Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՒԿ-Ը ԴԱՇԻՆՔ ՉԻ ՍՏԵՂԾԻ

Հունիս 20,2006 00:00

Բայց
ընդդիմադիր այլ ուժերի հետ պատրաստ է համագործակցել Արդեն 11 ամիս է, ինչ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի հիմնադրած «Ժողովրդավարական ուղի»՝ ձախ կենտրոնամետ
ուղղվածություն ունեցող կուսակցությունը, ըստ էության, արդեն ձեւավորվել է: Պարոն
Գասպարյանի ասելով, մարզերում ձեւավորվել են կուսակցական կառույցներ, ու մնացել է
ընդամենը երկու մարզում կոնֆերանսներ անցկացնել: Ամենայն հավանականությամբ արդեն
օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի կեսերին տեղի կունենա կուսակցության 2-րդ համագումարը,
որտեղ կհրապարակվի ԺՈՒԿ-ի ծրագիրը: Մեր զրույցի ժամանակ Մ. Գասպարյանը չթաքցրեց,
որ ԺՈՒԿ-ն առաջիկա ընտրություններում լուրջ հավակնություններ ունի՝ ընդհուպ մինչեւ
կառավարություն ձեւավորելը: Հենց այս իմաստով էլ նա չբացառեց նաեւ, որ մինչեւ հաջորդ
տարվա ԱԺ ընտրությունները կուսակցությունը մամուլում հրապարակի նաեւ իր կառավարության,
այսպես ասած, ստվերային կաբինետը, որպեսզի, ինչպես պարոն Գասպարյանն ասաց՝ «ժողովուրդն
իմանա, թե մեր իշխանության գալու դեպքում ովքեր են լինելու կառավարության կազմում:
Այդ ցանկում կլինեն հասարակությանը հանրաճանաչ, նաեւ չճանաչված, բայց կենսափորձ ունեցող
անհատականություններ»: Թե կոնկրետ ովքեր՝ Մ. Գասպարյանը չմասնավորեցրեց, սակայն ասաց,
որ այնտեղ նախկին կուսակցականներ՝ կարկառուն դեմքերի մակարդակով, չեն լինելու: «Այդպիսիք՝
երկրի քանդման գործին մասնակից որեւէ մեկն այսօր էլ չկա կուսակցությունում եւ չի
լինելու, համենայնդեպս, ԱԺ համամասնական ցուցակներում, քաղխորհրդում եւ վարչության
կազմում՝ հաստատ»,- վստահեցրեց ԺՈՒԿ-ի նախագահը: Որոշակիացվա՞ծ է, արդյոք,
թե ԺՈՒԿ-ը ինչպես է մասնակցելու ընտրություններին՝ մենա՞կ, թե՞ որեւէ այլ կուսակցության
հետ դաշինքով: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Մ. Գասպարյանն ասաց. «Մեզ գաղափարակից
5-6 կուսակցություններ կան հանրապետությունում: Ես նկատի ունեմ այն սոցիալ-դեմոկրատական
կուսակցություններին, որոնք 10-15 տարի գործում են ՀՀ քաղաքական դաշտում, բայց երբեք
խորհրդարանական կուսակցություն չեն կարողացել դառնալ: Այդ կուսակցությունների հետ՝
դաշինք չէ, բայց եթե իրենք ընտրություններից առաջ փորձեն հայտարարությամբ միավորվել
մեր կուսակցության հետ՝ հավանական է, որ նրանց ընդունենք մեր կուսակցություն: Բայց
դաշինք կազմելու ցանկություն ո՛չ ես ունեմ, ո՛չ էլ մեր կուսակցականները: Մենք ունենք
նախկինի փորձը, օրինակ՝ «Արդարություն» դաշինքի, որի մեջ 9 կուսակցություններ էին
միավորվել, բայց այնտեղ եղած 7-8 անհատականություններից ամեն մեկը փորձում է սեփական
ջրաղացին ջուր լցնել ու նրանցից ոչ մեկը թիմային աշխատանք չի տանում: Ես վախենում
եմ, որ դաշինք կազմելու դեպքում դրա մեջ մտնող կուսակցությունները ԱԺ-ում հետագայում
մեզ հետ համախոհ չլինեն, եւ ունենանք այն իրավիճակը, ինչ ունի այսօր «Արդարությունը»:
Որեւէ ուժի հետ դաշինք կազմելու միակ հնարավոր տարբերակը պարոն Գասպարյանը
համարեց այն, եթե ընդդիմադիր բոլոր ուժերն առանց բացառության միավորվեն՝ ասենք, երկիրն
օրհասական վիճակից հանելու համար, կամ եթե իշխանական բոլոր ուժերը՝ 3-4 հզոր կառույցները՝
ի դեմս «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունների,
որոշեն միավորվել ընդդիմության դեմ: «Այդ դեպքում մեր եւ ընդդիմադիր մյուս ուժերի
միավորման նպատակը կարող է լինել իշխանության վերարտադրությունը կանխելը, որովհետեւ
եթե այդ երեք ուժերը միանան ու 50-60 տոկոս ձայն ունենան ԱԺ-ում՝ մեր երկրում ոչ
մի բան չի փոխվի»,- պարզաբանեց պարոն Գասպարյանը: Որ ԺՈՒԿ-ը գործում ու ընտրությունների
ժամանակ էլ գործելու է բացառապես ընդդիմադիր դաշտում՝ պարոն Գասպարյանը վստահ է,
ու կարծում է, որ դրանում հասարակությունն էլ կհամոզվի՝ դատելով ե՛ւ կուսակցության
գործունեությունից, ե՛ւ ծրագրերից, ե՛ւ իշխանական դաշտից ԺՈՒԿ-ին հասցեագրված քննադատություններից:
Անդրադառնալով այլ, օրինակ՝ երբեւէ իշխանության կազմում եղած ուժերի ու մասնավորապես
ՕԵԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը, պարոն Գասպարյանը չբացառեց նման հնարավորությունը
մեկ վերապահումով՝ եթե ՕԵԿ-ը մինչեւ տարեվերջ ապացուցի, որ ինքն իրականում ընդդիմադիր
է: «Այդ դեպքում եթե ՕԵԿ-ը, Արտաշես Գեղամյանը եւ Արամ Զ. Սարգսյանը մեզ առաջարկեն
միավորվել (նկատի ունի համագործակցությունը- Ն. Մ.)՝ մեր կուսակցության խորհուրդը
կքննարկի այդ հարցը: Թե ինչ կլինի վերջը՝ չգիտեմ, բայց այդ ուժերի հետ շատ հնարավոր
է, որ համագործակցենք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել