Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ

Մայիս 25,2006 00:00

«ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԻՄՔԵՐԸ ԹԱՂՎԱԾ ԵՆ 1998-ՈՒՄ ԵՎ 2003-ՈՒՄ» Վստահ է ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը – Պարոն Զաքարյան, խորհրդարանում ծավալված վերջին զարգացումները հերթական անգամ պատգամավորներին գցեցին հասարակության աչքից: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին եւ համարո՞ւմ եք, որ սա նորմալ քաղաքական գործընթացի մաս է: – Ես միշտ էլ ճիշտ եմ համարում խոսել հիմքերի մասին, իսկ այս ամենի հիմքերը 1998 եւ 2003 թվականներում են թաղված՝ թե ինչպես Ռոբերտ Քոչարյանին դարձրին հանրապետության նախագահ: Ասել եմ, որ այդպիսով ամենամեծ վնասը հասցվեց Ղարաբաղին, եւ 1998-ին ես Կարեն Դեմիրճյանին պաշտպանում էի ոչ միայն նրա համար, որ նա ամենաարժանին էր, անկասկած, բայց նաեւ չէր կարելի Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ այսպիսի մթնոլորտ ստեղծել, կենցաղային մակարդակի: Իսկ դա անխուսափելի էր, որովհետեւ Կարեն Դեմիրճյանի փորձը չունեցող գործիչը չէր կարող Հայաստանը հանել այդ վիճակից 1998-ին: Ցավոք, Ռոբերտ Քոչարյանը երազեց զբաղվել բիզնեսով, այդ մասին հայտարարեց եւ Հայաստանում ամեն ինչ վերածեց այդ հոգեբանության, այսինքն՝ իշխանության ոլորտում ամեն ինչ վերածվեց բիզնեսի եւ բիզնեսմենի հոգեբանության: Այսինքն՝ իշխանավորը եթե անձնական շահ չունի, ինչպես բիզնեսմենը, մատը մատին չի խփում հարց լուծելու համար: Եվ նույնը ներմուծվեց բոլոր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքականություն: Այսօր քաղում ենք այդ պտուղները: Այս ԱԺ-ն, իհարկե, լեգիտիմ չէ, բայց այդ ոչ լեգիտիմությունն էլ, կեղծիքով ընտրված ԱԺ-ն էլ հայելին է մի իրականության, որտեղ չափանիշները փոխվել են: – Երկու քաղաքական ուժեր՝ «ԱՄ»-ն եւ ՕԵԿ-ը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, եւ այդ մեղադրանքներից մեկը վերաբերում է 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ միմյանց պահվածքին: Քանի որ խոսքը ձեր կուսակցության լիդերի ընտրվելու մասին է, ինչպե՞ս եք գնահատում այսօր այդ մասին խոսելը, երբ ժամանակին նույն այդ ուժերից մեկի այլ պահվածքի դեպքում, թերեւս, կունենայիք այլ պատկեր: Սա նման չէ՞ նրան, որ այն իրավիճակից, որից ժամանակին չկարողացավ օգտվել ՀԺԿ-ն, այսօր դրանից փորձում են շահաբաժին քաղել այլ ուժեր: – ՀԺԿ-ն որեւէ պայմանավորվածություն չի խախտել՝ ի տարբերություն ոմանց: Երբ ժողովուրդը ոտքի էր կանգնել եւ պայքարում էր, ընդհանրապես երկրորդ փուլի մասին խոսք էլ չկար, եւ թե ովքեր էին այդ ժամանակ ժողովրդի հետ՝ ակնհայտ էր, ժողովուրդը շատ լավ հիշում է. դա ընդհանրապես երկրորդ փուլի հետ կապ չուներ: Բայց մինչ այդ այն գործիչները, որ կային եւ չկային, թող իրենք պատասխան տան: Ես նկատի ունեմ այն փաստաթուղթը, որը այս օրերին թափահարվում էր: Նախնական պայմանավորվածություն կար այդ փաստաթուղթը, որը ստորագրվել էր ժամը 17-ին, չհրապարակել եւ չդիմել ԿԸՀ, որովհետեւ ընտրությունը շարունակվում էր, եւ պետք չէր, որ մեր ներկայացուցիչները դուրս գային պայքարից: Իմիջիայլոց, հենց այդ պայքարի շնորհիվ հետո մենք հաղթեցինք ՍԴ-ում: Թե այդ պայմանավորվածությունը ով խախտեց՝ թող նա էլ ասի այդ մասին: – Տպավորությունն այնպիսին է, որ այսօր «ԱՄ»-ն պայքարում է այն բանի դեմ, որ ՕԵԿ-ը չմտնի ընդդիմադիր դաշտ, սակայն ընդդիմադիր դաշտում այլ ուժեր եւս կան, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս հարցում: – Կարծում եմ՝ ընդդիմության դաշտում կարող է տեղավորվել նա, ում ժողովուրդը ընդունում է որպես ընդդիմություն: Ընդհանրապես Հայաստանում ժողովուրդը ընդդիմադիր է, անկախ նրանից՝ հավատ ընծայո՞ւմ է, թե՞ չի ընծայում, ընդդիմությունը կհաղթի՞, թե՞ չի հաղթի: Ժողովուրդը բնույթով ընդդիմադիր է այս իշխանություններին, որովհետեւ սոցիալական վիճակն է դա թելադրում: Այդ առումով մեր որոշելիք հարցը չէ, թե ով կլինի ընդդիմադիր դաշտում, ով՝ չի կարող լինել, այլ ժողովրդի որոշելիք հարցն է: Բայց կարծում եմ, որ հատկապես ընդդիմադիր ուժերը եւ գործիչները պիտի ազնիվ լինեն, ազնիվ լինեն եւ իրենց գնահատականների մեջ, եւ հարցերին պատասխանելիս: Կարելի է ինչ-որ հարցերում լռել, կրկնում եմ՝ ես չեմ ուզում հիմա շատ բաների մասին խոսել, որ կրակի վրա յուղ չլցվի, բայց նաեւ ես ինձ թույլ չեմ տա ստել այդ հարցերում: Այս առումով, կարծում եմ, ճիշտ կլինի, որ ընդդիմադիր ներկայացուցիչը ճշմարիտ գնահատի իր գործունեությունը 2003, 1998 թվականներին, ես շեշտում եմ՝ 1998-ին եւ ընդհանրապես: Եվ եթե մարդը իսկապես ամաչելու բան չունի, կարծում եմ՝ այդ մասին արժե, որ իր տեսակետներն արտահայտի: – ՕԵԿ-ն ու «ԱՄ»-ն միմյանց հավասար չափով մեղադրում են Սերժ Սարգսյանի պատվերը կատարելու մեջ: Կարելի՞ է սրանից ենթադրել, որ երկրի ամենակարող եւ թելադրող գործիչը Սերժ Սարգսյանն է, որն էլ հենց համակարգում է ՀՀ քաղաքական դաշտը: – Այդ կարծիքին չեմ, ընդհակառակը՝ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում է ամեն ինչ, եւ նա է կենտրոնացնում: Համամիտ եմ Սերժ Սարգսյանի հետ այն հարցում, որ Ռոբերտ Քոչարյանը երբ ցանկանա, նրան կազատի պաշտպանության նախարարի պաշտոնից, եւ Սերժ Սարգսյանը կզրկվի բոլոր լծակներից: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել