Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻՏԱՆՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ

Մարտ 12,2007 00:00

\"\"«Առավոտի» «շրջայցը» իշխանության երկու հիմնական կուսակցությունների գրասենյակներ

Կուսակցական գրասենյակների առատությամբ աչքի են ընկնում երկու կուսակցություն՝ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը»: Մայրաքաղաքի բոլոր երեւացող մասերում հենց որ հայտնվում են ՀՀԿ գրասենյակներ, անմիջապես «ծլում» են նաեւ ԲՀԿ-ի գրասենյակները եւ՝ հակառակը: Քանի որ այս երկու կուսակցություններն են հավակնում առավել մեծ ձայներ ստանալ խորհրդարանական ընտրություններում, երեկ որոշեցինք շրջել հատկապես այս կուսակցությունների գրասենյակները եւ տեսնել, թե ինչով են դրանք զբաղված:

Պաշտոնական պարզաբանումներ

ՀՀԿ կենտրոնական գրասենյակից Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ իրենց գրասենյակներում զբաղված են առաջին հերթին վստահված անձանց եւ ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման գործընթացով, տպել են հատուկ ուղեցույցներ. «Մենք բոլոր տեղամասերում ունենալու ենք գրագետ վստահված անձինք եւ փորձելու ենք օրենքի շրջանակներում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել»: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ քաղաքացիներն իրենց դիմում են տարբեր հարցերով, սկսած կենսաթոշակից, նաեւ՝ աշխատանք են խնդրում, կամ՝ ուսման վարձի հետ կապված, իսկ ավելի շատ՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու ակնկալիքով: ՀՀԿ-ն ունի 61 տարածքային կազմակերպություն, 10՝ մարզային, 950՝ սկզբնական: Միայն Երեւանում ՀՀԿ-ն ունի 200 գրասենյակ, ամբողջ երկրում՝ 700-ից ավելի: Ըստ մեր զրուցակիցների, այսքան մեծ թվով գրասենյակների ծնունդը ընտրություններով պայմանավորված չէ, թեպետ չհերքեցին, որ ընտրությունների շեմին իրենց կուսակցական գրասենյակների թիվը կրկնապատկվել է: Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ գրասենյակների աշխատակիցները աշխատավարձ են ստանում եւ դրանից հարկեր են վճարում: Գրասենյակի կազմակերպիչը ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ, իսկ օպերատորը՝ 50 հազար: Ռուբեն Թադեւոսյանի ասելով, կուսակցությունը գործում է հարկային դաշտում, եւ եթե մի չնչին թիվ չպակասեր, ՀՀԿ-ն կմտներ 300 խոշոր հարկատուների ցուցակի մեջ:

ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Բաղդասար Մհերյանը մեզ տեղեկացրեց, որ կուսակցությունը ամբողջ հանրապետության տարածքում ունի 526 գրասենյակ, միայն Երեւանում՝ 298: Գրասենյակների աշխատակիցները, ի տարբերություն ՀՀԿ գրասենյակների, աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն` աշխատավարձ չեն ստանում: «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակներ եւս դիմում են հիմնականում սոցիալական հարցերով, սակայն, Բաղդասար Մհերյանի ասելով, կուսակցության գրասենյակներն այդ կարգի հարցերը փոխանցում են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին:

Ի՞նչ տեսանք

ՀՀԿ եւ ԲՀԿ գրասենյակները բաց էին նաեւ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 15-ից հետո, այցելուներ չկային, իսկ ներսում գտնվող աշխատակիցները հիմնականում զբաղված էին սուրճ խմելով կամ թղթախաղով: Երեկ ժամը 16.16-ին փակ էր Կոմիտասի 9 հասցեում գտնվող ԲՀԿ գրասենյակը: Հրաչյա Քոչարի փողոցի մի հատվածում հսկա պաստառ կար, որից կարելի էր ենթադրել, որ այն ՀՀԿ գրասենյակ է: Սակայն պարզվեց՝ ընդամենը դատարկ պատ էր, որի վրա իշխող կուսակցությունը փակցրել էր իր անունը: Ետեւում մանկական խաղահրապարակ էր:

ՀՀԿ Դավիթաշենի կենտրոնական գրասենյակում աշխատակիցներն ասացին, որ բազմաթիվ այցելուներ են ունենում, նրանք դիմում են տարբեր հարցերով, սակայն հրաժարվեցին ավելի մանրամասն պատմել գրասենյակի աշխատանքի մասին: Պատճառաբանեցին, որ ղեկավարը տեղում չէ: Ղեկավարը՝ Արթուր Գեւորգյանը, Ռուբեն Գեւորգյանի եղբոր որդին է: Ի դեպ, Դավիթաշենի կամրջի հարեւանությամբ գտնվող կառույցը, որտեղ հիմա տեղավորվել է ՀՀԿ-ի գրասենյակը, մոտ 2 ամիս առաջ զբաղեցնում էր ՕԵԿ-ը: Ըստ մեր տեղեկությունների, տարածքի տերերը վարձավճարը ՕԵԿ-ի համար թանկացրել են, ստիպված վերջինս հրաժարվել է, հետո ազատված տարածքը վերցրել է ՀՀԿ-ն:

Ճիշտ այս գրասենյակի դեմ-դիմաց, Ռուբեն Գեւորգյանի առանձնատան պարսպի մեջ կառուցված շինության մի մասը տրամադրված է «Բարգավաճ Հայաստանին», սակայն 16-ն անց 27-ին այս գրասենյակի սեւ դուռը փակ էր եւ տարածքում էլ ոչ ոք չկար: Մի քիչ ավելի վերեւ, բառացիորեն հիսուն քայլ հեռավորության վրա՝ «Սուփրա» խանութին չհասած, ԲՀԿ-ի մեկ այլ գրասենյակ կար: Դուռը բաց էր: Ներսում 6-7 հոգանոց մի խումբ «բլոտ» էր խաղում, մի քանիսն էլ կողքի սեղանի մոտ էին նստած: Ներկայացա, ասացի, որ ուզում եմ խոսել գրասենյակի ղեկավարի հետ: Մեկը հայտարարեց, որ ղեկավարն ինքն է, բայց ոչ մի կերպ չուզեց անուն-ազգանունն ասել: Խնդրեցի գոնե ներկայացնել գրասենյակի կատարած աշխատանքները, ասել, թե ամեն օր ինչով են զբաղված, այդ մարդը հրաժարվեց նաեւ հարցերին պատասխանել: Օգնության եկավ մեկ ուրիշը, ով ներկայացավ որպես Ասատրյան Մնացական: Ասածն էլ սա էր. «Բոլոր հարցերով դիմում են, ուզում են ներգրավվել կուսակցություն»: Հետաքրքրվեցի՝ ո՞վ է կուսակցականների համար Գեւորգյան Ռուբենը: Այդ հարցը երեւի չպիտի տայի, որովհետեւ ներկաներից մեկը չափազանց զայրացավ, ասաց, որ Գեւորգյանը ինքն իր համար գրասենյակներ է բացում, մյուսները նրան սաստեցին. «Ոչ մի բան էլ մի ասա, կեթա կգրի», եւ բլոտ խաղացողներից մեկը տեղից վեր կացավ ու դիմեց ինձ. «Ուրեմն, ըսենց, էդ բաները որ գրեցիր, չտպես»: Չասաց, թե ինքն ով է (միայն ներկայացավ որպես իրավաբան) եւ ի՞նչ իրավունքով է ինձ հետ այդ տոնով խոսում: Հետո էլ «տղերքը» իրար անցան եւ խնդրեցին դուրս գալ գրասենյակից: Ավելի ուշ՝ արդեն գիշերը, ինչ-որ մարդիկ զանգահարեցին ինձ եւ «ախպերական» խնդրեցին, որ ես այս նյութը չգրեմ:

Մեր մոտավոր հաշվարկներով, միայն Դավիթաշենում մեկ տասնյակից ավելի ԲՀԿ գրասենյակներ կան: Դրանցից մեկն էլ այս կռվարար գրասենյակից կես կանգառի հեռավորության վրա էր: Այստեղ դաստիարակված երիտասարդ տղաներ էին նստած: Նրանք ասացին, որ իրենց ղեկավարը Ռուբեն Գեւորգյանն է, իսկ «շտաբի պետը՝ Արտակ Գեւորգյանը», վերջինս Ծաղիկ Ռուբոյի հետ ազգակցական կապ չունի: Ավելի ուշ մենք պարզեցինք, որ Դավիթաշենի կառույցի ղեկավարը ոչ թե Ծաղիկ Ռուբոն է, այլ՝ Ալբերտ Ղազարյանը։

Գյուլբեկյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղադրված ժամանակակից տյունինգ արած «բուդկայի» մեջ եւս գործում էր ԲՀԿ-ի գրասենյակ: Այստեղ մարդիկ համեմատաբար բարեկիրթ էին: Երբ խնդրեցի ներկայանալ, մեկն ինձ հարցրեց. «Քուր ջան, կլիչկես ասե՞մ»: Իսկ մյուսը կեսկատակով շտկեց. «Պարոն Հովհաննիսյան, կլիչկեդ մի ասա»: Իրենց քաղաքական հայացքները ձեւակերպում էին այսպես. «Բարգավաճը» փող չի բաժանում», կամ` «Մենք ԲՀԿ-ին ենք անդամակցում Գագիկ Ծառուկյանի համար, մարդիկ ոչ թե կուսակցությանն են ձայն տալիս, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանին»: Նրանք նաեւ գիտեին, թե ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճը»՝ «Ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանություն, «Բարգավաճը» ուրիշ տարբերակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել