Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐ ՀԶՄ-ԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Հունվար 29,2007 00:00

\"\"Շիրակի մարզում «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀԶՄ) ծրագիրն իսկական կռվախնձոր է դարձել

Օրերս Շիրակի մարզպետարանում մանրամասնորեն ներկայացվեց, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով որ համայնքների ճանապարհներն ու ջրամբարներն են վերանորոգվելու: Չնայած ծրագրում ընդգրկվել են մարզի ոչ բոլոր համայնքները, բայց մարզպետարանի դահլիճը լեփ-լեցուն էր նաեւ ծրագրից դուրս մնացած գյուղերի եւ այլ համայնքների ղեկավարներով, որոնք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու եւ պարզաբանելու, թե ինչո՞ւ հարեւան գյուղի ճանապարհը կամ կամուրջը ծրագրում ընդգրկված է, իսկ իրենցը՝ ոչ: Նրանք այնքան անհամբեր էին, որ նույնիսկ ՀԶՄ ծրագրի ներկայացուցիչների ելույթների պաշտոնական մասի ժամանակ բարձրաձայն դիտողություններ էին անում եւ հորդորում անցնել բուն թեմային: Շիրակի մարզի Ախուրիկի գյուղապետին զայրացրել էր այն, որ իրենց գյուղի միջպետական նշանակության ճանապարհները, որոնք ամբողջությամբ քարուքանդ են, դուրս են մնացել ծրագրից: Սրան ի պատասխան, ծրագրի ներկայացուցիչներն ասացին. «Գյումրի-Սպիտակ մայրուղու միջպետական ճանապարհների մոտ գտնվող ոչ մի համայնք էլ մեր ծրագրում չի ընդգրկվել»: Պատասխանը չբավարարեց գյուղապետին. «Շատ ներողություն, Ախուրիկը գտնվում է Ղարիբջանյան-Գյումրի ճանապարհի վրա, որն էլ ահավոր վիճակում է, ո՞վ է ձեզ էդ սխալ տվյալները տվել»:

Բանդիվանի գյուղապետին էլ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ Բանդիվան-Հովտունի քարուքանդ ավտոճանապարհը ծրագրից դուրս է մնացել: Հառիճի գյուղապետն էլ զարմացած էր, թե ո՞ւմ ցուցումներով, հաշվարկներով, ի՞նչ տվյալներով են միայն 48 գյուղի ճանապարհներ ծրագրում ընդգրկել. «Հենց որ Շիրակի մարզ մի հյուր է գալիս, անմիջապես Հառիճ են բերում, ինչո՞ւ Հառիճի ճանապարհը ցանկում չկա, այս գյուղը ոչ միայն պատմամշակութային կենտրոն է, այլեւ բարձրլեռնային գյուղ»:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը եւս դժգոհ էր ծրագրից: Ըստ նրա, ինքը վերոհիշյալ ծրագրի՝ մարզի հանձնաժողովի նախագահն է, սակայն իր կարծիքը ոչ ոք հաշվի չի առել: Նրա խոսքերով՝ «Կապսում 5 միլիոն դրամով ջրամբար կառուցելը անիմաստ է, մարզպետարանը առաջարկել է երեսունհինգ եւ իննսուն միլիոնանոց ծրագիր, իսկ ընդհանուր առմամբ, եթե ծրագրի ղեկավարությունը մտահոգված է ջուր ստանալու խնդրով եւ դրա համար հինգ միլիոն է ծախսում, մարզը կարող է բավարար քանակությամբ ջուր ստանալ Ախուրյան գետից: Վերջապես մեր առաջարկությունները ձեզ համար որեւէ նշանակություն ունենալո՞ւ են»: Մ. Մանուկյանը նաեւ վրդովված էր, որ Բագրավանում կառուցվող ջրամբարից ավելի շատ Արմավիրն է օգտվելու, սակայն տրամադրվող գումարի պատասխանատվությունը շիրակցիներն են կրելու:

«Դուք ծրագիրը արհեստականորեն մարզային բաժանման եք ենթարկում: Մենք հաշվի ենք առնում տնտեսական հիմնավորվածությունը, այսինքն՝ դրված գումարի դիմաց ինչքան առավել օգուտ ենք ստանալու»,- պարզաբանեց «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի Հայաստանյան ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել