Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՍՈՒԼԻՍ՝ ԵՐԵՔ ԹԵՄԱ

Նոյեմբեր 02,2006 00:00

Ոստիկանությունից մինչեւ Թուրքիա

Երեկ հայաստանյան քաղաքական գործիչները՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ու ի դեմս Արամ Կարապետյանի՝ «Նոր ժամանակներ» կուսակցությունը, նաեւ մտավորականության ներկայացուցիչներ՝ գրող-հրապարակախոսներ Ալվարդ Պետրոսյանն ու Հակոբ Մովսեսը մի քանի ուշագրավ հայտարարություններ են արել՝ հասարակության ուշադրությունը ՍԻՄ-ական կրքերի բորբոքումից տեղափոխելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական, իսկ այնուհետեւ՝ մշակութային ավելի լուրջ հարցերի վրա:

Մասնավորապես, «ՆԺ»-ն երեկ հերթական հաղորդագրությունն է տարածել, որն, ինչպես վերջին շրջանում հաճախ է պատահում, վերաբերում է Հայաստանի իշխանություններին ու Ա. Կարապետյանով հետաքրքրված առանձին պաշտոնյաների գործողություններին: Իսկ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի հոկտեմբերի 31-ի երեկոյան «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին զանգահարել է անհայտ անձ եւ փորձել սադրիչ հեռախոսազրույցի միջոցով նրան կապել քրեական տարրերի հետ: Մենք միանշանակ պնդում ենք, որ նմանօրինակ ստոր պատվերի ետեւում կանգնած են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Մի շարք առիթներով ասել ենք եւ այժմ էլ կրկնում ենք, որ ոստիկանական հին, իրենց դարն ապրած մեթոդներ կիրառելով, մասնավորապես՝ անանուն հեռախոսազանգեր կատարելով, ոչնչի հնարավոր չէ հասնել, որովհետեւ յուրաքանչյուր սադրիչ գործողություն իր անտրամաբանության եւ տխմարության պատճառով ի սկզբանե դատապարտված է ձախողման: Հետեւաբար՝ ՀՀ իշխանություններին հորդորում ենք վերջ տալ հիմար գործելակերպին»:

ՀՀ իշխանությունների այլ «հիմարությունները» ջրի երես հանելու մասին էլ խոսել է «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա մասնավորապես անդրադարձել է հայկական ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելու ՀՀ իշխանությունների քաղաքականությանը: «Հայաստանի իշխանությունը կամ հիմար է, կամ կոռումպացված»,- ասել է ՀԴԿ նախագահը՝ նկատի ունենալով Հայաստանի պետական գույքի մասնավորեցման ընթացքը: Ըստ նրա, այն ձեռնարկությունները, որոնք վաճառվում են չնչին գնով, հետո դրանց նոր սեփականատերերին բերում են ահռելի շահույթ, որ նույնիսկ ավելին է, քան դրանց վաճառքի գինը:

Ա. Սարգսյանն անդրադարձել է նա եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ասելով, որ անհրաժեշտ է ձեւավորել երրորդ ուժ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն կան երկու հիմնական քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»: ՀԴԿ-ի նախագահի համոզմամբ, «երրորդ ուժի» ստեղծման կարող է հավակնել ընդդիմությունն ու մասնավորապես՝ ՀԴԿ-ն: Նա հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմությունը ձգտելու է ունենալ մեկական թեկնածու, ինչը «մեծ գլխացավանք կլինի քաղաքական այն ուժերի համար, ովքեր իրենց հույսը դրել են փողի վրա»:

Երեկ «Հայելի» ակումբում էլ ՀՅԴ ԳՄ անդամ Ալվարդ Պետրոսյանն ու բանաստեղծ Հակոբ Մովսեսն են լրացրել այն բացը, որ եղել է ՀԴԿ նախագահի ասուլիսի ժամանակ: Նրանք քննարկել են «հայոց հարցերն» ու եկել տարբեր եզրակացությունների: «Մարդակերը էն անբան, հազար դարում հազիվ դարձավ մարդասպան»,- վկայակոչելով Հովհաննես Թումանյանի խոսքերը՝ Ա. Պետրոսյանը հայտարարել է, թե՝ թուրքերը դեռ մարդակերից մարդասպան դառնալու ճանապարհին են: Մտավորականության երկու ներկայացուցիչներն էլ փորձել էին պարզել՝ թուրքն ընդհանրապես տաղանդավոր գրականություն ունենալ կարո՞ղ է, թե՞ ոչ: Խոսքը եկել-հասել է թուրք գրող Օրհան Փամուկին ու նրան Նոբելյան մրցանակ շնորհելուն: Հ. Մովսեսի կարծիքով, «թուրքը կարո՞ղ է տաղանդավոր գրականություն ստեղծել ասելը նշանակում է ասել՝ էթնոսը կարո՞ղ է գենուս ստեղծել: Առանց ռասայական, ցեղակրոն ամբիցիաների, կարծում եմ, որ՝ ոչ»,- ասել է Հ. Մովսեսն ու վերլուծելով թուրք գրողի ծագումնաբանությունն ու նկատի ունենալով այն տեղեկությունները, ըստ որոնց Օրհան Փամուկը զտարյուն թուրք չէ, ասել է. «Եթե միտքը, մշակույթը, լոգոսը մտնում է բարբարոս ցեղի մեջ, դա նշանակում է, որ նրանք ունեն քաղաքակրթվելու հնարավորություն»՝ հավելելով, թե ինքն ուրախ է, որ Նոբելյան մրցանակի արժանացել է թուրք գրող: Թուրքերի վերաբերյալ ավանդական կարծիք է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչը: Ա. Պետրոսյանը վիճարկել է իր ընդդիմախոսի տեսակետը. «Չեմ հավատում, որ այդ ժողովուրդը կարող է լավ գրականություն ունենալ: Կարող են ունենալ հատուկենտ տաղանդներ, որոնք զտարյուն թուրքեր չեն: Տղամարդիկ խրտնում են, սակայն գրականությունը կաթի պես բան է, որը թուրք ժողովրդի մեջ չկա»: Նա Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակի արժանացնելը համարել է «պոլիտիկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել