Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է

Դեկտեմբեր 04,2006 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից լրագրողներն ակնկալում էին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին վերաբերող գնահատականներ ու մեկնաբանություններ: ՀՀ ԱԳ նախկին նախարարի համոզմամբ, 1998թ.-ից ի վեր կողմերի միջեւ որեւէ բանակցություն չի վարվում. «Տեղի են ունենում ընդամենը եռանախագահության այցելություններ, վարվում է մակոկային դիվանագիտություն: Արդեն 8 տարի միջնորդներն իրար հետ բանակցում են եւ կողմերին հրամցնում իրենց միջեւ համաձայնեցված փաստաթղթերը:

Այս պահին, ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, երկուսուկես էջանոց փաստաթղթի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել եւ մնում է, որ դա մտնի կիրառման փուլ»: Ալ. Արզումանյանի ասելով, այսօր կողմերին առաջարկված փաստաթուղթը որոշակիորեն տարբերվում է նախկինից: Ըստ նրա, նոր տարբերակում արձանագրված է «գրավյալ» համարվող բոլոր 7 տարածքներից զորքերի միաժամանակյա դուրսբերում, իսկ Լաչինի 40 կիլոմետրանոց հատվածը վերահսկողության տակ է լինելու այլոց, բայց ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԼՂ ուժերի կողմից: Նախկինում, ըստ նրա, խոսքն ընդամենը 5 շրջանների մասին էր, իսկ Լաչինի ու Քելբաջարի վերաբերյալ հատուկ մոտեցում կար: Վերջին առաջարկում խոսվում է նաեւ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին ու, Ալ. Արզումանյանի փոխանցմամբ՝ «ինչ-որ հանրաքվեի անցկացման մասին, որը պարզ չէ, թե ինչո՞ւ է անցկացվելու եւ ո՞ր տարածքում»: Լինելով փոխզիջումների կողմնակից՝ պարոն Արզումանյանն, այդուհանդերձ, հայտարարեց, որ «այսօր խոսքը ոչ թե փոխզիջումների, այլ՝ մի կողմից շատ լուրջ զիջումների մասին է»: Ինչ վերաբերում է կողմերի այն հայտարարություններին, թե նրանց դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ չի փոխվել, այսինքն՝ Ադրբեջանը պնդում է տարածքային ամբողջականության պահպանման, իսկ Հայաստանը՝ ԼՂ ինքնորոշման իրավունքի ապահովման սկզբունքը, ապա նախկին նախարարի ասելով՝ «արդեն 15 տարի է՝ ասվում է, որ հարցը պետք է կարգավորվի երկու հիմնարար սկզբունքի՝ տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի հաշտեցման հիման վրա»: Ալ. Արզումանյանը նման հաշտեցումը բացառում է՝ ասելով, թե այդ հարցերի հաշտեցման նախադեպ աշխարհում դեռ չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել