Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւական փոփոխություն

Նոյեմբեր 20,2006 00:00

Նոր կարգը կոռուպցիայի նվազեցում չի երաշխավորում

Այսուհետեւ ասպիրանտուրա դիմող քաղաքացիների համար կգործի կառավարության հաստատած նոր կարգը, որը, ըստ ոլորտի պատասխանատուների, կծառայի նրան, որ ասպիրանտուրաներում պատահական մարդիկ չհայտնվեն: Երեկ այս մասին հայտարարեց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը՝ չբացառելով, որ այսօր շատերը ձեւականորեն գիտական աստիճանի են ձգտում բանակից խուսափելու համար:

Եթե մինչեւ հիմա ասպիրանտուրա ընդունվելու համար պետք էր համապատասխան միավորներ ունենալ եւ «մինիմումներ» հանձնել բուհերին, ապա այսուհետեւ յուրաքանչյուր քննության համար առանձին հանձնաժողով կստեղծվի: Օտար լեզուների դեպքում քննությունը կկազմակերպվի, օրինակ TOEFL-ով՝ Այրեքսի եւ հեղինակավոր այլ հ/կ-ների օգնությամբ, ինֆորմատիկայի քննությունները կանցկացվեն ԵՊՀ, Ճարտարագիտական համալսարանի եւ ԳԱԱ-ի համակարգչային կենտրոններում կամ Ինֆորմատիկայի ինստիտուտում: Իսկ մասնագիտական քննությունների համար տվյալ բուհի ղեկավարի հրամանով կկազմվեն հանձնաժողովներ՝ դոկտորի գիտական աստիճան ու պրոֆեսորի գիտական կոչում ունեցող կադրերից: Քննություններից առաջ էլ կկազմակերպվեն 1-ամսյա դասընթացներ՝ ինֆորմատիկայից ու օտար լեզուներից, որոնց ծախսերը կհոգա պետությունը: Եվ մինչ ասպիրանտուրա դիմելը՝ ստուգարք-քննություններ կանցկացվեն այդ 2 առարկաներից:

«Մենք սրանով մի նոր մոտեցում ենք մտցնում համակարգ, որ քննական գործընթացները կարելի է կազմակերպել անկախ կազմակերպությունների միջոցով եւ հնարավորություն ենք ստեղծում, որ ասպիրանտուրա ընդունվածն իսկապես տիրապետի օտար լեզվին, որն անհրաժեշտ է այժմ հրապարակվող մեծածավալ գիտական գրականության հետ առնչվելու, ինչպես նաեւ համակարգչային իմացությամբ ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներից օգտվի, էլեկտրոնային գրադարաններից, ինտերնետի միջոցով կարողանա գործընկերների հետ առնչվել»,- ասում է Ա. Ավետիսյանը:

Իսկ ի՞նչ երաշխիք, որ կոռուպցիան այս նոր համակարգով կնվազի: Ենթադրենք, հ/կ-ները մեծ կամք դրսեւորեցին եւ արդար քննություններ անցկացրին, իսկ, օրինակ, մասնագիտական քննություննե՞րը, որոնց հանձնաժողովները կազմվելու են բուհերի ղեկավարների հրամանով՝ եւ նույն կադրերից, որոնք նախկին կարգով էլ քննություններ էին ընդունում: Արդյո՞ք ասպիրանտուրան նորից բանակից խուսափելու միջոց չի դառնա. «Թե ով ինչից է խուսափում՝ իր բարոյական խնդիրն է: Մեր խնդիրն է՝ իսկապես օբյեկտիվ կազմակերպել մուտքը գիտություն: Մենք սա անում ենք, որ մեր գիտությունը ստանա այն կադրային հումքը, որն անհրաժեշտ է գիտության մեջ զարգացումներ ապահովելու համար: Հակառակ դեպքում մենք ուղղակի չենք ունենա, եթե շարունակենք սուբյեկտիվ քննություններ անցկացնել»,- ասում է պրն Ավետիսյանը: Հետաքրքիր է, իսկ ի՞նչն էր խանգարում նույն պաշտոնյաներին ու մասնագետներին՝ կազմակերպել օբյեկտիվ եւ արդար քննություններ: Մի՞թե միայն ձեւը՝ TOEFL-ի լինել-չլինելն ու այս կամ այն կենտրոնում քննություն կազմակերպելը կխանգարի գայթակղվել ասպիրանտուրայի ընդունելության համար սահմանված «ստավկաներից», որոնք, ըստ լրագրողներից մեկի, 5-7 հազար դոլարի են հասնում: Լրագրողի այս դիտարկմանը, ի դեպ, պրն Ավետիսյանը պատասխանեց այսպես. «Բարի եղեք իրենց հետ միասին պարզել, թե ում են տվել, ինչի համար եւ դրանից հետո ինչ են անելու: Ես հարցը կոռեկտ չեմ համարում եւ գիտություն այդպես չեն մտնում եւ այդպես գիտություն չեն անում»:

Ի վերջո, նոր կարգը ինչո՞վ կփոխի ստվերային գումարների շրջանառությունը եւ արդյո՞ք ամեն կերպ ասպիրանտուրան պահպանելու սկզբունքը չի հանգեցնում նրան, որ պաշտոնյաները չեն ուզում հրաժարվել այդ գումարներից: «Մի վերագրեք բաներ, հետո քննդատեք…»,- ասում է բարձրագույն կրթության եւ գիտության գծով փոխնախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել