» համաձայն: Մեզ դիմած որոշ տնօրեններ վստահեցնում են, որ այս
ստուգումները նախկինում այդքան խստությամբ չեն իրականացվել: Ըստ նրանց, սա մի հնարավորություն
է՝ «օրինական ձեւով» դպրոցից գումարներ կորզելու, որովհետեւ հակասություններն այս
խնդրում բազմաթիվ են: Բերենք մի քանի օրինակ, որտեղ հակասություն կա հենց հանրակրթության
օրինակելի կանոնադրության պահանջների հետ: Վերջինս թույլ է տալիս, օրինակ, միջին
դպրոցի յուրաքանչյուր դասարանում ունենալ մինչեւ 35, ավագ դպրոցում՝ մինչեւ 30 աշակերտ:
Մյուս կողմից էլ սանիտարական այս նորմերով պետք է 1 աշակերտին հատկացվի 2 քմ տարածք։
Այսինքն՝ ստացվում է, որ թույլատրվող խտության համար պետք են 70 քմ-անոց դասասենյակներ:
Իսկ այսօր մեր դպրոցները, որոնց գերակշիռ մասը կառուցվել է դեռեւս կես դար առաջ,
երբ նման կանոններ չեն եղել, չեն կարող բավարարել այս պահանջները: 2-3 շաբաթ
է՝ մեր ջանքերը՝ տնօրենների հետ զրույցներով խնդիրը վեր հանել եւ որոշակի առաջարկներ
ստանալ նրանցից, զուր են անցնում: Լավագույն դեպքում՝ զրույցների վերջում տնօրենները
խնդրում են իրենց դպրոցի անունը չհրապարակել: Եթե որոշ համարձակ տնօրենների չենք
դիմել, պատրաստ ենք նրանց ցանկությամբ անդրադառնալ նաեւ իրենց դպրոցի օրինակին: Իսկ
մինչ այդ, ծանոթացանք թիվ 27 դպրոցի համապատասխան ակտին, որով տնօրեն Անահիտ Բախշյանը
տուգանվել է 30 հազար դրամով: (Նշենք, որ այս դեպքում տնօրենն իր գրպանից է մուծում
տուգանքը, եթե նույնիսկ համաձայն չէ նշված խախտումների հետ): «Մեր դասասենյակները
45-50 քմ են, այսինքն՝ այնտեղ 25 հոգուց ավելի չպետք է նստեցնենք, բայց եթե մենք
խտություն չապահովենք, աշակերտի թվով ֆինանսավորումը չի բավարարի. չենք կարող հոգալ
դպրոցի ծախսերը՝ ոչ գազի, ոչ լույսի, ոչ կենսաթոշակի, ոչ էլ աշխատավարձի փող կունենանք։
Ինչպե՞ս անենք: Փաստորեն, տնօրենն անձնական տուգանք է կրում այն բանի համար, որ 60
թվականին այսպիսի նորմեր չեն եղել: Պատերը հետուառա՞ջ տանք։ Այսօր ոչ մի դպրոց չի
համապատասխանում այդ նորմատիվներին։ Բոլորին անխտիր տուգանում են, տպավորություն
են ստեղծում, որ փող են հավաքում՝ ինչ-որ ճեղքեր փակելու համար: Ես մտածում եմ այսպես՝
սա այն դպրոցն է, որ երեխաների համար առավելագույն լավ պայմաններ է ստեղծում՝ նորմալ
արձակուրդներ, ջեռուցում, բայց, միեւնույն է, տուգանվում եմ, թեկուզ՝ նվազագույն
չափով։ Վիրավորված եմ զգում, որ կրթական բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելուց հետո
տուգանվում եմ»,- ասում է Ա. Բախշյանը։ Մեկ ուրիշ տնօրեն մեզ բողոքում էր,
որ իր դպրոցում ստուգումներ անցկացնելիս տեսուչները դժգոհել են նաեւ նրանից, որ բակի
կողմից ծառերի ճյուղերը շատ մոտ են պատուհանին եւ լուսավորությունը նվազեցնում են:
Ըստ նրա, նաեւ արգելվել են լուսամուտագոգին ծաղկամաններ տեղադրել: Մեր տեղեկություններով,
տուգանքի չափը հասնում է մինչեւ 100 հազար դրամի՝ կախված դպրոցի ֆինանսական վիճակից,
էլիտար կամ ոչ էլիտար լինելուց: Սանիտարական նորմերի պահանջներից է նաեւ միջինից
բարձր դասարանների աշակերտների համար ունենալ կանանց հիգիենայի սենյակներ՝ յուրաքանչյուր
70 հոգու համար 1 խցիկ՝ 3 քմ-ից ոչ պակաս տարածքով: Ունենալ 1 զուգարանակոնք՝ 20
աղջկա, մեկ լվացարան՝ 30 աղջկա, եւ 1 զուգարանակոնք, 1 լվացարան եւ 0.5 միզարան՝
30 տղայի համար: Ինչպես նաեւ մարզադահլիճներին կից պետք է ունենալ ցնցուղարաններ՝
9 քմ տարածքով եւ զուգարաններ՝ 8 քմ տարածքով եւ այլն, եւ այլն: Եվ նման իդեալական
պայմաններ դպրոցը պետք է ապահովի՝ զուգահեռաբար կրճատելով եւ նույն նորմերին համապատասխանեցնելով
իր աշակերտների թիվը: Ի դեպ, 2000թ. ընդունված «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի
3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ստուգումն սկսելուց առնվազն 3 օր առաջ պետք է տվյալ
կազմակերպության ղեկավարին տեղյակ պահվի ստուգման մասին։ Իսկ մեր հարցված ոչ մի դպրոցի
նման զգուշացում չի արվել: Հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի դպրոցական
բաժնի պետ Ալեքսանդր Իսրայելյանը մեզ հետ զրույցում տնօրենների բողոքները անհարկի
շահարկումներ անվանեց: Ըստ նրա, վերջիններս իրենց շահերից բացի ոչինչ չեն տեսնում.
«Թող օպտիմալ տարբերակ գտնեն, ինչո՞ւ են ամեն ինչ անում երեխաների առողջության հաշվին,
երեխաներին իրար գլխի են նստեցնում»: Պրն Իսրայելյանը տնօրեններին առաջարկում է դասարանները
ծանրաբեռնել սահմանված թվի նվազագույնի չափով: Իսկ մեր այն դիտարկումը, որ շատ դպրոցներ
այդ դեպքում ֆինանսական խնդիրներ են ունենում, պրն Իսրայելյանը միանշանակ չի ընդունում:
Նա կարծում է, որ տնօրենների մեծ մասը, ֆինանսների հետեւից ընկած, մոռանում է երեխաների
առողջության մասին: Նա նույնիսկ հիշեցնում է, որ տարրական դասարաններում դպրոցները
պետք է ունենան 3 տեսակ նստարաններ՝ տարբեր հասակի ու կարիքների երեխաների համար,
ինչն այսօր ապահովված չէ: Մնում է ամեն ինչ վերանայել սկզբից ու բոլոր կարգերն
ու որոշումները համապատասխանեցնել միմյանց՝ բավարարելով աշակերտի կրթական կարիքները:
Արդյո՞ք այս սանիտարահիգիենիկ կանոնները, հաստատվելուց առաջ, անցել են շահագրգիռ
բոլոր կառույցների ու փորձագետների ձեռքի տակով: Դատելով կատարվածից՝ ոչ: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել