Լրահոս
Օրվա լրահոսը

Դատի փոխարեն՝ դաս

Մայիս 05,2006 00:00

«Աշակերտները»
եւ «ուսուցիչները» դատավորներ են Այս տարվա մարտի 13-ից ՀՀ վճռաբեկ դատարանում
սկսվել են դատավորների վերապատրաստման դասընթացները: Երեկ առաջին անգամ մենք ներկա
եղանք հերթական դասին: Լսարանը նախկինում դատական նիստերի այն դահլիճն էր, ուր 3,5
տարի ընթացավ «Հոկտեմբերի 27-ի» դատաքննությունը: Դահլիճը ներկայումս վճռաբեկ դատարանի
գրադարանն է, որտեղ 2000 կտոր մասնագիտական-իրավաբանական գրականություն կա: «Առավոտն»
առաջին ԶԼՄ-ն էր, որ հայրենի դատավորներին հայտնաբերեց դասասենյակում: «Դասատուն»
էլ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանն
էր, իսկ թեման ապացույցների թույլատրելիությունն ու սահմանափակումն էր: «Աշակերտի»
կարգավիճակում հայտնված Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանը
համառորեն ուզում էր իմանալ, թե, օրինակ, ինչպես է լինում, երբ զրկում են անձին իրավունքից,
որը նա չունի: «Աշակերտներից» մեկն էլ խանգարեց դասաժամը՝ հիշելով, որ չոբանին դատավճռով
զրկել էին չոբանությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատավորների վերապատրաստման
դասընթացների տնօրեն Արման Վարդանյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ վերապատրաստվելու
են Հայաստանի բոլոր դատավորները, թվով 178: Նրանք բաժանված են 8 խմբի: Մեր նշած դեպքերը,
թե դատական նիստերն այսօր շատ հաճախ ընդհատվում են «դասի ենք» պատճառաբանությամբ,
Ա. Վարդանյանը բացառեց, ասելով, որ բոլոր դատավորներին բաժանված են 1-ին կիսամյակի
ծրագիրն ու գրաֆիկը: Ուշագրավ վիճակ էր ստեղծված «դասարանում». «աշխույժ» էին այն
աշակերտները, որոնց վճիռները բեկանել էին խիստ ուսուցիչները: Ա. Վարդանյանը մեր անհանգստությանը,
թե վեճեր դասի ժամանակ այս կապակցությամբ չե՞ն լինում, պատասխանեց. «Դասընթացը հնարավորություն
է տալիս լսել լսարանին էլ»: Տեղեկացանք, որ դասերը տեւում են մինչեւ ժ. 17-ը, իսկ
մարզերից եկած դատավորները հնարավորություն ունեն մնալ մայրաքաղաքում: Տարեկան հատկացվել
է 70 մլն դրամ՝ դատավորների դասերի համար, որից հետո նրանք ստանալու են սերտիֆիկատ:
Դատավորների կարգավիճակի մասին եվրոպական խարտիայի համաձայն՝ պետությունը,
նախքան դատավոր նշանակելը, պարտադիր է համարում ուսումնառությունն ու վերապատրաստումը:
Այս դասարանում էլ կային «արտոնյալ աշակերտներ». նրանց մի մասը առաջին ատյանի դատարանի
նախագահ էր, մի մասը՝ վերաքննիչի դատավոր կամ առաջին ատյանի դատավոր: Նրանք, սակայն,
«էլիտար» դպրոց չեն գնում՝ սովորում են նույն «դասարանում»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել