Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Նոյեմբեր 15,2006 00:00 Share

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի եւ Հայաստանի բյուջեների ու տնտեսական այլ ցուցանիշների համեմատության կապակցությամբ՝ նշելով, թե «Լեռնային Ղարաբաղի հետ կապված լուծումները ռազմական հարթությունից տեղափոխվել են տնտեսական մրցակցության հարթություն»:

Մեջբերեց որոշ թվեր. «Հայաստանի պետական բյուջեն կազմում է 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանի պետբյուջեն, ռազմական ծախսերի կտրվածքով՝ ավելի քան 1 միլիարդ դոլար է»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ Ադրբեջանի բյուջեն 2003-2007-ին աճել է 8 անգամ, իսկ մերը՝ 4 անգամ, եւ Ադրբեջանը միայն նավթից կարող է ստանալ տարեկան 7 միլիարդ դոլար: «2007-ի նախօրյակին՝ 2006-ի 9 ամիսների կտրվածքով, Ադրբեջանի տնտեսական աճը կազմում է 34 տոկոս, իսկ Հայաստանինը՝ 12.5 տոկոս»,- նաեւ նշեց նա:

Արձագանքելով այս համեմատություններին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց. «Շատ է շահարկվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գերկարեւորությունը: Իհարկե, լավ կլիներ, որ մենք էլ լինեինք այդ նախագծի մեջ: Սակայն նույն ադրբեջանական պետական այրերի հավաստմամբ՝ 2007-ի ընթացքում Ադրբեջանն այդ նախագծից ստանալու է ընդամենը 15 մլն դոլար: Դա այնքան փոքր գումար է իրենց համար, որ անգամ ներգրավված չէ 2007-ի բյուջեի եկամտային մասում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Դիցուք՝ ղազախական նավթը գնաց այդ նավթամուղով եւ իրենք ստացան տարեկան 30 մլն դոլարով ավելին: Ի՞նչ է, սա կարող է վճռորոշ նշանակությո՞ւն ունենալ ԼՂ խնդրի լուծման հարցում: Ի՞նչ է, կարծում եք՝ մեր բանակը, մեր զինվորը, մեր ժողովուրդը պատրաստ է 30 մլն դոլարի տարբերությամբ զիջե՞լ հողերը: Կարծում եմ, որ ոչ մեկս այստեղ դրան չենք հավատում»: Իսկ անդրադառնալով Ադրբեջանի բանակի բյուջեի ավելացմանը՝ պրն Աշոտյանն ասաց, թե իրականում 900 մլն դոլար է նախատեսվել ռազմական ծախսերի համար. «Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ այդ գումարի հսկայական մասը նախատեսված է մի շարք գեներալների նավթային կերակրատաշտակից օգտվելու հնարավորություն տալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել