Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածինցիները երթուղուց դժգոհում են

Փետրվար 05,2007 00:00

Մոտ մեկ ամիս է՝ ուղեւորները միկրոավտոբուսներով երթեւեկում են իրար գիրկ նստած

Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող կանգառներում արդեն քանի օր է՝ օրվա անգամ ոչ «պիկ» ժամերին 10-20 ուղեւոր է սպասում: Նրանք ստիպված են կանգառից աղեկտուր ձայներ հանել, խնդրել-աղաչել, որ մի ոտնատեղ անեն՝ երթուղային տաքսի խցկվելու համար:

Երթուղին սպասարկում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը տրանսպորտի եւ կապի նախարարությունում մրցույթը հաղթել է 30 տրանսպորտային միջոցով, որոնց կեսը միկրոավտոբուս է, 6 մեքենա էլ պահեստայինի տակ է ձեւակերպված: Առավոտյան, երբ ուսանողներն ու մայրաքաղաքում աշխատողները շտապում են հասնել Երեւան, կանգառում ոչ մի մեքենա չի լինում: Մոտավորապես 30 րոպեն մեկ է միկրոավտոբուս հայտնվում, սակայն նստելը վիճակախաղի պես բան պիտի լինի՝ լավագույն դեպքում կամ մեկ նստարանին պետք է երկու ուղեւոր տեղավորվեն, կամ էլ իրար գիրկ պետք է նստեն: 13 տեղանոց «Գազելում» տեղավորվում է 18-20 մարդ, դեռ մի բան էլ վարորդներն առանց այդ էլ «ճզմված» ուղեւորներին ստիպում են նոր նստողներին տեղ տալ: Բայց սա միայն այն դեպքում, երբ երթուղայինն անցնում է «անցակետը»՝ դիսպետչերային հատվածը, որի ժամանակ ուղեւորների թիվն արձանագրվում է: Դրանից հետո արդեն թե ինչ է կատարվում՝ տեղյակ են երթուղուց օգտված ուղեւորները:

Քանի որ երթուղին վատ է սպասարկվում, Էջմիածնի ուղեւորները շատ հաճախ ստիպված են լինում օգտվել տաքսիներից: Եթե միկրոավտոբուսով երթեւեկելն արժե 250 դրամ, տաքսու ծառայությունները 4 անգամ թանկ արժեն եւ պատկերացրեք՝ ուսանողի համար ամսական ծախսը որքան մեծ է կազմում՝ ամեն օր դասի գնալու համար:

Միկրոավտոբուսներին այլընտրանք կա՝ թիվ 111 ավտոբուսները, սակայն այս դեպքում էլ մեքենաներն այնպիսի վիճակում են, որ երթեւեկելուց առաջ պետք է խաչակնքել՝ ողջ-առողջ տեղ հասնելու համար: Գրեթե ամեն օր այդ ավտոբուսների հետ մի դեպք պատահում է: Բացի այդ, 20-25 րոպեանոց ճանապարհն ավտոբուսներն անցնում են մոտ մեկ ժամում: Գյուղերում վիճակն ավելի սարսափելի է: Ամբերդ, Դողս, Արագած գյուղերի ուղեւորները սպասարկվում են «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներով, որոնցով Երեւան հասնելու համար մարդիկ մի քանի անգամ ստիպված են կանգնել, մեքենաների անսարքությունը վերացնել, նոր շարժվել: Մեր տեղեկություններով, այդ գիծն էլ պատկանում է Արմավիրի մարզից մեծամասնականով ընտրված ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:

Էջմիածինցիների համար պրոբլեմ է ոչ միայն մայրաքաղաք հասնելը, այլեւ այնտեղից վերադառնալը: Երթուղայինների գալու ժամերին Սարյան փողոցում հավաքված ուղեւորների խումբն այնքան է ստվարանում, որ մարդիկ դուրս են գալիս արդեն փողոց:

«Առավոտի» հետ զրույցում նախարարության տրանսպորտային տեսչությունից տեղեկացրին, որ Էջմիածին-Երեւան երթուղու գրաֆիկի խախտումը պայմանավորված է եղել առատ տեղումներով, որից հետո այն կարգավորվել է: Սակայն նշենք, որ նույն վիճակն է տիրում գրեթե ամեն օր, եւ խոսքն այստեղ ոչ թե տեղումներն են, այլ մեքենաների պակասը: Գծի տերը չի կարողանում այն նորմալ սպասարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728